Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի գնահատմամբ՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը՝ ՍԴ դիմելու, քաղաքական գործընթացում ինտրիգ մտցնելու քայլ էր: «Ներքին խաղեր են գնում, ինտրիգ են մտցնում, իրեն բարձրացնում ու փորձում են հետաքրքրություն մտցնել այս չընտրություններում, որ դրսում ցույց տան՝ տեսեք, ինչ ընտրություններ են»,- այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց կառավարման փորձագետը:
Նրա խոսքերով՝ Հայրիկյանը մահափորձի դեպքից հետո իր քայլերի ու որոշումների ձգձգումով իր գինն ու վարկանիշը բարձրացրել է:
Փորձագետի համար տարօրինակ է, որ նախագահի թեկնածուները ընտրողին չեն ներկայացնում, թե ինչ թիմով են իրենք գալիս. «Միայն բաժակաճառերը չէ, որ կարեւոր են, չիմանա՞նք ով է զբաղեցնելու վարչապետի, Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը: Սրանից հետեւություն՝ այս քարոզարշավին շատ լուրջ վերաբերվել պետք չէ: Թեկնածուների լրջության աստիճանը կասկածի տակ է դրվում, եթե անհայտ է նրանց թիմը: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք դուրս են գալիս քաղաքական կարեւոր գործընթացից, ուրեմն կուսակցություն չեն: Ինձ թվում է, թե թեկնածուները մտել են մրցապայքար, որ միայն իրենց գինը բարձրացնեն եւ ցույց տան, որ դեռ գոյություն ունեն»:
Պարոն Մեսրոպյանի դիտարկմամբ՝ 2011թ. աշնանից Հայաստանի կառավարման համակարգում պառակտման եւ քանդման գործընթաց է գնում: Նրա խոսքերով՝ նշված գործընթացի պիկը լինելու է 2015-ին եւ քաղաքական ուժերում եւս ցնցումներ են սպասվում. «Մեկուկես տարում, եթե խելքներս գլուխներս չհավաքենք, լուրջ խնդիրներ կունենանք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ