Սոցիոլոգիայում «մարգինալ» («լուսանցքային») հասկացությունը սկսել է օգտագործվել 1920-ական թվականներին: Ամերիկացի ընկերաբաններն այդպես էին բնութագրում այն սոցիալական խմբերին, որոնք իրենց արժեհամակարգով, պատկերացումներով, մշակույթով չէին տեղավորվում այն պահին ԱՄՆ-ում ընդունված նորմերի մեջ, այդ նորմերի գծած լուսանցքից դուրս էին: Խոսքը նախեւառաջ այդ ժամանակաշրջանում երկիրը հեղեղած էմիգրանտների մասին էր:
Ժամանակի ընթացքում հասկացությունը, բնականաբար, ընդլայնվել է, ընդգրկել է տարբեր ոլորտներ՝ այն աստիճանի, որ որոշ հետազոտողներ առաջարկում են այդ եզրույթն այլեւս չօգտագործել: Բայց կիրառելով այդ բառը լայն իմաստով, պետք է, հավաբանար, գոնե պահել դրա ծագումնաբանությունը՝ հիմնական հոսանք, ընդունված նորմեր – լուսանցք հակադրություն մեջ: Օրինակ, եթե տղամարդն այսօր Երեւանի փողոցներով քայլի շոտլանդական կիլտով (կիսաշրջազգոստով), ապա այստեղ նրա վարքը մարգինալ կհամարվի, իսկ Էդինբուրգում՝ ոչ: Կամ՝ հայաստանյան հասարակության մեջ կա մեծամասնության «կոնսենսուս», որ միասեռականները եւ «Եհովայի վկանները» դուրս են գտնվում մեր մշակութային պատկերացումներից, հետեւաբար, մարդկանց այդ խմբերը Հայաստանում մարգինալ են: Դա, հետեւաբար, ոչ թե գնահատական է, այլ փաստի արձանագրում, գումարած դրան՝ ինչպես տեսանք, ժամանակի եւ տարածության մեջ հարաբերական եւ «շարժական» երեւույթ:
Քաղաքական պրակտիկայում իրավիճակն այլ է. դա բացասական բնութագիր է, պիտակ է, որը կուսակցականները կպցնում են իրար՝ ընդդիմախոս քաղաքական ուժի նշանակությունը նսեմացնելու նպատակով: Երբ ՀՀԿ-ականն ասում է՝ տեղի է ունենում ՀԱԿ-ի մարգինալիզացիա, նա նկատի ունի, որ այդ Կոնգրեսը դուրս է եկել հիմնական քաղաքական հոսանքից, գործելակերպից, որի վերաբերյալ կա մեծամասնության համաձայնություն, եւ հայտնել է լուսանցքում: Դա, իհարկե, բացարձակ սուտ է, որովհետեւ ՀԱԿ-ն իր գործելակերպով ամբողջությամբ տեղավորվում է ընդդիմադիր քաղաքական ուժի հայաստանյան պատկերացումների մեջ եւ իշխանության դեմ վարում է միանգամայն «ավանդական» պայքար: Երբ ՀԱԿ-ականն ասում է, որ այս նախագահական ընտրություններին մասնակցում են մարգինալ թեկնածուներ, ապա դա էլ է սխալ՝ ճիշտ նույն պատճառով. նրանց վարքը, քարոզչությունը, հռետորաբանությունը բացարձակապես լուսանցքային չէ եւ ոչ մի սանտիմետր չի շեղվում այն գործելակերպից, որը որդեգրել էին բոլոր նախորդ ընտրություններում բոլոր ընդդիմադիր թեկնածուները: Եթե խոսքն այն մասին է, որ խորհրդարանում զգալի մասնակցություն ունեցող ԲՀԿ-ն չի չի առաջադրել թեկնածու, ապա արդյոք դա նշանակո՞ւմ է , որ ՀԱԿ-ն ընդունում ԱԺ ընտրությունների արդյունքները կամ կարծում է, որ ՀՀԿ-ն ընտրվել է ընտրակաշառքով եւ վարչական լծակներով, իսկ ԲՀԿ-ն՝ առանց դրանց: Վերջապես, մի՞թե նախկին վարչապետ եւ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը մարգինալ է:
Մի խոսքով, մարգինալը որպես քաղաքական պիտակ Հայաստանում կարծես թե չի գործում: Մեզ մոտ կան մեծաքանակ, փոքրաքանակ, ազդեցիկ, ոչ ազդեցիկ, հարուստ, աղքատ կուսակցություններ կամ գործիչներ, բայց մարգինալներ չկան: Եթե լիներ մի կուսակցություն, որը պայքարում է միասեռական ամուսնությունները թույլատրելու կամ Ադրբեջանի տարածային ամբողջականությունը ճանաչելու համար, ապա նման կուսակցությունները կլինեին մարգինալ:
Կարդացեք նաև
Մեր մտավորականությունը նույնպես շատ հեռու է մարգինալ լինելուց: Կեսը տուրք է տալիս «ալան-թալանի» մասին ավանդական, 20 տարի տեւող խոսակցություններին, մյուս կեսը կոմունիստական ոճով քծնում է իշխանությանը: Այդ առումով գուցե ցանկալի լիներ, որ մեր մտավորականները դրսեւորեին որոշակիորեն մարգինալ կեցվածք:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ