Ինչպես արդեն տեղեկացրել ենք , ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ դիմեց ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով: Սակայն թեկնածուն պայման է դրել, որ եթե ընդդիմադիր թեկնածուները միավորվեն, իր դիմումը ետ կվերցնի: Թեկնածուները չմիավորվեցին, սակայն նա այսօր ետ վերցրեց դիմումը:
Պ. Հայրիկյանի վարած քաղաքականությունը որոշ շրջանակներում մեկնաբանվում է նաև որպես «պաշտոն պոկելու» քաղաքականություն: Այնուամենայնիվ ի՞նչ է ուզում Պ. Հայրիկյանը և առաջիկայում ի՞նչ նոր զարգացումներ սպասել: Aravot.am-ի զրույցը քաղաքական տարբեր ուժերի հետ այս շրջանակներում էր: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արտակ Զաքարյանը հարցին այսպես արձագանքեց. «Գործընթացը զուտ իրավական գործընթաց է և Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում: Համապատասխան որոշումներ կլինեն, հետո էլ մեկնաբանություններ կլինեն»:
Անդրադառնալով «պաշտոն պոկելու» մասին լուրերին, պարոն Զաքարյանն ասաց. «Ասեկոսեներ և շշուկներ չեմ ցանկանում մեկնաբանել: Ըստ էության նախագահի թեկնածուն համապատասխան իրավունք ուներ այդ քայլին դիմելու: Կարևորն այն է, որ մեզ մոտ ընտրական գործընթացը գնում է ամբողջությամբ Ընտրական օրենսգրքին և նորմին համապատասխան, միջազգային չափանիշներով և վստահ եմ, որ հետագայում անելու ենք ամեն ինչ, որ երկրի պատմության մեջ ունենանք ամենալավ ընտրությունները»: Մեր այն դիտարկմանը, թե Հայրիկյանի հետ կատարվածը չի՞ ստվերում ընտրական գործընթացը, պարոն Զաքարյանը չցանկացավ արձագանքել:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հարցի կապակցությամբ փոխանցեց հետևյալը. «Մենք զբաղված են Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավով, ոչ թե այլ թեկնածուների քարոզարշավով: Հիմա վերլուծելու ժամանակ էլ չկա, կազմակերպչական, քարոզարշավի օպերատիվ կառավարման կարևոր խնդիրներ ենք լուծում»:
Կարդացեք նաև
ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ կարծում է, որ նույնիսկ հնարավոր չէ կանխատեսել, թե մեկ ժամ հետո Հայրիկյանն ինչ որոշում կընդունի: Հետո էլ մանրամասնեց. «Այնքան անկանխատեսելի մարդ է Հայրիկյանը, որ որևէ կարծիք այսօր արտահայտել չեմ կարող: Իմ կարծիքով՝ այստեղ որևէ գնահատական հստակ տալ ուղղակի անհնար է: Կիսում եմ բոլոր արտահայտած կարծիքները, բայց կոնկրետ ինչ-որ կարծիքի վրա հենվել չեմ կարող, ոչինչ չեմ բացառում»:
Նշենք, որ այս բոլոր մեկնաբանություններն արվել էին մինչ պրն Հայրիկյանը հետ կվերցներ իր դիմումը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ժողգործիքների համալրմանն ենք ականատես դառնում: Հաճախորդները նոր դրսևորման ձև են գտել