Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության շրջանակում ս.թ.փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՀ-ի պատվիրակությանը՝ համալսարանի նախագահ Բրյուս Բողոսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը:
Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը և Ա.Միրզախանյանը մանրամասներ են ներկայացրել ՀՀ կառավարության՝ ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի փորձնական իրականացման արդյունքների վերաբերյալ, նշել, որ այն գնահատվել է արդյունավետ և կունենա շարունակություն: Քննարկումների արդյունքում մատնանշվել են հիշյալ ծրագրում ներգրավվելու դեպքում Հայաստանի ամերիկյան համալսարանի հնարավոր մասնակցության ձևերը:
Մինչ զորացրվելը բուհեր ընդունվելու նպատակով հենց զորամասերում զինծառայողներին նախապատրաստական կրթական ծրագրերում ներառելու ՀՀ կառավարության նախաձեռնության հանդեպ համալսարանի ղեկավարությունը հետաքրքրություն էր հայտնել ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի՝ բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ վերջերս կայացած հանդիպմանը:
ՀՀ պաշտպանության նախարարություն