Նախարարի խոսքով` երիտասարդ գիտնականին անհրաժեշտ է նաեւ սոցիալական փաթեթ
Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2012» մրցույթի արդյունքների հայտարարման ու մրցույթի հաղթողներին դրամաշնորհի վկայագրերի հանձնման արարողությունը: Ասպիրանտներին վկայագրեր հանձնեցին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանի տեղեկացմամբ` հիմնադրամները ֆինանսավորել են ասպիրանտների կողմից առաջարկված համապատասխանաբար 3 եւ 2, իսկ կոմիտեն` 20 ծրագիր. «Նախապես հայտարարված է եղել 20 թեմայի ֆինանսավորում, սակայն մենք 5-ով ավելացրեցինք դրամաշնորհների թիվը` հաշվի առնելով «2013թ-ի ՀՀ պետական բյուջերի մասին» օրենքում գիտության մասով ֆինանսական ծավալների աճը: Ուրախալի է, որ այս անգամ մրցույթին մասնակցում է 9 հիմնարկ` առաջին մրցույթի 4-5 հիմնարկի փոխարեն: Սլավոնական համալսարանը շահել է 3, ԵՊՀ-ն` 6, ԳԱԱ-ն` 9, Ճարտարագիտական համալսարանը` 2, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, Գեղարվեստի պետական ակադեմիան, Տնտեսագիտական համալսարանը, Մանկավարժական համալսարանը եւ Կոնսերվատորիան` 1-ական դրամաշնորհ»:
Հարությունյանը հավելեց, որ ընդհանուր առմամբ` կառավարության կողմից երիտասարդական ծրագրերի իրականացման համար ծախսվում է շուրջ 300 մլն դրամ:
Կարդացեք նաև
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արձանագրեց, որ պետական աջակցությամբ ֆինանսավորվող ծրագրերի եւ գործընկերների թվի ավելացման առումով առկա է առաջընթաց:
Նախարարի խոսքով. «Կարող ենք քննել, թեեւ 25 ծրագրի ֆինանսավորումը չափազանց քիչ է, սակայն պետության կողմից ավելանում է գիտական ներուժի զարգացման գործում ունեցած ներդրումը, եւ տարեցտարի հայ երիտասարդ գիտնականների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ»:
Պարոն Աշոտյանը հայտնեց, որ ԿԳ նախարարության կողմից մշակվել է երիտասարդ գիտնականների ներուժի հզորացման ծրագիր, որը մինչ մարտի 1-ը կներկայացվի կառավարությանը, եւ իրավական նոր երաշխիքներ կստեղծվեն` երիտասարդ գիտնականների աջակցության համար. «Սակայն երիտասարդ գիտնականը կարիք ունի նաեւ սոցիալական ծառայությունների համապատասխան փաթեթի, որ թեեւ դեռ չենք առաջարկել, բայց մեր լավատեսությունը հիմնավորված է ոչ միայն պետության ռազմավարական շահերից բխող երիտասարդ գիտնականների առաջընթացի հրամայականով, այլեւ իրատեսական մոտեցումներ ունենալու հանգամանքով»:
Սամվել Հարությունյանը նաեւ ասաց, որ արդեն հայտարարվել է երիտասարդ հետազոտողների թիմային ծրագրերի մրցույթ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Միթե դժվար է հասկանալ, որ կոսմետիկ փոփոխություններով հարցը չի կարող լուծվել: Այստեղ հիմնարար փոփոխություններ են հարկավոր: Առաջնահերթ քայլ կարող է լինել մասնավոր ֆինանսավորման խթանումը հարկերի հաշվին: Անհասկանալի է, թե Աշոտյանը ինչ նպաստավոր պայմաններ ինկատի ունի, եթէ գիտությամբ զբաղվելու ամենատարրական պայմաններն անգամ Հայաստանում բացակայում են: