Հայաստանի «Մուայ-թայ K.O» ֆեդերացիայի չորս պատանի մարզիկներ օրերս Դոնի Ռոստովում անցկացված մարզաձեւի «Համառուսաստանյան բաց մրցաշարում», որտեղ խաղարկվում էր «Դոնի գավաթը», նվաճել են երկուական ոսկե եւ արծաթե մեդալ:
Այդ առիթով «Արմատ» մամուլի ակումբում կազմակերպված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ֆեդերացիայի նախագահ Էրիկ Օհանյանն ասաց, որ սա բավականին լուրջ արդյունք է, քանի որ ընդամենը երեք տարի գործող ֆեդերացիայի սաներն առաջին անգամ էին մասնակցում միջազգային մրցաշարի եւ իրենց ցուցադրեցին բարձր վարպետությամբ եւ հաղթանակի հասնելու կամային որակներով:
Ոսկե մեդալ նվաճել են Նարեկ Գրիգորյանը (12-13 տարեկաններ, 45-48 կգ քաշային կարգ) եւ 14-15 տարեկանների մրցաշարում մինչեւ 36 կգ քաշային կարգում հանդես եկած Արման Նավասարդյանը: Իսկ մեր հավաքականի մյուս երկու անդամները՝ 42-45 կգ քաշային Խաչիկ Ղազանչյանը (14-15 տարեկաններ) եւ Հակոբ Պետոյանը՝ +18 տարեկանների 51-54 կգ քաշային կարգ, արժանացել են արծաթե մեդալի:
Ֆեդերացիայի փոխնախագահ եւ հավաքականի գլխավոր մարզիչ Սմբատ Հարությունյանը հավելեց, որ մրցաշարին մասնակցում էին Ռուսաստանի տարբեր քաղաքների, Բելառուսի՝ ամբողջ հավաքականով, Լատվիայի, Հայաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները եւ որ բացի հայաստանցիներից, բոլորը միջազգային ռինգերում պայքարի բավականին հարուստ փորձ ունեին: «Այնպես որ, մեր տղաների ցուցանիշներից գոհ ենք եւ կարծում ենք, որ մեր ֆեդերացիայում աշխատանքները ճիշտ հունով են տարվում», – եզրափակեց Սմբատ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ