Լրահոս
Օրվա լրահոսը

4-5 հազար հեկտարին մեկ տեսուչ է տիրություն անում

Փետրվար 11,2013 13:25

Բիոզուգարանը վատ բան չէ, բայց առաջնահերթության խնդիր կա: Այսօր էլ բնապահպաններն իրենց զարմանքը հայտնեցին ՀՀ կառավարության «ներդրած» 2 բիոզուգարանների առնչությամբ, որոնց արժեքն ընդհանուր առմամբ $340 հազար է: «Ելակետ» մամուլի ակումբում Հայաստանում Կովկասի բնության համաշխարհային հիմնադրամի համակարգող Արման Վերմիշյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը կարծիք հայտնեցին, որ ճիշտ կլիներ այդ գումարներն ուղղել բնապահպանական ավելի կարեւոր խնդիրներին. «Եթե հատուկ պահպանվող տարածքի տեսուչին ընդամենը 50 հազար դրամ աշխատավարձ են տալիս, նա ինչպե՞ս պետք է շահագրգռված լինի իր գործը լիարժեք անել: Սյունիքի տեսչությունում ընդամենը 3-4 տեսուչ են աշխատում, տեսչությունը տեխնիկական եւ մարդկային ռեսուրսներով շատ թույլ է եւ դրանց կարիքն ունի»:

Ասուլիսի մեկ այլ մասնակցի` բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի տվյալներով էլ, վերջին տարիներին հատուկ պահպանվող տարածքների մակերեսը հասել է 380 հազար հեկտարի: Ըստ նրա, եթե 4-5 հազար հեկտարի վրա աշխատում է ընդամենը մեկ տեսուչը, ինչը բնապահպան-պաշտոնյայի կարծիքով էլ, տարածքը լիարժեք պահպանելու համար` քիչ է: Մասնագետի ներկայացմամբ՝ մեր երկրում հատուկ պահպանվող տարածքները չորս խմբի են բաժանվում` ազգային պարկեր, արգելոցներ, արգելավայրեր եւ բնության հուշարձաններ:

Բնապահպաններից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունեն Սյունիքի արոտավայրերը Իրանի անասուններին տրամադրելու մասին:

Կարեն Մանվելյանի խոսքերով, Հայաստանում մեկ հեկտարի վրա կարելի է 1 կով կամ 3-4 ոչխար արածեցնել, ոչ ավելի. «Եթե ավել են պահում, դա բերում է հողերի դեգրադացիայի, այդտեղ, իհարկե, ազգային անվտանգության հարց էլ կա եւ այլն, իսկ բնության առումով այնքան էլ մեր սրտով չէ, քանի որ ոչխարներն ամենաահավորն են՝ քանդում են հողը եւ քոքով են ուտում բույսերը եւ իրենցից հետո բան չեն թողնում, նայած` ինչ քանակություն կլինի: Մենք դեմ չենք, որ մեր գյուղատնտեսությունը, անասնապահությունը զարգանա, բայց թող մեր հայերն էլ զբաղվեն դրնով»: Նախարարության մասնագետը վստահեցրեց, որ այդ հարցը ներկայումս տարբեր գերատեսչություններում դեռեւս քննարկվում է եւ վերջնական լուծում չի ստացել. «Մինչեւ փորձաքննության չենթարկվի, այսինքն` գյուղատնտեսության նախարարության կողմից պաշարները չգնահատվեն` արոտավայրերի կենսաբազմազանության ապահովման կամ պահպանության տեսակետից, այդ հարցը տեղից չի շարժվի»:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728