Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ ոսկերիչներին սեփական գործը հիմնելու առաջարկ արվեց

Փետրվար 11,2013 18:59

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի ոսկերչական գործարանում հանդիպում ունեցավ Հայաստանում գտնվող սիրիահայ ոսկերիչների հետ:

Ողջունելով ներկաներին, նախարարը ուրախությամբ նշեց,  որ նրանք ցանկություն են հայտնում Հայաստանում իրենց գործը հիմնելու, միևնույն  ժամանակ չթաքցրեց իր մտահոգությունը հմուտ և իրենց գործում հաջողակ ոսկերիչների ժամանակավոր անգործության կապակցությամբ: Հ. Հակոբյանը հորդորեց Հայաստանում գտնվող սիրիահայերին, որ նրանք օր առաջ հիմնեն իրենց գործն ու կոչ արեց առանց մտավախությունների ձեռնարկել առաջին գործնական քայլերը. «Պետությունը կանգնած է յուրաքանչյուրիդ կողքին՝ բիզնես հիմնելու առաջին քայլից: Մենք պատրաստակամ ենք անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովել, աջակցել կազմակերպությանը՝ գրանցումից՝ մինչև կայանալն ու շահույթ ստանալը»:

Նախարար Հ. Հակոբյանը հաջողակ բիզնես ունենալու հարցում կարևորեց վստահելի գործընկերոջ ընտրության, պետության կողմից հստակ ու հավաստի խորհրդատվություն ստանալու գործոնը:

Հանդիպմանը ներկա էր Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը, ով տեղեկացրեց, որ գործարանում ներկայումս աշխատում է հինգ սիրիահայ: Է. Գրիգորյանը սիրիահայ գործարարներին երկու առաջարկ արեց. ընդունվել աշխատանքի՝ որպես ոսկերիչ, կամ էլ առաջիկա 6 ամիսների ընթացքում  անվճար աշխատանքային տարածք վերցնել: Այս պարագայում նրանք հնարավորություն կունենան օգտվել նաև գործարանի աշխատանքային գործիքներից, տարատեսակ արտադրամասերից: Գործարանի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց նաև աջակցել օրենսդրական և շուկայագիտական ոլորտների խորհրդատվությամբ: Համագործակցության պարագայում՝ գործարանի կողմից կտրամադրվեն նաև արտաքին շուկաների հնարավորություններն ու կապերը:

Հանդիպման մասնակիցները հետաքրքրվեցին արտահանման հնարավորություններով, հարցեր բարձրացվեցին մաքսային ու հարկային օրենսդրության որոշ դրույթների վերաբերյալ: Նշվեց, որ Հայաստանի՝ տվյալ ոլորտը կարգավորվող օրենսդրությունը լավագույններից է աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս ոսկերչության բնագավառում շահավետ գործունեություն ծավալել:

Այսպիսով շատ մասնագետները տեղում նախանշեցին իրենց առաջիկա անելիքները՝ ընդունելով առաջարկվող տարբերակներից որևէ մեկը:

Այնուհետև սիրիահայ ոսկերիչները շրջեցին գործարանում՝  տեղում ծանոթանալով իրենց ապագա գործընկեր կազմակերպության գործունեությանը, պարզաբանելով մի շարք հուզող հարցեր:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Ի դեպ, «Առավոտը» անդրադարձել էր սիրիահայ ոսկերիչների առաջ քաշած խնդիրներին, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728