Հայրիկյանի վրա կրակոցից հետո անցել է տաս օր և սկսած երկրորդ օրից նրա մոտ անձի երկատվածություն է նկատվում. առաջին Հայրիկյանն ասում է` դի´ր ու ընտրությունները հետաձգեիր, երկրորդն ասում է` չէ´, մի հետաձգիր, առաջինն ասում է` հետաձգի´ր, երկրորդն անսում է` մի´ հետաձգիր, առաջինն ասում է … երկրորդն ասում է…
Այսպես էլ, 10 օր ազգս հետևում էր, թե Հայրիկյանի որ «Ես»-ն է հաղթելու, առաջի՞նը, թե` երկրորդը: Բանից պարզվեց, որ հաղթեց առաջին «Ես»-ը և Հայրիկյանը դիմեց ՍԴ: Բայց սա, կարծում եմ, ժամանակավոր հաղթանակ էր և երկրորդ «Ես»-ը դեռ տոնելու է իր տրիումֆը: Բանն այն է, որ Հայրիկյանի առաջին «Ես»-ի համար ՍԴ դիմելու իրավական հիմքը Սահմանադրության 52 հոդվածն է, որը սահմանում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով»։
Եթե անգամ անհաղթահարելի խոչընդոտ եղել է, ապա սահմանադրական դատարան դիմելու պահին դա կարծես թե վերացած է եղել, քանի որ Հայրիկյանը, առաջին «Ես»-ի ազդեցությամբ իր ոտքով եկավ ու ՍԴ-ին հանձնեց իր դիմումը, ինչը նշանակում է, որ Հայրիկյանի համար այլևս անհաղթահարելի խոչընդոտ չկա, նա ի վիճակի է իրականացնել իր քարոզարշավը և ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, կմերժի Հայրիկյանի առաջին «Ես»-ի դիմումը: Ահա այստեղ է, որ Հայրիկյանի երկրորդ «Ես»-ը կտոնի իր տրիումֆը, բայցի այդ, այս երկրորդ «Ես»-ն անդրդվելի է ու ամեն ինչ կանի, որ Հայրիկյանը ՍԴ-ից հետ վերցնի դիմումը: Իսկ եթե դա տեղի չունենա և ՍԴ-ն հետաձգի ընտրությունները, ապա տրիումֆ կտոնի առաջին «Ես»-ը: Բայց կգա ընտրության օրը, քվեները կհաշվվեն ու ամեն ինչ կընկնի իր տեղը:
Հ.Գ. Սույն հոդվածի և´ առաջին և´ երկրորդ «Ես»-երը մտացածին են, հումորային և հավանաբար Հայրիկյանի հետ որևէ կապ չունեն:
Կարդացեք նաև
Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
փաստաբան