«Ժառանգության » ղեկավարին հաջողվեց տներից հանել գյումրեցիների մեծ մասին
Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ավարտվեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարաշավը, ով հանրապետության երկրորդ քաղաք էր եկել «Ռեինկարնացիա» երաժշտական խմբի հետ: Թատրոնի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. Րաֆֆի Հովհաննիսյանին լսելու էին եկել ինչպես ջահելները, այնպես էլ տարիքով մարդիկ` նույնիսկ ձեռնափայտերով: Գյումրեցի լրագրողները, ապշած վայրկյան առ վայրկյան ավելացող մարդկանց հոսքից, անմիջապես նկատեցին, որ երեկ քաղաքային իշխանություններին չէր հաջողվել այդ նույն Թատերական հրապարակի բակում Սերժ Սարգսյանի հանրահավաքին այսքան մարդ ապահովել:
Միչդեռ Րաֆֆու հետ հանդիպման գալիս ու գալիս էին: Նախագահի թեկնածուն նախ եղավ Գյումրու Անի թաղամասում, հատ-հատ բարևեց ու զրուցեց թաղի բնակիչների հետ, այնուհետ բավականին երկար, հուզիչ ելույթ ունեցավ թատրոնի դահլիճում: Նա խոսեց ինչպես Գյումրու խնդիրների, ապագա Հայաստանի, այնպես էլ արտաքին դիվանագիտական հարաբերությունների մասին: Մարդիկ լսում էին քար լռությամբ` պարբերաբար գոռալով «Րա~ֆֆի, Րա~ֆֆի» կամ «Պայքար , պայքար», «Ուռռա~» : Նշենք, որ սոցիալապես ծանր վիճակում գտնվող Գյումրիում նման ընդունելությունը ամենևին էլ անսպասելի չէր. անցած երկու տարիներին «Ժառանգության» պատգամավորները ամենացուրտ եղանակներին անգամ կանգնել են բողոքավոր տաքսիստների, վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդների կողքին: Իսկ սա արդեն իսկ գնահատվել է գյումրեցիների կողմից ԱԺ ընտրությունների ժամանակ:
Կանգնած տեղից երբեմն կարելի էր լսել. «Ես քո կյանքին մեռնեմ Րաֆֆի» կամ «Սերժիկին ձայն չտանք, կտանք մեր Րաֆֆիկին» արտահայտությունները:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթը սկսեց այսպես. «Շիրակի մարզը, Երևան մայրաքաղաքը` հյուսիսից մինչև հարավ թող ողջ ժողովուրդն իմանա, որ այլևս երբեք մեր հայրենիքում հայ քաղաքացու, գյուղացու, շարքային ընտանիքի հետ խաղ չկա»: Ժողովուրդն արձագանքեց ծափահարություններով ու «այո~» գոռալով: «Ով չէր հավատում մի ամիս առաջ, մի քանի տարի առաջ, մեղադրելու էլ չէ, մենք բոլորս գիտենք 20 տարի ինչ վիճակի մեջ ենք ապրել` դժվարության, անգործության , աղետի գոտու, արտագաղթի, անարդարության, և մի անգամ մեր կյանքի ընթացքում` փետրվարի 18-ին մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր օրենքը ետ պիտի բերենք դեպի ժողովուրդ»,- ասաց թեկնածուն:
Նա գյումրեցիներին ներկայացրեց իր կենսագրությունը` պատմելով, որ ցեղասպանությունից մի կերպ փրկված իր Գասպար պապը տեղափոխվել է ԱՄՆ, այնտեղ էլ ծնվել է ինքը, սակայն 25 տարի առաջ որոշել է տեղափոխվել հայրենիք` ահավոր երկրաշարժի հետքերով: Նա նաև շեշտեց, որ իրեն ծնողները տվել են հայկական կրթություն` առանց հայկական դպրոց հաճախելու: Թեկնածուն խոսեց սոցիալական տարբեր խնդիրներից ու ժողովրդի սրտից: Նա ասաց. «Քանի դեռ մենք ունենք մի ոտաբոբիկ, անկոշիկ աշակերտ, դոմիկի մեջ ապրող մի հայ մարդ, հայաստանցի, իշխանավորը, նախագահը անքուն գիշեր պիտի անցկացնի, ինքն էլ պիտի ապրի ժողովրդի նման»:
Այնուհետ անդրադառնալով աղետի գոտու վերականգմանը նվիրված իր ծրագրին` հայտարարեց. «Աղետի գոտի ասվածը միայն լացով, միայն կենացներով և միայն արարողություններով չէ, որ լուծվում է: Այն իմ ծրագրի մեջ առանցքային կետ է, որ մինչև 2014 թվականը Հայաստանի պետական բյուջեում մենք ունենալու ենք նվազագույնը 100 միլիոն դոլարին համարժեք դրամի ներդրում , որպեսզի բնակարանային ֆոնդերի, կոմունալ ծառայությունների, աշխատանքի պահով մի տարի անց, աղետի գոտի հասկացությունը իմ կյանքի գնով մտնի պատմության դասագիրք»:
Թեկնածուն նաև հայտարարեց, որ սա այլևս Րաֆֆու ու Սերժի, Հանրապետականի ու Ժառանգության պայքար չէ, սա պայքար է բարու համար, իսկ բարին այս անգամ կհաղթի չարին: Թեկնածուն գյումրեցի ունկնդիրների համար նորից կրկնեց իր ծրագրային դրույթները` նշելով, որ իր կառավարման առաջին տարվա ընթացքում ստվերից, օլիգարխներից պետական բյուջե կբերի 252 միլիարդ դրամ: «50 միլիարդ դրամ ևս պետական բյուջեն իր գոտին ձգելով ունենալու է, նախագահն թող ունենա իր նվազագույն պաշտպանները, բայց եթե ես Գյումրու շուկան քայլեմ կամ ավտոկանգառ կամ թաղամասեր, ես պետք չունեմ թիկնապահի, որովհետև ժողովրդի հետ կանգնած եմ նույն հավասարության մեջ, ոչ մեկի առաջ պարտականություն չունեմ, ոչ մեկին ենթակա չեմ, միայն օրենքին, միայն Սահմանադրության: Եվ հայ մարդը 20 տարվա ընթացքում պետք է տեսնի առաջին անգամ, որ այդ օրենքը ոչ թե տարածվում է ամենաթույլի, ամենախեղճի վրա, այլ նախագահի և նոր մնացածի վրա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա խոստացավ ջարդել կոռուպցիան, բնաջնջել մենաշնորհը, մանր ու միջին բիզնեսը խեղդող բոլոր խոչընդոտները: «Պետությունը ոչ թե պետք է խեղդի ատամնաբույժին ու տաքսիստներին, ընտանիքի արհեստավորին, խանութպանին, այլ պետք է փայփայի, արտոնություններ տա, ուժեղացնի, ոչ թե այնպես անի, որ հազարավոր փոքր ձեռնարկություններ փակվեն,աններելի , այլևս չի ներվելու», ասաց բանախոսը:
Թեկնածուն նաև հայտարարեց, որ իր նախագահ դառնալով 600 հազար մարդ հինգ տարի անց դուրս է գալու աղքատությունից և անցում է կատարելու դեպի միջին խավ, և դա իր պատվի խնդիրն է: Խոսեց նաև հայ-թուրքական արձանագրություններից ` դրանք համարելով անամոթ, հակապետական , հակասահամանադրական:
Ըստ նրա, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելիս, հաշվի կառնեն ազգային շահը` առանց նախապայամանների: Թեկնածուն նաև կարևորեց բոլոր գերտությունների հետ նորմալ հարաբերությունները` ասելով, պետք է ունենալ ուժեղ, հորիզոնական ու արդիական հարաբերություններ թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի, թե Եվրամիության, Չինաստանի ու Պրասկաստանի հետ:
Նա անդրադարձավ նաև պետական աշխատողներից ու նաև զինվորներից սպառանալիքով ձայն կորզելուն, ամոթանք տվեց իշխանություններին: «Ոչ մի սպառնալիք, ցուցակագրում մեզ չի շեղելու հաղթանակի ճանապարհից: 5 տարի անց պիտի ապրենք այլևս զարգացած քաղաքում ու մարզում, արտագաղթը պիտի, հանենք մեր բառապաշարից, պատմության գիրկը պիտի ուղարկենք: Ցանկացած նախագահի ամենաարմատական քննությունը, գնահատականը դա այն է` ունենք հայրենիք, որից փախչում են և ունենք հայրենիք, որտեղ վերադառնում են: Ես զգուշացնում եմ բոլոր, բոլորին, ոչ չարությամբ, ոչ հեգնանքով, որովհետև իմ բնավորության մեջ դրանք չկան` ամենայն բարիությամբ, բայց ամենայն խստությամբ, անունը Սերժ է, Ռոբերտ է, Լևոն է, թե Րաֆֆի, մարզպետ է, թե քաղաքապետ է, ինքը պատասխան է տալու հայ ժողովրդի և մեր Սահմանադրության համապատասխան»:
Թեկնածուն այս ընտրությունները որակեց ընտրություն ողորմության և իրավունքի, խեղճության և հարստության, աշխատանքի և անգործության, արտագաղթի և վերադարձի միջև:
Ի դեպ, թեկնածուն խնդրեց ներողամիտ լինել իր առոգանության նկատմամբ, թեև ասաց, որ որոշ նմանություն կա իր ու գյումրեցիների արտասանության մեջ:
Վերջում հնչեցին երգեր «Ռեինկարնացիա» երաժշտական խմբի կատարմամբ ու գյումրեցիները` ահել, թե ջահել, սկսեցին մի լավ պարել ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նկարվել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԾՆՎԵԼ ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԻՐ ՄԵՋ ԾՆՎԵԼ.
ՍՏԱԽՈՍՈՒԹԻՒՆ ՉԳԻՏԻ ՈՐՈՎ “կոմոնիստ” ՉԻ ԵՂԵԼ.
1. ԴԻՎԱՆԱԳԵՏ ;
2. ՀԱՅՐԵՆԱՍԵՐ Է ԱԶԳԻՆ ՆՎԻՐՎԱԾ ;
ՈՉ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ ; ՍԵՓԱԿԱՆԱ ՇՆՈՐՀԵՑԻՆ ԵՒ ԿՈՂՈՊՏԵՑԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՍՏԱՆԻ ԵՒ ԱԶԳԻ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԸՍՏԵՂԾԵՑԻՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՎԵՐՋԻՆ 21 ՏԱՐԻՆԵՐԸ
ԻՆՉՊԻՍԻՆ ԵՂԱՆ “Նախորդները” ԵՒ ՆՈՅՆՊԻՍԻ ԿԸԼԻՆԵՆ “Հաջորդները” ԱՆԽՏԻՐ !
ՓԱՍՏԸ ՄՆԱԼՈՒ Է ՓԱՍՏ !
ԵՒ ԱՊԱԳԱՀՆ ԱՌՋԵՒՈՒՄ ԵՒ ԶԵՐ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ; ԵՒ ԻՄ “ՎԻԼՍՈՆԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ”-Ը !
Սիրելի Րաֆֆի, աստված տա, որ դու ընտրվես, դու ազնիվ և հայրենասեր մարդ ես, և ես ուզում եմ վստահ լինել, որ դու ժողովրդին կհանես այս ծանր և աղքատ վիճակից. աստված քեզ պահապան.