Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը իր ֆեյսբուքյան էջում բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին՝ ՀՀ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկով:
Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայրիկյանը բացելով փակագծերը, ասել էր,թե որպես միասնական թեկնածու հանդես կգա ինքը, բայց որեւէ հրամանագիր չի ստորագրի առանց Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի համաձայնության, այսինքն՝ կլինի միասնական նախագահության նման մի բան:
Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե Ր. Հովհաննիսյանը ներկայումս մարզական հանդիպումների է, հետեւաբար Հայրիկյանի առաջարկին կպատասխանի վերադարձից հետո, իսկ Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը ասել էր, թե Հրանտ Բագրատյանը կպաստասխանի երեկոյան: Եվ ահա, Հրանտ Բագրատյանն իր Ֆեյսբուքյան էջում պատասխանել է Պարույր Հայրիկյանի բաց նամակին: Ներկայացնում ենք այն.
«Սիրելի Պարույր,
Այսօր մամուլում կարդացի քո բաց նամակը ուղղված ինձ: Այն ինձ զարմացրեց: Նախ, դու միշտ էլ հնարավորություն ունես ինձ զանգելու, մենք դա հաճախ ենք անում եւ կարիք չունես ինձ բաց նամակով դիմելու: Երկրորդ. այդ նամակում ներառված փաստերը ինձ համար անհասկանալի են եւ չեն համապատասխանում իրականությանը: Այսպես օրինակ. նամակից հետո չսպասելով պատասխանի, մամուլով հայտարարում ես, որ Բագրատյանը ասել է, թե քո` ՍԴ դիմելը ուշ է: Պարույր, կարո՞ղ ես աղբյուրը ցույց տալ. որտեղից գիտես, որ ես նման բան եմ ասել; Հիմա` ըստ էության: ՍԴ դիմելու մասին մենք հստակ հայտարարություն ենք արել եւ դա քեզ հայտնի է: Դիմել, թե չդիմել, դա քո իրավունքն է եւ խնդիրը: Իմ կարծիքը դու գիտես: Երկրորդ. ընտրությունները հետաձգելը ի՞նչ կապ ունի միասնական թեկնածուի գաղափարի հետ: Մենք այդ քայլի հնարավորությունը քննարկում էինք, նույնիսկ համատեղ հայտարարություն ստորագրեցինք: Դրանից երկու օր հետո քեզ վրա կրակեցին: Եվս մեկ անգամ հայտնելով քեզ իմ զորակցությունը, հույս ունեմ, որ ամեն ինչ կպարզվի եւ ամեն ինչ, ի վերջո, կհարթվի ու տեղը կընկնի: Արդ, միասնական թեկնածուի հարցը մենք կարող ենք եւ պետք է քննարկենք, բայց դա կապ չունի քո` ՍԴ դիմելու խնդրի հետ:
Հրանտ Բագրատյան
09.02.2013թ.»:
Կարդացեք նաև
Անչափ ուրախ եմ այս,՝ թեկուզ փխրուն երկխոսությանը, միք կորցնի առիթը: Փրկեք ազգին այս
ողորմելի վիճակից: Դուք կլինեք մեր պատմության երեք բարեգործ հսկաները, որոնք երկիրը
հրաշքով կփրկեն կործանումից: Աստված ձեզ պահապան, իսկ Դուք հայ ազգին պահապան: Կոչ եմ
անում բոլոր բարի մարդկանց,՝ աստվածին խնդրել Ձեր միասնությունը: Իսկ դուք մանրուքները
հաշվի մի առեք: Ձեր ձեռքում է ազգի ճակատագիրը: