Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապահով» Հայաստան ՔՑՈՂ կառավարությամբ

Փետրվար 10,2013 12:16

Արդեն մեկ տարուց ավել է, ամառ թե ձմեռ, ամեն ուրբաթ, մի խումբ տարեց մարդիկ հավաք են անում Հանրապետության Նախագահի նստավայրի մոտ: Իսկ մինչ այդ, սկսած 2009 թ-ից, ամեն հինգշաբթի, հավաք էին անում կառավարության շենքի մոտ:

Ովքե՞ր են նման համառություն ցուցաբերող այդ մարդիկ և ի՞նչ են պահանջում:

Այդ մարդիկ հաշմանդամ օդաչուներն են, որոնց, իրենց իսկ ասելով, կառավարությունը ՔՑԵԼ է:

Բանը նրանում է, որ նրանք դեռ խորհրդային միությունից, տարիներ շարունակ որպես օդաչու աշխատել են քաղաքացիական ավիացիայում, իսկ վերջում պետական ընկերություն` «Հայկական ավիաուղիներ»-ում:

Օդաչուների (բորտմեխանիկների) մասնագիտական հիվանդություն է համարվում խլացումը, որը ձեռք է բերվում տարիների ընթացքում: Այդ հիվանդությունն են ձեռք բերել նաև հաշմանդամ օդաչուները, որոնց, սակայն, կառավարությունը ՔՑԵԼ է բառիս բուն իմաստով և ահա թե ինչպես:

ՀՀ կառավարության 15.11.1992թ. հ. 579 որոշումը սահմանում էր մասնագիտական հիվանդության դեպքում վնասի փոխհատուցման կարգը, որի 16-րդ կետի համաձայն` կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ դրա բացակայության դեպքում` սոցիալական ապահովության մարմինը` պետական բյուջեի հաշվին:

Օդաչուներն էլ, նման որոշման պայմաններում իրենց մասնագիտական պարտականությունն էին կատարում և մասնագիտական հիվանդություն ձեռք բերում, վստահ լինելով, որ հաշմություն ձեռք բերելու դեպքում պետությունը կփոխհատուցի իրենց վնասը:

Այժմ տեսնենք, թե հաշմանդամ օդաչուներին ինչպես ՔՑԵՑ կառավարությունը, որը շարունակվում է մինչ օրս:

Կառավարության 27.03.2003թ. թիվ 331-Ա որոշմամբ «Հայկական ավիաուղիներ»-ի ավիափոխադրումների ողջ շուկան, այսինքն բոլոր չվերթերը, որոնք եկամուտի միակ աղբյուրն էին, հատկացվեց է «Սիբիր» և «Արմավիա» ավիաընկերություններին:

Այնուհետև Կառավարության 30.05.2002թ. թիվ 692-Ա և 11.12.2003թ. թիվ 1726-Ն  որոշումներով «Զվարթնոց» օդանավակայանի և «Հայկական ավիաուղիներ»-ի ամբողջ գույքը (այդ թվում շենքեր, շինություններ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և այլն) հաշվեկշռային արժեքով, այսինքն կոպեկներով, պետությունը վերցրեց (փոխանցեց) իրեն, այն դեպքում, երբ օրենքի պահանջն է շուկայական արժեքով փոխանցումը:

Վերը նշվածների արդյունքում «Հայկական ավիաուղիներ»-ը զրկված լինելով ինքնաթիռներից և չվերթներ կատարելու իրավունքից սնանկանում է, մեկ տարի անց ՀՀ տնտեսական դատարանի 26.03.2004թ. վճռով անվճարունակ է ճանաչվում և սկսվում է լուծարման գործընթացը, որը արհեստականորեն ձգվում է մինչ օրս:

Այդ ժամանակ հաշմանդամ օդաչուներն արդեն իսկ մասնագիտական հիվանդության պատճառով ազատվել էին աշխատանքից և փոխհատուցում էին ստանում:

Նման պայմաններում, «Հայկական ավիաուղիների» լուծարման դեպքում վերը նշված` ՀՀ կառավարության 15.11.1992թ. հ. 579 որոշման 16-րդ կետի համաձայն հաշմանդամ օդաչուների մասնագիտական հիվանդության փոխհատուցումը պետք է կատարվեր (շարունակվեր) պետական բյուջեի հաշվին:

Բայց դե մեր կառավարությունը ինչպե՞ս կարող էր նման բան թույլ տալ: Եվ ահա թե ինչ արվեց. կառավարությունը վերցրեց ու իր 22.07.2004թ. թիվ 1094 որոշմամբ ուժը կորցրած ճանաչեց կառավարության 15.11.1992թ. հ. 579 որոշման 16-րդ կետը, որը երաշխավորում էր մասնագիտական հիվանդություն ստացած անձանց` պետական բյուջեից փոխհատուցում ստանալու իրավունքը:

Հաշմանդամ օդաչուները կառավարության նման գործելակերպը համարելով Սահմանադրությանը և օրենքներին հակասող, հայցերով դիմում են դատարան, սակայն վարչական դատարանը հրաժարվում է անգամ նրանց հայցադիմումները վարույթ ընդունել ու նրանց զրկում է դատական պաշտպանության իրավունքից: Դրանով էլ փակվում է ՔՑՄԱՆ օղակը:

Ահա և վերջ. կառավարությունը ավիաընկերությանը զրկում է չվերթերի իրավունքից, այնուհետև կոպեկներով գույքը վերցնում է և ունեզրկում, դրանից հետո էլ դադարեցնում է մասնագիտական հիվանդություն ստացած հաշմանդամների վնասի հատուցումը, իսկ դատարաններն էլ վարույթ չեն ընդունում նրանց հայցերը: Այ սա էլ հաշմանդամ օդաչուները համարում են ՔՑԵԼ:

Այս ընթացքում, ի դեպ, հաշմանդամ օդաչուների շարքերը նոսրանում են, նրանք մահանում են, իսկ պետական բյուջեն` «շահում» է:

Հ.Գ. Ըստ հաշմանդամ օդաչուների, կառավարությունից մեկի մոտ բարձրացվել է նրանց հարցը, սակայն այդ կառավարիչն ասել է, որ բյուջեից գումար չունեն տալու, և որ հաշմանդամները կմահանան ու թեման կփակվի: Չեմ ուզում հավատալ, որ կառավարությունում կարող են նման բան ասել, բայց դե չհավատալու հիմք էլ չունեմ:

Ի դեպ, ըստ հաշմանդամ օդաչուների, այդ ցինիկությունն ասել է նա, ով երկրից արտագաղթը դրական էր բնութագրել, քանի որ հիմնականում արտագաղթում են դժգոհողները, ինչով էլ պակասում են ընդդիմախոսները:

 

Կարեն Մեժլումյան

փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սա է,՝ ռոբիկա- շեռժիկա-շաշիկա-ղարաբաղաբարո ,,դեպի ապահով Հայաստանը,,

  2. David says:

    Քցող կառավարություն, մեծն հայապետություն,թալանածդ վերադարձրու, որ հեռանանք խունտայից;Ապահովագրվենք խունտա-բթահիվանդանոցից;

  3. Ես անձամբ եմ ճանաչում այդ օդաչունեչին, քանի որ ինքս եմ նրանց հետ մեկտեղ, տարուց ավելի Նախագահականի դիմաց / դրան զուգընթաց Կառավարության շենքի առջև, հինգշաբթիօրերին/ իմ անձնական բողոքի աքցիան անցկացնում, պահանջելով վտարել իմ սեխական տանից ու հողամասից 22 հոգի ապօրինի բնակիչներին: Վերջիններս, հանդիսանալով իմ հայրասպանի ու նրա քրոջ ժառանգները, բնակվում են իմ հայրական տանը իմ իսկ հոր իրավահաստատող փաստաթղթի հիման վրա, այսիւքն` առանց որևէ հիմքի: Դիմելով դատարան և ներկայաղնելով սպառիչ ապացույցներ մեր ` Աթոյաններիս, միանձնյա սեփականության վերաբերյալ ողջ գույքի նկատմամբ, ոչ միայն որևիցե արդյունքի չհասանք, այլև միբան էլ մեր 60 տարվա գույքից առանձնացվեց մի մասը և կրկին տրվեց այգ կրիմինալ քույր և եղբոր ժառանգներին, հիմք ընդունելով ոչ թե մեր հիմնական իրավաբանական /իրավահաստատող/ փաստաթուղթը, այլ դրան հակասող 4 անգամ անգրագիտորեն կեղծված առուվաճառքի պայմանագիրը: Այսինքն` միտումնավոր նվազեցնելով մեր բաժնեմասը, իբր մեզ պատկանում է ամբողջ գույքի չնչին մասը, որպեսզի ՀՀքաղ. օր-քի հայտնի հոդվածի համազայն այն դրվի աճուրդի /հրապարակային սակարկությունների միջոցով/ ու բավարարվի գողերի և կեղծարարների էլ ավելի լկտի պահանջը: Միժամանակ` ջնջելով հրեշավոր գողության, լայնամասշտաբ կեղծիքների հետքերը, մեզ, իրական սեփականատերերիս թողնելով բաց երկնքի տակ: Ի դեպ ասեմ, որ օկուպացված է մեր տան ու տնամերձ հողամասի 5/6 մասը և 3 բնակ տարածք, մեր աչքի առաջ, գողերի կողմից հանձնվում է Նոտարիատի վարձակալության վերջինիս , որն էլ կեղծել է թվով 4 առուվաճառքի պայմանագրերը իր ձեռքի տակ ունենալով դրա բնագիրը, ինչպես նաև մեր իրավահաստատող փաստաթուղթը բնագրով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728