Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ՀՀ նախագահի չգրանցված թեկնածու «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը անդրադարձավ նախագահական ընտրություններին: Սիմոնյանի խոսքով` բոլոր պաշտոնական փաստաթղթերը բացարձակապես փաստում են մի բան, այն է, որ բոլորը գործում են մեկ նպատակով, այսինքն` կողմ են անօրինական ընտրություններին:
«Ի սկզբանե ամբողջությամբ ամեն ինչ համաձայնեցված է, նույնիսկ դիտորդների ներկայացումները»,- ասաց Սիմոնյանը, մատնանշելով մի շարք կառույցներին գրված իր դիմումների պատասխանները: Նախագահի չգրանցված թեկնածուն համոզված է, որ իր իրավունքները խախտվել են, եւ որ Սերժ Սարգսյանը այլ երկրների կողմից համաձայնեցված մարդ է ու նրա, այս ընտրություններում «անցած լինելը»` պարզ է:
«Ամեն ինչ էն գլխից համաձայնեցված է»,- օրինակ բերելով որոշ լրատվամիջոցներում տպագրված հոդվածներ, հավելեց Սիմոնյանը:
Բանախոսը զարմացած է` «Սերժ Սարգսյանը մոդե՞լ է, ի՞նչ է, որ բոլորին այդպես դուր է գալիս»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով անօրինականություններին, ըստ որի, պարբերաբար խախտվել են ոչ միայն իր, այլեւ ՀՀ քաղաքացիների իրավունքները, Սիմոնյանը զայրացավ. «Եթե մեր երկրում համակարգերն իրենց գործառույթները չեն իրականացոնւմ ու պետբյուջեից միայն փողեր են լափում, էլ ում են պետք: Մեր երկրում Սահմանադրական դատարան էլ գոյություն չունի, այնտեղ նստած են միայն մանկլավիկներ, որոնք գործում են միայն իրենց պապաների հրահանգներով»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ