Նախագահի թեկնածուն` ՍԴ դիմումի մասին
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը լուրջ չի վերաբերվում այն զարգացումներին, որոնք այժմ ընթանում են`կապված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրկյանի ՝ ՍԴ դիմումի հետ կապված: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արման Մելիքյանն անդրադարձավ նաեւ Պարույր Հայրիկյանի կոչին` միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ, որի դեպքում ինքը ետ կվերցնի իր դիմումը ՍԴ-ից: «Ես համարում եմ, որ իշխանությունն արդեն ունի միասնական հակառակորդ թեկնածու`ի դեմս երեք թեկնածուների այս եռամիասնութայն, որի մասին ես արդեն ասել եմ: Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը եւ Հրանտ Բագրատյանն իրենց բոլոր գործողություններով ցույց են տալիս, որ հավատում են գալիք ընտրությունների իրավաչափությանն ու օրինականությանը, պատրաստ են դրանց մասնակցել եւ, ըստ էության, ցանկացած արդյունքի հետ համաձայն են: Ես ասում եմ, որ քանի դեռ ընտրությունների օրինականությունն ապահովված չէ, այս ամենը խաղ է եւ ուղղված է նրան, որպեսզի ապակողմնորոշվի ՀՀ քաղաքացին եւ պատրանք ստեղծվի, թե մեզանում ընտրություններ տեղի են ունենալու»,- ասաց Արման Մելիքյանը: Ուստի, Հայրիկյանը ՍԴ կդիմի, թե`ոչ, երեքով իրար մեջ կորոշեն, թե իրենցից մեկը միասնական թեկնածու է, թե երեքն են միասնական թեկնածու, Մելիքյանն էական չի համարում, քանի որ օրինական ընտրությունների հարցը հստակեցված չէ: Մելիքյանն առաջարկում է, որ այդ երեք թեկնածուները պատասխանեն հարցին`հավատո՞ւմ են, որ ընտրություններն օրինական են: Կախված պատասխանից, ըստ Մելիքյանի, կարելի է արդեն կողմնորոշվել, թե նրանք ինչ են անում:
Մելիքյանը վստահ է, որ միասնական թեկնածուի գաղափարն էլ աբսուրդ է, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները Հայրիկյանին ձայն չեն տա եւ այլն: «Սա մկնախաղ է, որի ես չեմ կարող լուրջ վերաբերվել»,- ասաց Արման Մելիքյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նախագահի թեկնածուն կսպասի մինչեւ փետրվարի 13-ը, դա այն ժամկետն է, որի ընթացքում ԿԸՀ-ն վերջնական արձագանք պետք է ներկայացնի իր դիմումին՝ կապված Հայաստանից հեռացած ընտրողների տվյալները հրապարակելու հետ: «Դրանից հետո ես հանդես կգամ կոչով եւ կասեմ, թե ինչ անեն ընտրողները: Ես կոչ չեմ անելու ընտրությունների չգնալ եւ չմասնակցել»,- ասաց նա:
Ընտրությունների հետաձգումը նա իշխանությունների համար լրացուցիչ գլխացավանք է համարում. «Որոշելիքը Հայրիկյանինն է եւ ՍԴ-ինը: Հայրիկյանը կարող է դիմումը ետ վերցնել, ՍԴ-ն կարող է այն չբավարարել: Տարօրինակ է, այսքան ժամանակ անց դիմելը, ակնհայտ է, որ ՍԴ դիմել-չդիմելու շուրջ քաղաքական առեւտուր է գնում, քանի որ Հայրիկյանը օրը յոթ անգամ կարծիք է փոխում»: Սա առեւտուր է թեկնածուների միջեւ, թե թեկնածուի եւ իշխանության՝ Մելիքյանը չի ցանկանում կանխատեսումներով զբաղվել:
Իսկ իր քարոզարշավից Մելիքյանը գոհ է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ