Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական հավաքարարը Սերժ Սարգսյանին. «Թող մեր իշխանությունները մի քիչ խղճի դռները բացեն»

Փետրվար 09,2013 23:54

Այսօր  սոցիալապես անապահով մի խումբ արթիկցիներ հավաքվել էին մշակույթի տան դիմաց` երկրի նախագահին անձամբ տեսնելու  ու նրան իրենց խնդրանք –նամակը փոխանցելու: Հավաքվածները  մեզ վստահեցնում էին, որ իրենք նախագահի ջերմ երկրպագուն են, ՀՀԿ անդամ են, և որ համոզված են` նախագահն իրենց կլսի ու կընդառաջի:

Կանանցից մեկը` Արթիկի մարզահամալիրում որպես  հավաքարար աշխատող  Թամարա Մատինյանը, Aravot.am-ին ասաց. «Իմ տղան էս պահին  զինվորական ծառայության մեջ է ,սահմանի բերանում է,  սովորում  է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի 2-ր կուրսում: Ես մտահոգ եմ,  որ նոյեմբերին  կզորացրվի: Ես լրագրողի` Արտավազդ Մատինյանի կինն եմ , ամուսինս մահացած է, մեր նախագահի հատկացրած աշխատավարձն էլ  35 հազար  դրամ է, մտահոգվում եմ ,  որ էրեխաս եկավ,  ինչպե՞ս վճարը տամ , որ կրթությունը շարունակի: Եվ հետո որտե՞ղ մնա, գոնե  հանրակացարանի մի անկյուն հատկացնեն գիշերելու տեղ ունենա ու համալսարան գնա-գա: Ես պետք է առաջին կիսամյակի վճարը մուծեմ, որ թույլատրեն ուսումը  շարունակելու: Վճարը 350 հազար դրամ, եթե էսօրվանից իմ 35 հազար դրամ աշխատավարձը հավաքեմ, էլի չի կարողանա տղաս սովորել, չեմ հասցնի», -ներկայացրեց տիկինը:

Aravot.am-ը հետաքրքրվեց, եթե Սերժ Սարգսյանը իր խնդրանքին չընդառաջի,    լրագրողի  կինը կգնա ու նրան կընտրի՞: « Եթե չվճարեն, ուրեմն  էրեխեն դուրս կմնա, ես էդ մտքի հետ ի՞նչ ձևով հաշտվեմ, որ գաղափարապես զարգացած երեխան մնա տունը:  Բա ի՞նչ պիտի անեմ,  ես էս իշխանության անդամ եմ, սա բողոք չէ, իմ խնդրանքս է իմ նախագահիս: Գոնե ես էլ ինձ մի քիչ ապահովված զգամ, 35 հազար դրամով հոգուդ մեռնիմ ինչպե՞ս ապրիմ: Էնքանով գոհ եմ, որ աշխատատեղ ունեմ: Պրեզիդենտի ամեն այցին ներկա եմ գտնվել, բոլորին ճանաչում եմ,  ես ցանկանում եմ, որ մեր ընտրությունները  անցնեն առողջ, անփորձանք, անվնաս: Թող Աստված ամեն մարդու սրտով իրան տա, մի քիչ էլ մեր իշխանությունները խղճի դռները բացեն. մեզ պես չքավորներին օգնության հասնեն: Հույս ունենամ, որ իմ խնդրանք- աղաչանք-պաղատանքս կհասնի մեր պրեզիդենտին», -ասաց ՀՀԿ-ական տիկինը, որին շարքային կուսակցական  լինելու համար չէին հրավիրել  Արթիկի մշակույթի  տուն նախագահի հետ հանդիպման: Հրավիրված էին միայն գյուղապետերը ու արթիկցի պաշտոնյաները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել