Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետյանի գլխի վնասվածքները՝ մահվան պատճառ

Փետրվար 11,2013 17:07

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի փորձագետ Գեւորգ Գաֆարյանը: Նա հրավիրվել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքների պատճառով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով:

Մինչ փորձագետին լսելը, հետազոտվեց դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, 8 թերթի վրա պատկերված նկարները: Ապա պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն նաեւ տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները: Մեղադրող Արթուր Դավթյանն առարկեց այս միջնորդության դեմ, շեշտելով, որ այդ եզրակացությունները տրվել են տարբեր փորձագետների կողմից, ուստի դատարան հրավիրված փորձագետը իրավասու չէ հետագայում պատասխանել հարցերին:

Փորձագետ Գեւորգ Գաֆարյանը հայտնեց, որ Վահե Ավետյանի մահը վրա է հասել փակ գանգուղեղային վնասվածքներից, գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիայի խանգարումից: Այնուհետեւ պատասխանելով մեղադրողի հարցերին, նա նկարագրեց Վահե Ավետյանի մարմնին առկա վնասվածքները, մասնավորապես՝ վերջույթների շրջանում, ստորին ծնոտին: Նույնիսկ առկա էին արյունազեղումներ, որոնց առաջացման պատճառը չբացառվեց, որ եղած լինի վիրահատական միջամտությունը: Մասնավորապես փորձագետը վիրահատող բժշկից մեջբերում արեց: Ըստ այդ մեջբերման՝ «այդ հատվածում փակ հյուսվածքների սալջարդ առկա չէր»: Բժիշկը նկատի էր ունեցել մինչ վիրահատությունն ընկած ժամանակը:

Մեղադրողին հետաքրքրում էր նաեւ՝ արդյոք կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ունեցե՞լ է Վ. Ավետյանը, երբ տեղափոխվել է հիվանդանոց, կարո՞ղ էր բժիշկն ասել՝ վերջ, կարելի՞ էր փրկել Ավետյանին: Փորձագետն այս կապակցությամբ հայտնեց, որ Վահե Ավետյանի գլխի վնասվածքները կապ են ունեցել նրա մահվան հետ, իսկ բժիշկը ցանկացած դեպքում պարտավոր է օգնել տուժողին, քանի դեռ մահը վրա չի հասել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728