1990թ.-ից սկսած Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, ներառյալ վերջին` 2012թ. մայիսի 6-ին կայացած Ազգային Ժողովի ընտրությունը (բացառությամբ` 1991թ. նախագահական ընտրությունների), այսօրվա ընտրական օրենսգիրքը պարզորոշ վկայում են, որ մոտակա տարիների ընտրությունների ելքը համարյա միշտ կանխորոշված է լինելու: Ավելի պարզ ասած. նվազագույնը` ընտրությունները լինելու են ոչ մրցակցային: Իսկ ոչ մրցակցային ընտրություններն ընդամենը ծիսակատարությունների են նման, որոնց արդյունքները նախապես կանխատեսելի են լինում: Ասեմ, որ ժողովուրդը նման ընտրությունների հետ այնքան էլ կապ չի ունենալու: Իսկ թե, ինչ արարողակարգերով (տեխնոլոգիաներով) կընթանան նշված ծիսակատարությունները, դրա մասին չենք խոսի, քանզի այն դուրս է հոդվածի հիմնական ասելիքից: Վերը ասվածի հետ կապված ոմանք կհարցնեն, եթե խոսքը գնում է ընտրությունների մասին, ապա ինչպե՞ս հասկանալ, որ ժողովուրդը կապ չունի դրանց հետ: Բացատրությունը շատ պարզ է՝ համարյա ակնհայտ: Ընտրությունները սովորաբար խարսխված են լինում երեք հիմնական բաղադրիչների վրա. ժողովուրդ, ընտրական օրենսգիրք և ընտրական հանձնաժողովներ: Ընտրական օրենսգրքի և ընտրական հանձնաժողովների մասին չարժե խոսել, քանզի դրանք հիմնականում ձևավորվում են իշխանություններին հարմար ձևով: Այնպես որ, այս երկու բաղադրիչների մասով ամեն ինչ ասված է: Մնում է երրորդ բաղադրիչը՝ (իրականում՝ չորոշիչը) ժողովուրդը, որի մասին էլ կփորձենք խոսել: Հիշեցնեմ, որ խոսքը գնում է պետության և պետականության անգերագնահատելի, ճակատագրական կարևորության չափորոշիչի՝ ընտրության մասին, որտեղ ի վերուստ՝ սխալվելու իրավունք ոչ ոք չունի: Կխոսենք շատ պարզ և շիտակ, քանզի շեղումները միմիայն կործանում են խոստանում: Եվ այսպես, դիտարկենք ամենաիդեալական դեպքը. ենթադրենք ժողովուրդն իր կամքով մասնակցում է հերթական ընտրություններին, ազատորեն կատարում է իր ընտրությունը և գնում իր գործին: Սակայն, որպեսզի ընտրությունների փուլի ավարտից հետո, դրանց արդյունքներն արձանագրվեն և հայտարարվեն այնպես, ինչպես իրականում եղել է, ապա դա հնարավոր է երկու դեպքում միայն. առաջին, երբ հանձնաժողովներն իրենք այդպես ուզենան և երկրորդ, երբ ընտրողների կողմից առկա լինի անհրաժեշտ վերահսկողության հնարավորություն, որը հանձնաժողովներին թույլ չտա որևէ բան փոխել: Նշեմ, որ այս երկու դեպքերն էլ չաշխատող են, քանի որ հանձնաժողովներն այսպես, թե այնպես ուղղորդված են աշխատելու, իսկ ժողովրդի կողմից համապատասխան վերահսկողության մասին խոսելն այս դեպքում լրիվ ծիծաղելի է, քանզի ինչպես նշվեց, նախ ընտրելուց անմիջապես հետո ընտրողները գնում են իրենց գործերով և երկրորդ, եթե նույնիսկ նրանք մնան ընտրատեղամասերի մոտակայքում, ապա նրանք իրավունք չունեն մասնակցելու ընտրատեղամասերում իրականացվող քվեաթերթիկների հաշվարկին: Այնպես որ, նրանք ոչ տեղյակ կլինեն հանձնաժողովների կատարելիք քայլերից, ոչ էլ կարող են միջամտել, քանի որ օրենքը դրա հնարավորությունը չի տալիս: Այսինքն, ընտրության փուլի ավարտից հետո, հանձնաժողովների հետագա քայլերի վրա որոշակի վերահսկողության հնարավորություն կունենան միմիայն վստահված անձինք, դիտորդները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների նորմալ անցկացմամբ շահագրգռված ուժերի վստահված անձանց թիվն էապես զիջում է հակառակ թևի վստահված անձանց թվին, կարգ ու կանոն պահպանող իրավապահները հիմնականում աջակցում են հանձնաժողովներին և նրանց համակիրներին, դիտորդներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները հիմնականում անտարբեր են լինում և իրենց թանկագին ժամանակն ափսոսում են տրամադրել հետընտրական փուլին, քանզի իրենք կոնկրետ շահեր չունեն և եթե ունենան էլ, ապա դրանք ավելի լավ կարող են սպասարկվել միայն իշխանությունների կողմից: Այնպես որ, ստացվում է մոտավոր այսպիսի պատկեր. մի կողմից` հինականում իշխանական հանձնաժողովներ, շատ մեծ համակիրների թիմով՝ վստահված անձինք, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, վարձու դիտորդներ և ԶԼՄ-ների վարձու ներկայացուցիչներ, ճնշող հոգեբանական միջավայր և դիմացը՝ մի քանի անմիաբան վստահված անձինք, անտարբեր դիտորդներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք «ճիշտ պահին» կարող են լքել ընտրատեղամասերը: Ինչպես նկատում եք, այստեղ չենք խոսում կարուսելների, լցոնումների, ուրիշների փոխարեն և կաշառքի դիմաց քվեարկողների, բացակաների և մահացածների փոխարեն կատարվող քվեարկությունների մասին, քանի որ դրանց դեմն առնելը՝ պրակտիկորեն անհնար է: Եթե այս ամենին ավելացնենք նաև ոչ իշխանական ուժերի անջատ և չհամակարգված գործունեությունը, ապա պատկերը դառնում է լիովին ամբողջական: Ասվածից պարզորոշ և ուղղակիորեն հետևում է, որ իրականում այդ երևույթների դեմն առնելու ոչ մի տարբերակ չկա: Այս պարագայում, քաղաքական տեսանկյունից երկու ելք կա. կամ պետք է հաշտվել առկա իրողության հետ, կամ պետք է ընդհանրապես չմասնակցել ընտրություններին: Ընդ որում, երկու դեպքում էլ արդյունքը համարյա նույնն է` մեկ բացառությամբ. չմասնակցելու դեպքում` աշխարհն այնքան էլ լավ աչքով չի նայելու և իշխանություններին, և ընտրությունների արդյունքներին, որից դարձյալ` ամենաշատը տուժելու է ժողովուրդը: Եվ այստեղ ընթերցողը կարող է շատ բնական հարց տալ. լավ այդ ամենն այսպես, թե այնպես մենք գիտենք, իսկ ո՞րն է ի վերջո այդ պրոբլեմի լուծումը: Ինչպես հարցը, այնպես էլ պատասխանը նույնչափ բնական և տրամաբանական են: Ստացվում է, որ այս իրավիճակում և ժամանակի այս հատվածում նշված պրոբլեմը քաղաքական լուծում չունի: Սակայն, քանի որ այդ պրոբլեմն աշխարհի շատ երկրներում` այսպես, թե այնպես համարյա լուծված է, ապա մեր պարագայում ևս պետք է լուծում ունենա, ուղղակի անհրաժեշտ է գտնել այն: Եթե ուզում ենք այս պրոբլեմը հիմնովին լուծել քաղաքական մեթոդներով, ապա դրա ճանապարհը հետևյալն է. միակ հիմքը, որի վրա ժողովուրդը կարող է ամուր կանգնել և հիմնավորապես լուծել այդ թնջուկը, դա ՀՀ սահմանադրության թիվ 2 անփոփոխելի հոդվածն է (Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին), որի ճիշտ իրագործումն էլ հենց այդ խնդրի ամենակարճ լուծումն է: Իսկ ճիշտ իրագործում, նշանակում է հետևյալը. ընտրության հենց հաջորդ օրվանից ժողովուրդը պետք է բռունցքվի և իշխանություններից պահանջի, որպեսզի նրանք անվերապահորեն զբաղվեն իր հարցերով: Սա միակ ճանապարհն է, որով հնարավոր է տեր կանգնել երկրին և ժողովրդին: Հաջորդ քայլով, իշխանություններին պարտադրել ընդունել այնպիսի ընտրական օրենսգիրք, որն ի հնարավորին բացառի ընտրախախտումների հնարավորությունը և ապահովի ժողովրդավարական ընտրությունների անցկացում: Այնուհետև մշակել և իշխանություններին պարտադրել ընտրական հանձնաժողովների կազմավորման այնպիսի համակարգ, որտեղ ընդգրկված լինեն միայն ժողովրդի կողմից առաջադրված ներկայացուցիչները: Որից հետո, պետք է ժողովրդի ուժերով կազմակերպել ու անցկացնել նորմալ ընտրություններ, որից օրինակ կվերցնեն նաև շատ ու շատ այլ երկրներ:
Արդեն ավարտվում է հերթական նախագահական ընտրությունների քարոզարշավը: Այնպես որ, կոնկրետ վիճակ է և կոնկրետ հարց է դրված. ինչպե՞ս անցկացնել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Բոլոր շահագրգիռ քաղաքական և հասարակական ուժերը պետք է միավորվեն, մոբիլիզացնեն ժողովրդին, վերահսկեն ընտրության փուլը և հետընտրական ամբողջ գործընթացը: Սա այն միակ ճանապարհն է, որի շնորհիվ ընտրական հանձնաժողովները կզգոնանան և չցանկանալու դեպքում անգամ ճշմարիտ կանեն իրենց գործը: Արձանագրությունների կազմման պրոցեսի ավարտից հետո, դրանք պետք է պատճենվեն և փակցվեն ընտրատեղամասի պատերին` տեսանելի վայրերում: Վերջ ի վերջո, ժողովրդի կամքն անկասելի է և այդ վերահսկողությունը՝ ժողովրդավարության ամենասուրբ տարրերից մեկն է: Հատուկ շեշտեմ, որ այդ քայլով ոչ մի օրենք խախտված չի լինի: Ավելին, համայն աշխարհի համար դա կլինի ժողովրդավարության անմիջական ու կենդանի դաս: Ամբողջ աշխարհը կտեսնի, թե ինչպես հայ ժողովուրդը տարիներ շարունակ տեր չկանգնելով իր իրավունքներին, այնուամենայնիվ կարողացավ ժողովրդավարության դասեր տալ աշխարհին, ինչպես ամիսներ առաջ արեց Վրաստանը: Իսկ եթե, այս ամենը նորմալ չկազմակերպվի և չարվի, ապա դրա հիմնական մեղավորը` առաջին հերթին, ընդդիմություն կոչվող քաղաքական հատվածը կլինի, իսկ մասնակիորեն՝ նաև ժողովուրդը (ընդ որում, առաջին մեղավորը ես կլինեմ՝ ժողովրդի խոնարհ ծառան):
Ամփոփելով ասեմ, որ վիճակը երկրում աննախանձելի է, ժամանակ՝ ընդհանրապես չկա: Այնպես որ, կլինե՞նք արժանապատիվ և պատասխանատու, ուրեմն` կփրկվենք: Չենք լինի այդպիսին՝ կկործանվենք: Բոլոր դեպքերում, մեկ այլ տեղ՝ մեղավորներ փնտրել պետք չէ:
Անանիա Մաղաքյան
Կարդացեք նաև
«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն
ՀԿ նախագահ