«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող Սամվել Հարությունյանին անցած տարի նվիրել է իր «Volvo» մակնիշի ավտոմեքենան: Էպոսագետ թեկնածուն ինքը մի քանի անգամ բարձրաձայնել է, որ նման մեքենա է ունեցել: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Ս. Հարությունյանը Վ. Սեդրակյանի հարևանն է և նրա տանը շինարարական աշխատանք է կատարել: Էպոսագետն ինքը չի ցանկացել խոսել Ս. Հարությունյանի մասին՝ ասելով, թե «քանի դեռ համապատասխան մարմինների հայտարարությունը չկա, չի ցանկանում մեկնաբանել»: Նա միաժամանակ չի հերքել, որ ճանաչում է նրան:
Բայց այսօր մեզ հետ հեռախոսազրույցում էպոսագետը հաստատեց, որ ճանաչում է Պ. Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող երկու անձանց՝ թե՛ Ս. Հարությունյանին, թե՛ Խաչատուր Պողոսյանին, և որ Ս. Հարությունյանն իր հարևանն է, և այդ երկուսը միասին աշխատել են Վ. Սեդրակյանի ամառանոցում: «Սամվելն ամառանոցում աշխատել է, Խաչիկն էլ մեքենայով նրան աշխատանքի է բերել-տարել»,- ասաց էպոսագետը: «Ով է ձեզ նման բան ասել: Ես անցած անգամ ասել եմ, որ քանի դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չկա, որևէ բան չեմ կարող մեկնաբանել»,- ասաց էպոսագետը:
Ի դեպ, Վ. Սեդրակյանը բավական նյարդայնացած էր պատասխանում իր և կասկածյալների միջև եղած կապի մասին այս հարցերին: Իսկ մեր վերջին հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ այս երկուսն էլ տարված են եղել իր կողմից պրոպագանվող էպոսագիտությամբ, և նրանցից մեկի մեքենայի մեջ եղել են Վ. Սեդրակյանի էպոսագիտությունը գովազդող բուկլետներ և բրոշյուրներ, բարկացած պատասխանեց. «Ո՞վ է ասում: Դա ձեր գործը չէ: Ձեր գործը հարցը տալն է: Իսկ ես բացատրեցի, որ ես որևէ մեկնաբանություն չունեմ»:
Իսկ հնարավո՞ր է, որ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով ինքն էլ ներգրավվի կասկածյալի կամ այլ կարգավիճակով: «Դուք հայերեն հասկանո՞ւմ եք, չլսեցի՞ք, թե ինչ ասացի: Քանի դեռ պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել, որևէ բան մեկնաբանելը համարում եմ ոչ ճիշտ»,- եզրափակեց էպոսագետը:
Հիշեցնենք, որ վերջինս հարցաքննվել է Տիգրան Նաղդալյանի սպանության գործով: Նաև տեղեկություններ կան, թե հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանն էլ է ոգեշնչված եղել Վ. Սեդրակյանի էպոսագիտությամբ:
Կարդացեք նաև
Իսկ Սեդրակյանն ինքը երբևէ չի պատասխանում հարցին, թե որտեղից իրեն այդքան ունեցվածք: Իր իսկ խոսքերով՝ ընդհանրապես որևէ տեղ չի աշխատել և աշխատանքային գրքույկ էլ չունի: Չի զբաղվել նաև գործարարությամբ: Բայց ունի երկու՝ «Rang Rover« և «Lexus» ավտոմեքենաներ, երկու նորակառույց առանձնատներ Եղվարդում և մի տուն էլ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Երբ նրան ունեցվածքի մասին հարց է ուղղվում, նա դրան հարցով է պատասխանում, թե ինչու չեք հարցնում՝ Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Սերժ Սարգսյանին որտեղի՞ց իրենց ունեցվածքը:
Արմինե Ավետյան