«Ժողովրդավարության բարիքները երբեք չեն կարող օգտագործվել կրիմինալ կամ հակամարդկային ուժերի կողմից, որ նման ուժերը գան իշխանության: Սահմանադրությունը խախտող քաղաքական ուժը չի կարող մասնակցել ընտրություններին»,- այսօր ԳԱԱ դիմաց ասուլիսի ժամանակ ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Նա ասաց, որ ՀՀԿ թեկնածուի գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած իր դիմումը ԵԱՀԿ անդամ պետություններում ժողովրդավարական ընտրությունների անցկացման վերաբերյալ գոյություն ունեցող պարտավորությունները փաստաթղթի հիման վրա էր կազմված. «Սահմանադրությունը խախտող կուսակցությունները կամ թեկնածուները չեն կարող մասնակցել ընտրություններին: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելությունը շրջանցում է այս կարեւոր փաստը եւ առանց ուշադրություն դարձնելու անորոշություն կարող է ստեղծել միջազգային հանրության մոտ, որոնք նման զեկույցից փորձում են Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին պատկերացում ստանալ»:
Իր պատկերը ՀՀԿ թեկնածուի քարոզչական հոլովակում այլեւս չօգտագործելու պահանջով, պարոն Ղուկասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում էր ներկայացրել, ինչը մերժվեց՝ պահանջի ոչ հիմնավորված լինելու պատճառով:
Aravot.am-ը պարոն Ղուկասյանից հետաքրքրվեց, հնարավո՞ր է ինքն էլ պարոն Սարգսյանի պատկերն իր հոլովակներում օգտագործի: Ի պատասխան՝ թեկնածուն ասաց. «Սերժ Սարգսյանն այնպիսի կրակոտ ընտրարշավ է անցկացնում, որ դրա կարիքը չկա: Դա անում է ավելի լավ, քան որեւէ մեկը կկարողանա անել մեր թիմից: Մեր թիմի PR հատվածի մասնագետները հանձնվում են եւ տրամադրում են Սերժ Սարգսյանի ինքնուրույնությունը այդ հարցում»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ