Այսօր Մոսկվայի Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում ավարտվում է շախմատի «Moscow Open 2013» փառատոնը, որը նաեւ Ռուսաստանի գավաթի փուլ է:
Հայաստանի ներկայացուցիչները դժվար թե կարողանան մրցանակային տեղերի հավակնել: Տղամարդկանց «A»՝ ուժեղագույնների, խմբում եզրափակիչ տուրից առաջ մեր շախմատիստներից առավել բարձր դիրք է զբաղեցնում գրոսմայստեր Հովյաննես Գաբուզյանը: Նա ութ հնարավորից 5,5 միավորով 20-րդն է եւ մեկ միավորով ետ է մնում յոթ առաջատարներից: ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը 5,0 միավորով 37-րդն է, իսկ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը 67-րդը՝ 4,5 միովորով:
Կանանց «B» խմբում Լիլիթ Գալոյանը, չնայած 6,0 միավորով 13-րդն է, սակայն այլեւս չի պայքարում հաղթողի կոչման համար, քանի որ 1,5 միավոր զիջում է առաջատարին՝ ռուսաստանցի միջազգային վարպետ Մարինա Ռոմանկոյին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ