Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսանող դեսպանների» ծրագիրը լայն արձագանք է գտել

Փետրվար 11,2013 16:50

ԱՄՆ-ում ուսումը շարունակել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է

Նախորդ տարվա դեկտեմբերի 10-ից  «Ուսանող դեսպանների» ծրագրի շրջանակներում Վանաձորում մեկնարկած ԱՄՆ բարձրագույն կրթության հնարավորությունների մասին դասախոսություններին իրենց մասնակցությունն են բերել ոչ միայն ուսանողներ, այլեւ աշակերտներ, ուսուցիչներ, դասախոսներ:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացնում է դասընթացավար, Լոռու մարզի ուսանող-դեսպան Շուշաննա Աբովյանը, այս պահին նախատեսված 10 դասախոսություններից արդեն իրականացվել են 6 -ը:

«Դասախոսությունները վերաբերել են հետեւյալ թեմաներին՝ ինչպես ընտրել ԱՄՆ բուհեր, ինչ չափորոշիչներ հաշվի առնել, ինչին ուշադրություն դարձնել, ինչպես կապ հաստատել դասախոսական անձնակազմի հետ, ինչպես լրացնել համապատասխան դիմում հայտեր՝ ուշադրություն դարձնելով վերջինիս յուրահատկությունների վրա, ինչպես գրել մոտիվացիոն նամակներ, էսսե-շարադրություններ, ինչպես նաեւ քննարկվել են TOEFL ստանդարտացված թեստի բաղադրիչ մասերը: Արդյունքում մասնակիցները փորձել են գտնել մինչ այս դասախոսությունների մեկնարկը իրենց հուզող հարցերի պատասխանները»,-նշում է Շուշաննա Աբովյանը:

Նա ասում է, որ դասախոսություններին մասնակցության հայտ ներկայացրածների թիվը 45-ն է, սակայն, դա էլ փոփոխական է:

«Դասախոսությունից կախված մասնակիցների թիվը կարող է տատանվել: Ծրագրին մասնակցում են ինչպես աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, այնպես էլ դասախոսներ»:

Դասախոսություններին պարտադիր հյուրընկալվում են հյուր-խոսնակներ, ովքեր ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող որեւէ ծրագրի շրջանավարտ են եւ իրենց փորձն են կիսում մասնակիցների հետ՝պատասխանելով նրանց բոլոր հուզող հարցերին:

«Հաջորդ դասախոսության ժամանակ խոսելու ենք երաշխավորագրերի մասին, այսինքն`ում դիմել երաշխավորագիր-նամակ ստանալու համար, ինչպես անել, որ երաշխավորողը ճիշտ ներկայացնի մասնակցին եւ այլն:
Այս անգամ եւս ունենալու ենք հյուր խոսնակ»,-մեզ հետ զրույցում տեղեկացնում է Լոռու մարզի ուսանող-դեսպանը:

Նրա փոխանցմամբ` հաջորդ դասախոսությունը տեղի կունենա փետրվարի 12-ին, ժամը 15:30-ին, Վանաձորի ամերիկյան անկյունում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728