Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփրթնած բորտ ուղեկցորդուհիները, կիսամեռ անգլիացին եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մերսումը» (Տեսանյութ)

Փետրվար 10,2013 10:27

Վիեննայի օդանավի պատմությունն՝ ականատեսի աչքերով

 Մինչ նախընտրական քարոզչական անցուդարձը, ֆեյսբուքում բուռն քննարկումների տեղիք տվեց Վիեննա մեկնող օդանավի ուղեւորներից մեկի՝ Տարոն Առաքելյանի գրառումն  այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնաթիռում փրկել է 60-ամյա օտարերկրացի մի տղամարդու կյանք՝ նրան արհեստական շնչառություն տալով եւ սիրտը ռիթմիկ մերսելով:

Տարաբնույթ մեկնաբանություններ եղան, որ Րաֆֆի Հովհաննիսյանի PR-ն էր դա, որ սարքած է եւ այլն:

Aravot.am-ը այս առնչությամբ զրուցեց այդ միջադեպի անմիջական ականատեսի՝ Գայանե Ավետիսյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ էր կատարվել նոյեմբերի 7-ին Վիեննա մեկնող օդանավում եւ ինչպես է հաջողվել Րաֆֆի Հովհաննիսյանին, չունենալով բժշկական կրթություն, վերակենդանացնել գետնին անշնչացած ընկած մարդու:

Գայանեի պատմելով՝ «Մենք աղջկաս հետ մեկնում էինք Վիեննա՝ ընկերների մոտ հանգստանալու: Այնպես ստացվեց, որ ինքնաթիռում պատահական նկատեցինք Րաֆֆի Հովհաննիսյանին, ընդ որում, պարզվեց, որ ինքը նստում էր հենց մեր կողքին՝ մեր շարքում: Երբ ինքնաթիռն արդեն վերելք էր կատարում, այդ պահին դիմացից մի տղամարդ բարձրացավ եւ փորձեց դուրս գալ այն պահին, երբ ամրագոտիները պետք է կապեինք: Ինքն արձակեց ամրագոտին եւ դուրս եկավ միջանցք եւ հենց միջանցքում վայր ընկավ: Այդ պահին բորտ ուղեկցորդուհիները խառնվեցին իրար, սկսեցին բղավել՝ is there a doctor, is there a doctor?: Մինչ նրանք բժիշկ էին ման գալիս, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ծնկաչոք օգնություն էր ցուցաբերում»:

Գայանեն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին մինչ այդ միայն հեռուստատեսությամբ է տեսել եւ անձամբ չի ճանաչել:

Ականատեսը նկարագրեց, թե ինչպիսի խուճապ է ստեղծվել այդ պահին օդանավում, երբ տեսել են ուշագնաց տղամարդուն. «Բորտ ուղեկցորդուհիները սփրթնեցին՝ բառի բուն իմաստով, չգիտեին ինչ անել: Գոռում էին՝ ինչ-որ մեկը կա՞ իրենց օգնի, բայց մասնագետ չկար, որ օգներ: Մինչ նրանք գոռում էին, Րաֆֆին  արդեն օգնություն էր ցուցաբերում, այ դա էր ինձ համար հետաքրքիր, որ նա ծնկաչոք էր: Ես չհասկացա, թե ինչքան տեւեց դա: Մարդն ուշագնաց էր՝ առանց զարկերակի, առանց շնչելու եւ իհարկե, տեղիք կար անհանգստանալու: Պանիկա էր ստեղծվել, բայց Րաֆֆին իրեն չկորցրեց: Երբ որ նա սկսեց անել սրտի մերսում, արհեստական շնչառություն տալ, ես չհասկացա այդ պահին, թե դա ինչքան տեւեց, ժամանակի զգացողությունը կորցրել էի: Բայց ի վերջո այդ մարդու զարկերակը սկսեց աշխատել, մարդը սկսեց շնչել: Ժողովուրդը, որ նստած էր սրահում, ոնց որ հոլիվուդյան ֆիլմերում քիչ մնաց վեր կենար, ամրագոտիներն արձակեր եւ ծափահարեր»:

Անձամբ Գայանեն չի համբերել եւ մոտեցել, սեղմել է Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքը: Ականատեսը պատմում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միջադեպից անմիջապես հետո գլուխը թեքել եւ հանգիստ քնել է՝ թույլ չտալով որ մարդիկ մոտենան, իրենց շնորհակալությունը հայտնեն:  Միայն մի պահ Գայանեն նկատել է, թե ինչպես են ավստրիացի բորտ ուղեկցորդուհիները երախտագիտությունից շոյել Րաֆֆի Հովհաննիսյանի ուսերն ու ասել՝ «thank you»:

Ինչ վերաբերում է PR անելուն՝ Գայանե Ավետիսյանի խոսքերով՝ «այսինքն, ինքը էդ անգլիացուն  գումար էր տվել, որպեսզի ինքը վատանար, ընկներ ու արհեստական մերսումո՞վ այնտեղ զբաղվեր: PR-ն այսպե՞ս են հասկանում, հա՞: Իհարկե, անհեթեթություն է: Անկեղծ էր ամեն ինչն ու շատ բնական»:

Տիկին Գայանեն համոզված է, որ հատկապես կինը ծրագրերով չի ընտրում, բանավեճեր դիտելով չի ընտրում, ընտրում է սրտով ու «եթե այդ մարդը վերակենդանացրեց անծանոթ մի մարդու, ես մտածում եմ, գուցե նման մարդը, լինելով նախագահ, կկարողանա վերակենդանացնել  եւ մեր երկիրը»:

Ի դեպ, ավելի ուշ պարզվել է, որ նույն օդանավում եղել են նաեւ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ նույն կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, որոնք, սակայն, ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, «էկոնոմ կլասսով» չեն ուղեւորվել ու մասնակից չեն եղել միջադեպին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Այո, դա այդպես էր: Ես եղելության ականատեսն ու վկայողն եմ: Քիչ ավելի հետ էի նստած:

  2. Շուշան says:

    Րաֆֆի Հովհաննսիյանը միշտ հայտնվում է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, ինչպես հիմա մեր հայաստանյան իրականության մեջ: Իսկ բարին և համեստությունը վաղ թե ուշ հաղթում են , և հաղթում են ՄԻԱՍԻՆ: ՄԻԱՍԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է………………….

  3. Artur says:

    Րաֆֆին կարգին մարդ է: Նա կարող է Հայաստանը տանել զարգացման Ամերիկյան մոդելով (ի նկատի ունեմ Վրացական):

  4. NUNE says:

    ՄԵՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԻՏԻ ԸՆՏՐԵՆՔ ՐԱՖՖԻԻՆ ԱՆԽՈՍ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728