Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանքարդյունաբերությունը գցում է մեր տղամարդկանց սերմի որակը (Տեսանյութ)

Փետրվար 11,2013 16:15

Անորակ սերմն անպտղության պատճառ է, սակայն տղամարդիկ այդ խնդիրը բարդում են կանանց վրա

Անորակ սերմ ունեցող հայ տղամարդկանց քանակը գնալով ավելանում է, իսկ սերմի որակի վրա ազդում են մի շարք գործոններ. սկսած սննդից, ծխախոտից ու ալկոհոլից՝ մինչեւ հանքարդյունաբերական գործարանները, ատոմակայանը, աղտոտված շրջակա միջավայրը եւ արտագնա աշխատանքը, որը սեռական ինֆեկցիաների մեծ աղբյուր է: Այսօր «Տեսակետ» ակումբում նման տվյալներ ասաց  «Ցիտո» ախտորոշիչ կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար Անահիտ Պետրոսյանը, որը նաեւ վստահեցրեց, որ իրենց կենտրոն է դիմում տարեկան  3000-4000 տղամարդ. «Սրանց 30%-ը՝ անպտղության խնդրով,  40 %-ը` սերմի անորակության: Սա Հայաստանի համար բավականին բարձր ցուցանիշ է»:

Հիմնականում դիմում են 25-40 տարեկան տղամարդիկ, իսկ 25-ից ցածրերը չեն դիմում, մտածելով` որ իրենք խնդիր չունեն, մինչդեռ անպտղության պատճառների մեծ մասը հենց տղամարդկանց մոտ է լինում. «Հայկական ընտանիքներում տղամարդը միանգամից առողջ է ծնվում եւ կինը անպտղության համար դիմում է բժշկի, տարիներով բուժվում է, հետո պարզվում է խնդիրը  ամուսնուց է»:

Ամբողջ աշխարհում հայտնի է, որ ծանր մետաղների ազդեցությունը սերմի որակի վրա մեծ է, ըստ բժշկուհու, ծանր մետաղները միանշանակ վատ են անդրադառնում տղամարդու սերմի որակի վրա, Հայաստանում որեւէ հետազոտություն չկա, թե պղնձամոլիբդենային գործարաններն ինչ ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա առհասարակ, սակայն ինչպես Անահիտ Պոտրոսյանը վստահեցրեց, երբ իրենց դիմել են որոշ տղամարդիկ եւ ախտորոշվել են, պարզվել է, որ սեռավարակ չեն ունեցել, հորմոնալ բալանսի խախտում չի եղել, անպտղության միակ պատճառը եղել է սերմի ցածր որակը, ընդ որում, նաեւ պարզել են, որ այդ տղամարդիկ աշխատել են հանքարդյունաբերական որեւէ ընկերությունում: Իսկ համապատասխան հետազոտություն չի արվում, քանի որ, ըստ մասնագետի, դա նախ ձեռնտու չէ տվյալ գործարանների ղեկավարներին, իսկ առողջապահության նախարարությունն էլ ֆինանսական խնդիրներից ելնելով, չի կատարում նման հետազոտություն:

Բժշկուհու դիտարկմամբ, անպտղության եւ սերմի որակի բուժում, իհարկե, կա, սակայն հաճախ այնքան ուշ են դիմում մարդիկ, որ կամ երկարատեւ բուժում է պահանջվում, կամ էլ` արդեն շատ ուշ է լինում: Այս առումով, բժշկուհին խորհուրդ է տալիս՝ ամուսնանալուց առաջ զույգերը համալիր ախտորոշում կատարեն:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Վ. Ավագյանի անվան բուժկենտրոնի անդրոլոգիայի ծառայության ղեկավար, Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի երիտասարդ ուրոլոգների գրասենյակի ղեկավար Գեւորգ Գրիգորյանն էլ ասաց, որ Հայաստանը բացառություն չէ, աշխարհում բոլոր ամուսնացածների 15%-ը առաջին տարում  դիմում է անպտղության համար, որից 5%-ն այդպես էլ անպտուղ է մնում. «Մենք չունենք մեր ազգին բնորոշ վիճակագրական տվյալներ, ըստ որի, պարզվի` տղամարդն է մեղավոր, թե կինը, սակայն ոչ միայն լաբորատոր տվյալներով, այլեւ պրոֆիլակտիկ հետազոտությունից էլ պարզվում է, որ անպտղության դեպքերի հաճախ ենք  հանդիպում:  Անպտղության մոտ 50%-ի դեպքում տղամարդիկ են մեղավոր, բայց ազգային մենթալիտետից ելնելով՝ կանանց վրա են գցում: Տղամարդու էլեմենտար սերմի քննությունը շատ հարցերի պատասխաններ կարող է տալ»:

Aravot.am-ի հարցին էլ, թե արդյոք տարածված է տղամարդու սեռական անկարողությունը՝ կապված նյարդային խանգարումների հետ, պարոն Գրիգորյանի պատասխանը` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարդան says:

    բայց այս մարդիկ հանքարդյունաբերությունը պարզապես հիշատակել են բազմաթիվ հնարավոր պատճառների շարքքում, մինչդեռ վերնագրից լրիվ այլ տպավորություն ես ստանում: լավ լրագրություն չի

  2. Հասմիկ says:

    Նախ կցանկանայի ուշադրության գրավել այն հանգամանքը` արդյոք հանքարդյուանբերական ընկերությունների ղեկավարները արգելում են մարդկանց անցնել բժշկական համապատասխան հետազոտություն և երկրորդ արդյոք նրանք պատասխանատու են ինչ որ մի հիվանդության համար, որ դեռևս հաստատված չէ աշխատանքի բնույթի հետ?: Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ խոսվում է ենթադրաբար ազդեցության մասին և ցավոք առանց հիմնավորման: Այս կարգի հոդվածները ունեն յուրօրինակ բնույթ, չունեն ոչ մի հիմնավորում, սակայն ունակ են անհանգստություն բարձրացնելու և ստեղծելու ավելորդ լարվածություն: , Չեմ կարծում թե բժիշկը իրավունք ունի ենթադրաբար ախտորոշում տալ և հրապարակել, առանց հիմնավորման: Արդյոք այդ բժիշկը բացառել է մնացած հնարավոր ազդեցությունները(ալկահոլ, թմրանյութ, սթրես և այլն ), որոնք կարող են ազդել սերմի թրակի վրա, որ նման նյութ է հրատարակում? Նույն բովանդակությամբ սա արդեն երկրորդ հոդվածն է, որ հանդիպում եմ տարբեր էջերում և պարզապես ապրում եմ հիսթափություն,: Ցավում եմ , որ նման անհիմն հայտարարությունները կարող են ազդել մեր բժիշկների վարկանիշի վրա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728