Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չխոսենք մենաշնորհների մասին, կարող ենք խաչ քաշել մեր ապագայի վրա». Տնտեսագետ (Տեսանյութ)

Փետրվար 11,2013 17:16

«Մրցակցության խնդիրը Հայաստանում այնքան է արծարծվել, որ հոգնեցրել է բոլորին: Պատճառն այն է, որ մեր երկրում ներկայում մրցակցությունը բոլոր հարթություներում է վերացած կամ գտնվում է այդպիսի սպառնալիքի տակ: Ապրանքների ներմուծման մեջ մրցակցությունը պարզապես արմատախիլ է արված: Շարքային քաղաքացին իր երկրում ներմուծման իրավունքից գործնականում զրկված է»,- սա մի հատված է «Մենաշնորհները Հայաստանում» վերնագիրը կրող ուսումնասիրությունից:

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցած «Մենաշնորհները Հայաստանում» խորագիրը կրող գիտաժողովին ներկա էին ուսումնասիրության հեղինակները, ինչպես նաեւ ՀՅԴ խմբակցության մի քանի անդամներ:

Մենաշնորհների դեմ պայքարի միջազգային փորձը ներկայացնող ուսումնասիրությունը նաեւ վերլուծում է ՀՀ շուկաների վիճակը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաեւ առաջարկում է հակամենաշնորհային կարգավորման որոշակի պատկերացումներ:

Ուսումնասիրության հեղինակներից Արա Նռանյանի խոսքով` ներկայումս հանրապետությունում այնպիսի տնտեսական իրավիճակ է ստեղծվել, երբ այլեւս շատ չի խոսվում մենաշնորհների մասին, իսկ քաղաքացիները, կարծես, հարմարվել են տնտեսության մեջ գերակա դիրք զբաղեցնող «օլիգոպոլիստական» կառուցվածքին:

«Փոքր տնտեսություն ունեցող պետությունների համար մենաշնորհները առավել սուր եւ ցայտուն են դարձել: Այդպիսի երկրներում մենաշնորհ, անշուշտ, պետք է լինի, բայց իշխանությունը, Ազգային ժողովը պետք է ամեն ինչ անեն, որ մենաշնորհները չդառնան երկրի տնտեսության զարգացման խոչընդոտ»,-ասաց գիտաժողովին ներկա ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը:

ՀՅԴ բյուրոյի անդամի կարծիքով` շատ զարգացած երկրներում էլ կան մենաշնորհներ, բայց տվյալ երկրները այնպիսի քաղաքականություն են վարում, որի շնորհիվ տնտեսության զարգացմանը որեւէ վնաս չի հասցվում:

«Տնտեսական անվտանգության աջակցության նախաձեռնություն»

հիմնադրամի նախագահ, տնտեսագետ Արսեն Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկրի գրեթե ողջ կապիտալը

կենտրոնացել է առանձին մարդկանց ձեռքերում, ինչն էլ հանգեցրել է մենաշնորհների զարգացմանը:

Ըստ բանախոսի` մենաշնորհները հանգեցնում են ապրանքների եւ ծառայությունների գների բարձրացման, ինչպես նաեւ արմատախիլ են անում փոքր ու միջին բիզնեսը, իսկ մենաշնորհային դիրք զբաղեցնող կազմակերպությունները զրկվում են զարգանալու եւ արտասահմանյան շուկայում հանդես գալու հնարավորությունից:

Ըստ հեղինակների` ուսումնասիրությունը կարող է հատկապես արժեքավոր լինել ուսանողների, երիտասարդ տնտեսագետների եւ մնացած բոլոր հետաքրքրվողների համար:

Հիշեցնենք, որ ուսումնասիրությունը կատարվել է «Հրայր Մարուխյան» եւ գերմանական « Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամների աջակցությամբ:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728