Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատապարտյալը հրաժարվեց պատասխանել դատավարության կողմերի հարցերին

Փետրվար 11,2013 17:21

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, նույն համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի գործով այսօր հարցաքննվեց դատապարտյալ Լուսինե Ղևոնդյանը: Նա դատապարտվել է սպանության մայր գործով սպանությանը օժանդակելու մեղադրանքով:

Ամբաստանյալի հարցաքննության կարգով հարցաքննված դատապարտյալը պնդեց իր դատաքննական ցուցմունքները, հայտարարեց, որ ավելացնելու ոչինչ չունի և հրաժարվեց պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին:

Դատաքննական ցուցմունքներում Լ.Ղևոնդյանն իրեն մեղավոր չէր ճանաչել առաջադրված մեղադրանքում, հրաժարվել իր նախաքննական ցուցմունքներից՝ հայտարարելով, որ դրանք գրել է քննիչի թելադրանքով: Նա հայտարարել էր, որ Սեդրակ Զատիկյանի սպանության օրը՝ 2006թ. հունիսի 22-ին, տուժողի տան մոտ չի գտնվել, չգիտե ինչ տեսք ունի նրա մեքենան: Ըստ նրա, Մալաթիայի տարածք գնացել է «ապառիկով կահույք» գնելու նպատակով:

Իսկ որպես մեղադրյալ նախաքննական ցուցմունքներում դատապարտյալն իրեն մասնակիորեն մեղավոր էր ճանաչել, հայտարարելով՝ տեղյակ չի եղել, որ իր գործողությունների հետևանքով սպանություն է կատարվելու: Նա հայտնել էր, որ իր փաստացի ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանն ու նրա ընկեր Արսենը (սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանը) Մալաթիա գնում էին՝ «մարդ տեսնելու», բայց թե ում և ինչի համար, ինքը չգիտե: Սպանության օրը գնացել են Մալաթիա, ինքն Արսենին տեղեկացրել է, որ «Ջիփը շարժվեց, մենակ գալիս է», հետագայում իմացել է, որ այդ մարդը Զատիկյանն էր: «Եթե իմանայի, որ պետք է սպանի, չէի անի իր ասածները», – նախաքննական ցուցմունքում հայտարարել էր Լ.Ղևոնդյանը:

Սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ որպես մեղադրյալ Լ.Ղևոնդյանի հարցաքննությունը կատարվել է Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների խախտմամբ՝ այն տևել է հարցաքննության համար թույլատրելի 4 ժամից ավելի՝ 6 ժամ և առանց սնունդ ընդունելու ու հանգստի համար նախատեսված մեկ-ժամյա ընդմիջման:

Փետրվարի 15-ի դատական նիստում կհարցաքննվի սպանության մայր գործով դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանը:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728