Մինչ ընթանում է Պ. Հայրիկյանի դեմ մահափորձի գործով նախաքննությունը, տարբեր խոսակցություններ են պտտվում այդ գործով ձերբակալված անձանց շուրջ: Օրինակ՝ պարզվեց, որ Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող երկու անձանց՝ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին ճանաչում է էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը: Նա հաստատել է, որ Ս. Հարությունյանն իր հարևանն է, և այդ երկուսը միասին աշխատել են իր ամառանոցում: Նաև տեղեկություններ տարածվեցին, որ Ս. Հարությունյանը, «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանի` Շերիֆի, մորաքրոջ որդին է:
Արդյոք այս ամենում կա քաղաքական ենթատեքստ՝ Aravot.am-ը փորձեց պարզել քաղաքական տեխնոլոգների ու քաղաքագետների հետ զրույցում:
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այս ամենին լուրջ չի վերաբերվում, քանի որ պաշտոնապես այդպիսի տեղեկություններ չեն հրապարակվել: Նա չցանկացավ «մտավարժանքներ անելով» զբաղվել և փոխանցեց հետևյալը. «Պաշտոնապես ոչ ոք այդպիսի կապ չի տեսել: Իսկ եթե պաշտոնապես չի ասվել, ի՞նչ է նշանակում կապում են: Այդ սկանդալը լրագրողներն են սարքել: Նախ՝ էպոսագետի մոտ որևէ քաղաքական ենթատեքստ տեսնելն արդեն սխալ է: Կարեն Բաբայանն էլ հայտարարեց, որ քսան տարի առաջ է տեսել այդ մարդուն: Նա եղել է ոստիկան, նա քաղաքական գործիչ չէ, որ քաղաքականացնեն, ու ոչ էլ բարձրաստիճան ոստիկան է եղել: Այսօր էլ ռեալ ոստիկանության համակարգում չէ: Այստեղ որևէ քաղաքական բան տեսնելը ճիշտ չէ: Մահափորձը, որ քաղաքական է, չեմ կասկածում, բայց այն, որ կասկածյալներին կապում են էպոսագետի կամ Շերիֆի հետ, այստեղ քաղաքական բան կարծում եմ տեսնելը այսօր սխալ է: Ընթանում է նախաքննությունը, որից հետո ինչ-որ բաներ պարզ կլինեն: Բայց հիմա մտավարժանքներ անենք, որ ի՞նչ: Էն որ ասում է՝ եկել ես մտավարժանքներ անես, որ ի՞նչ…»:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ Պ. Հայրիկյանի դեմ մահափորձի գործով կասկածյալների հետ կապվածը ծիծաղելի է համարում ու զարմանում, թե, օրինակ, էպոսագետն ինչու պետք է շահագրգռված լիենր Հայրիկյանի դեմ մահափորձով: Քաղաքագետը չի հավատում այս ամենին ու նշում. «Երկրում, որտեղ երկրի նախագահը ինչքան ուզում է կարող է խփել ընտրությունների արդյունքներին, նախաքննական ցուցմունքը ինչպես ուզենա կարող է խփել, ինչպես ուզենա տնտեսական ցուցանիշները կարող է խփել, երկրում, որտեղ իշխանությունն իր կնիքը դնում է բոլոր ոլորտների վրա, դրա համար էլ մարդիկ չեն հավատում ոչ իրավապահ մարմիններին, ոչ դատաիրավապահ համակարգին: Ինչո՞ւ մարդիկ պիտի հավատան մի համակարգի, որտեղ ամեն ինչ կախված է մեկ մարդու կամքից ու որոշումից»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ