Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրգործով հերթական դատական նիստը:
Կազմակերպված խմբի միջոցով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակումների գործով տասնյակ տուժողներից որեւէ մեկը ներկա չէր: Տուժող Երվանդ Գրիգորյանի փոխարեն դատարան էր ներկայացել Լիզա Գրիգորյանը, որը նաեւ դատարանին տրամադրեց բժշկական տեղեկանք՝ կապված իր վստահորդին ստացիոնար զննման ենթարկելու հետ:
Այսօր դատակոչված վկաներից ցուցմունքներ տվեցին ոստիկանության Էրեբունու բաժնի նախկին ավագ Արսեն Հարությունյանը, Երվանդ Գրիգորյանի ընկերը՝ Վարդան Դավթյանը, հոգեբուժարանի սանիտար Հրայր Ղազարյանը եւ տաքսու վարորդ Ավետիք Գասպարյանը:
Կարդացեք նաև
Վկաներից յուրաքանչյուրը տարօրինակ ցուցմունքներ տվեց, մասնավորապես՝ ոստիկանության աշխատակից Ա. Հարությունյանը, որը նկարագրեց, թե ինչպես են ծառայողական «ՈՒԱԶ» մեքենայով հետապնդել «հանցագործների «Նիսան» ավտոմեքենան»: Ըստ այդ վկայի, Արցախ-Ռոստովյան խաչմերուկում 10 մետր հեռավորության վրա կանգնեցրել են իրենց մեքենան եւ մինչ կապի միջոցով պետք է հայտնեին, թե որտեղ է գտնվում զինվածների ավտոմեքենան, հետապնդվող մեքենան տեսադաշտից կորցրել էին:
Ուշադրության է արժանի այն, որ ոստիկանության ավագը, որը հեռատես էր (դատավորի հարցին պատասխանելով՝ ասաց, որ հեռատես է, հեռուն է տեսնում), հետապնդվող մեքենայից տեսել էր մգեցված դիմապակին, իսկ թե ովքեր էին ներսում՝ չէր նկատել: Փոխարենը վարորդը նկատել էր ներսում գտնվողին, նկարագրել «ականջները լոշտակ, մազերը երկար» ինչ-որ մեկին:
Ի դեպ, ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի հարցին էլ, թե վարորդը ծառայողական առաջխաղացում ունեցե՞լ է, պարզվեց՝ այո, նրան առաջ են քաշել, իսկ ոստիկանության ավագը թոշակի էր անցել:
22-ամյա Վարդան Դավթյանն ասաց, որ տուժող Երվանդ Գրիգորյանի ընկերն է, դեպքի օրը ընկերն իրեն զանգել է առավոտ շուտ, հիշում է՝ գնացել է նրա կանչով նրանց տուն, տեսել է ընկերոջն ու եղբորը կապված, հետո վազել է շտապօգնության հետեւից: Իսկ թե ինչ էր պատահել առաջին դասարանից իրար հետ ընկերություն անող Երվանդի ու նրա ընտանիքի հետ, նա մինչ օրս ոչինչ չի հարցրել: Վկան մի արտառոց տեղեկություն հայտնեց, մասնավորապես ասելով, որ Երվանդ Գրիգորյանի տանն է ցուցմունք տվել եւ երբեւէ չի հրավիրվել ոստիկանության բաժին:
Քանի որ վկան ոչինչ չէր հիշում, նախագահող դատավորը փորձեց հիշել նրա տարիքը, պարզվեց՝ 22 տարեկան է եւ հետեւեց Մ. Պապոյանի ռեպլիկը. «Հույս ունեմ՝ 40 տարեկանում ձեր անունն էլ կմոռանաք», եւ ավարտվեց վկայի հարցաքննությունը:
Հոգեբուժարանի սանիտար Հրայր Ղազարյանը նկատողություն էր ստացել, քանի որ 2011թ. մայիսի 27-ին հոգեբուժարանի հիվանդ, այս գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանը փախել էր: Վկան հիշեց, որ Դավիթն իրեն ասել է՝ գուլպաս ընկել է ցած, ինքն էլ բացել է բաժանմունքի դուռը եւ գուլպայի հետ միասին մինչ օրս չի տեսել Դավիթին: Նա նկարագրեց հատուկ հիմնարկի պարիսպը՝ 2 մետր բարձրությամբ, 50 մետր հեռավորության վրա: Պաշտպան Ստեփան Ոսկանյանի հարցին՝ ինչո՞ւ ետեւից չի գնացել սանիտարը, վկան պատասխանեց, որ կասկածի տեղիք չի տվել: Այդ վկան էլ համառորեն պնդում էր, որ իրեն կանչել են գլխավոր դատախազություն եւ այնտեղ է ցուցմունք տվել: Դատավորի հարցին, թե որտեղ է գտնվում գլխավոր դատախազության շենքը, նա ասաց՝ հրապարակում: Իսկ թե ինչպես է բարձրացել գլխավոր դատախազություն, նա պատասխանեց՝ անցագիր էին տվել:
Դատարանը տեսնելով հակասություններ՝ վկայի տված ցուցմունքների միջեւ, հրապարակեց նրա հարցաքննությունից անհրաժեշտ հատվածը: Պարզվեց, որ վկան հարցաքննության է կանչվել գլխավոր դատախազության շենքում գտնվող հատուկ քննչական ծառայություն: Այդտեղ էլ նա ասել էր, որ երբ գուլպայի ետեւից Դավիթը դուրս էր եկել շենքից, ինքը դանդաղ քայլել է նրա ետեւից: Ապա տեսել էր, թե ինչպես է Դավիթը վազում դեպի պարիսպը, ինչպես է անցնում 2 մետրանոց պարսպի վրայով, ինքը ետ է եկել բաժանմունք, այնուհետեւ պահակակետով փորձել գնալ Դավիթի ետեւից:
Չորրորդ վկան՝ Ավետիք Գասպարյանը, այսօր դատարանում իմացավ, որ հրավիրվել է «բանդայի գործով»: Նա ասաց, որ իրեն կանչել են խախտումների համար, ինքը ազդանշան է տվել եւ իրեն այդ ազդանշան տալու համար (քանի որ կից դպրոց կար) կանչել են հարցաքննության: Ու զարմացել է, որ իրեն կանչել են հարցաքննության, քանի որ, ըստ վարորդի, Հայաստանում բոլորն էլ խախտումներ անում են:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ