Նախորդ կյանք գոյություն ունի՞, թե` ոչ, և ովքե՞ր կամ ինչե՞ր են եղել մարդիկ նախքան այս կերպարով ու տեսքով ծնվելը. գիտնականներն այս մասին շատ ուսումնասիրություններ են արել, ոմանք հավատում են դրան, ոմանք՝ ոչ:
«Ես հավատում եմ, որ գոյություն ունի նախորդ կյանք, – ասում է 23-ամյա Ելենան, – ավելին, այդ մասին գրքեր էլ եմ կարդացել, ու գիտեմ նաև, որ ես նախորդ կյանքում մի հարուստ թագավորի ծառայող եմ եղել»:
«Դատելով աչքերիցս, նախորդ կյանքում երևի կատու եմ եղել», – կարծում է 22-ամյա Անին:
19-ամյա Արենն էլ փնտրտուքների մեջ է. «Նախորդ կյանքում ծովահեն եմ եղել ու շատ գանձեր եմ ունեցել թաքցրած, բայց ոնց ուզում եմ` հիշեմ, թե որտեղ եմ թաքցրել դրանք, չեմ կարողանում» 🙂
«Ես կարդացել եմ, որ նախորդ կյանքում տղամարդ եմ եղել. աշխարհում երրորդ միլիարդատերն եմ եղել, – ասում է 20-ամյա Արմինեն, – բայց անկեղծ ասած, այնքան էլ չեմ հավատում նման բաների»:
«Մի անգամ ընկերուհիներիս հետ կարդում էինք, թե ով ինչ է եղել նախորդ կյանքում, պարզվեց ես օձ եմ եղել, – ասում է 20-ամյա Ինեսան, – իհարկե, այդ ժամանակ ծիծաղեցինք, անցավ գնաց, բայց հիմա զգում եմ, որ հնարավոր է նման բան, մանավանդ, որ օձի տարին շատ բարեհաջող սկսեցի, ինչն էլ միգուցե դրա հետևանքն է նաև»:
Կարծիքները շատ էին նաև այն մասին, որ նախորդ կյանք գոյություն չունի: Սակայն 45 տարվա փորձ ունեցող ամերիկացի գիտնական Մայքլ Նյուտոնն, օրինակ, ոչ միայն չի բացառում նախորդ կյանքի գոյությունը, այլև դա կապում է ներկա կյանքում տեղի ունեցող անձնական փոփոխությունների հետ: Նա պնդում է, որ յուրաքանչյուր նոր ծնունդից առաջ, հոգևոր աշխարհում մենք հանդիպում ենք մեզ հարազատ հոգիների հետ, ինչպես նաև նրանց, որքեր հետագայում կունենան մեծ ազդեցություն մեր կյանքի վրա: Հենց նախորդ կյանքում տեղի ունեցած հանդիպումների հիշողությունն է մարդկանց միմյանց ձգում: Իսկ որպես այդ հիշողության լծակներ կարող են հանդես գալ տարբեր հուշող նշաններ, առաջին հայացքից աննկատելի մանրուքներ, օրինակ` օծանելիքը, որոշակի զարդը կամ հագուստը, խոսելու հատուկ ոճը.. Մայքլ Նյուտոնը, սակայն, նշել է նաև, որ պատահում է ինչ-ինչ պատճառներով մենք չենք արձագանքում կարևոր հանդիպմանը կամ ազդակին, չենք կռահում գաղտնի նշանները: Այդ ժամանակ ճակատագիրն, ըստ գիտնականի, մեզ «պատահաբար» նորից իրար է բախում:
Տիգրանուհի Թասլակյան