Մովսես Շահվերդյանը պնդում է, որ ՀԱԿ կուսակցություն ստեղծելու գաղափարը եղել է 2008-ից. Լեւոն Զուրաբյանն անձամբ է իր հետ խոսել այդ մասին
Պարույր Հայրիկյանի համար իսկապես պատմական պահ է ստեղծվել եւ այս նախագահական ընտրությունների ճակատագիրն իր ձեռքում է: Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը: «Լավ ճանաչելով Պարույր Հայրիկյանին` զարմացա քարոզարշավը շարունակելու նրա որոշման վրա: Եվ, ինձ թվում է, նա փոքր ինչ վրիպեց: Պարույր Հայրիկյանի համար, իմ տպավորությամբ իր անունն է, ինքը շատ է կարեւորում իր անունն ու անձը եւ այստեղ պահ էր ստեղծվել, որ նրա անունը կարող էր պատմության մեջ մտվել: Ու կարեւորն այն չէր թե նա նախագահական ընտրություններում կհաղթի՞, թե` չէ, այն ինչպե՞ս իր անունը կշրջանառվի եւ ի՞նչ տեղ կունենա մեր պատմության մեջ: Այս տեսանկյունից, կարծում եմ, Հայրիկյանը փոքր ինչ վրիպեց եւ հիմա, կարծես, փորձում է ուղղել: Ես հավանական եմ համարում, որ նա կօգտագործի պահը` հանուն իր անվան , այլ ոչ թե հանուն պաշտոնի»,- ասաց մեր զրուցակիցը:
Aravot.am-ի հարցին` ի՞նչ է տալու երկու շաբաթով ընտրությունների հետաձգումը քաղաքական դաշտին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ժամանակն, ամեն դեպքում կարեւորագույն գործոն է. «Կախված նաեւ նրանից, թե Պարույր Հայրիկյանն ի՞նչ պահանջով կդիմի ՍԴ` երկո՞ւ շաբաթ, թե` նոր ընտրություններ կպահանջի: Դրանք տարբեր բաներ են»:
Մովսես Շահվերդյանի կարծիքով, ճիշտ կլինի, եթե Հայրիկյանը նոր ընտրություններ պահանջի` անկախ նրանից, թե հետո ինչ ուժեր կընդգրկվեն այդ գործընթացում: «Հայրիկյանը այս ամենին ոչ թե քաղաքական ուժերի տեսանկյունից պետք է նայի, այլ իր հանդեպ ժողովրդի վերաբերմունքի, իր կատարած քայլի: Իսկ ժողովուրդն այսօր նորություններ է պահանջում, թեկուզ նոր ընտրությունների տեսքով ու եթե Պարույրն ավելի արմատական պահանջ դնի` ժողովրդի աչքին ավելի կբարձրանա, քան երկու շաբաթի դեպքում»: Նոր ընտրությունների դեպքում, բնականաբար նոր պատկեր կլինի: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը գտնում է, որ երկշաբաթյան գեներացիան էլ առավել արդյունավետ կլինի թե մասնակից ուժերի, թե հանրության համար:
Կարդացեք նաև
Անդրադառնալով` Հայ ազգային կոնգրես անվամբ նոր կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը, 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարած ՀԱՍԿ-ի նախագահն ասաց, որ նման խնդիր եղել է նաեւ դաշինքի ձեւավորվելու ժամանակ: Դեռ այն ժամանակ խոսակցություններ են եղել հենց կուսակցություն եւ ոչ թե դաշինք ստեղծելու մասին, բայց քանի որ համաձայնություն չի եղել, ստեղծվել է դաշինք: Լեւոն Զուրաբյանն անձամբ է իր հետ խոսել այդ մասին, ՀԱՍԿ-ը հրաժարվել է, քանի որ իրենց սկզբունքը եղել է պահպանել կուսակցությունը: «Այնպես որ, հենց այն ժամանակ էլ բոլորն էլ գիտեին եւ պետք չէ հիմա ձեւեր թափել»,- ասաց նա` հավելելով, որ այս պահին հիմնադրելով այդ կուսակցությունը Տեր-Պետրոսյանը բավականին ճիշտ քայլ է կատարում իր ու իր թիմակիցների համար, քանի որ քաղաքական դաշտում առաջացած վակումը արագորեն պետք է լցնել` հենց ընտրություններից հետո, հետընտրական գործընթացների ժամանակ: «Ո՞ւմ դա կհաջողվի` ընտրություններին մասնակից ուժերին, թե՞ չմասնակից, չեմ կարող ասել, բայց ով առաջինը քայլ արեց եւ արդյունավետ աշխատեց` նրա մոտ էլ կստացվի»,- ասում է ՀԱՍԿ նախագահը:
Ամեն դեպքում, նա ուրախ է, որ ի վերջո «սոցիալ» բառը դրվում է հայաստանյան քաղաքական գործընթացների հիմքում: Դա արտահայտված է նաեւ ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրերում եւ քաղաքական ուժերը սկսում են հասկանալ, որ առանց սոցիալական խնդիրների լուծման Հայաստանում չես կարող ժողովրդին քո հետեւից տանել: Այս իմաստով, ՀԱՍԿ նախագահը գտնում է, որ իր կուսակցության համար էլ է գործունեության դաշտ բացվելու: «Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծես արդեն մտածել է եւ որոշում կայացրել, բայց այստեղ մտածելու բան ունեն եւ Գագիկ Ծառուկյանը, եւ մնացած բոլոր այն ուժերը, որոնք հավակնություններ ունեն քաղաքական դաշտում դերակատարում ունենալու: Նրանք իրենց գործընկերների հետ պետք է իրենց քայլերը ճշտեն, քանի որ որեւէ ուժ միայնակ չի կարող մնան բեռ վերցնել իր վրա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ