Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էթիկայի հանձնաժողովը մերժեց Արմեն Ռուստամյանի դիմումը

Փետրվար 11,2013 16:39

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում մերժեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը, որով պատգամավորն առաջարկել էր քննարկել նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու հարցը:

Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, հիշյալ դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել որոշման երկու նախագիծ:

Դրանցից մեկը հանձնաժողովի նախորդ կազմում այս հարցի զեկուցող` «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի պատրաստած նախագիծն էր, որը ներկայացրեց հանձնաժողովում վերջինիս փոխարինած` նույն խմբակցության անդամ Թևան Պողոսյանը: Ըստ այդմ, առաջարկվում էր ընդունել, որ 83 պատգամավորներից հատկապես նիստը միտումնավոր տապալած և այդ նպատակով չգրանցված ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների բոլոր անդամները խախտել են էթիկայի կանոնները:

Այս նախագիծը ստացավ երեքական «կողմ» և «դեմ» ձայներ: Որոշմանը կողմ էին ընդդիմադիր երեք խմբակցությունների անդամները` «Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանը, «Հայ ազգային կոնգրես»-ից Լյուդմիլա Սարգսյանը և ՀՅԴ-ից Վահան Հովհաննեսյանը, դեմ էին` հանրապետականներ Դավիթ Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը, ինչպես նաև նրանց միացած «Բարգավաճ Հայաստան»-ից Վահան Բաբայանը: «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը նիստից բացակայում էր:

Հարցի վերաբերյալ երկրորդ նախագիծը ներկայացրել էր Դավիթ Հարությունյանը` առաջարկելով կարճել հարցի քննությունը: Այս դեպքում ևս նախագծին կողմ և դեմ ձայները հավասար էին` նախորդ նախագծին կողմ քվեարկածները դեմ էին և հակառակը:

Արդյունքում, ըստ Դ.Հարությունյանի, պատգամավորի դիմումը համարվեց մերժված:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 48 պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստում նախատեսվում էր քննարկել ՀՀ ընտրական և քրեական օրենսգրքերում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հեղինակած օրենքների նախագծերի փաթեթը: Սակայն նիստը չկայացավ, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված երեք ժամում քվորումն այդպես էլ չապահովվեց. գրանցվել էր ընդամենը 46 պատգամավոր, մինչդեռ նիստի աշխատանքը սկսվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի գրանցվեր առնվազն 66 պատգամավոր:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728