Մհեր Եղշատյանի ընտանիքը բնակվում է ուրիշի տանը
Փետրվարի 9-ի առավոտյան Տավուշի մարզի Մովսես գյուղի պաշտպանական դիրքերում ադրբեջանական կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված Մհեր Եղշատյանը: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ Մհերը ընտանիքի միակ կերակրողն էր, նրա զոհվելուց հետո ընտանիքը մնաց առանց գոյության միջոցների, գյուղապետարանն է օգնելու անչափահաս 3 երեխա ունեցող ընտանիքի գոյատեւմանը: Մհեր Եղշատյանի ընտանիքը սեփական տուն չունի եւ Մովսեսում բնակվում է ուրիշին պատկանող տանը:
Գյուղապետի խոսքերով՝ փետրվարի 9-ին ադրբեջանցիները գնդակոծությունը սկսել են Այգեպար գյուղից, հետո կրակոցներ արձակել Մովսեսի ուղղությամբ:
Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանից տեղեկացանք,որ փետրվարի 9-ին, ժամը 15.30-ից մինչեւ 20-ը ադրբեջանական զինուժը ընդհատումներով գնդակոծել է սահմանամերձ Չորաթան գյուղը,վնասվել է 4 առանձնատան տանիքի ծածկը:
Կարդացեք նաև
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից ստացված տեղեկատվությամբ` հայկական զինուժը պատասխան կրակ է բացել, որից հետո ադրբեջանցիները գնդակոծությունները դադարեցրել են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ