Վերջին մի քանի ամսում Եվրատեսիլին անդրադարձել ենք գրեթե յուրաքանչյուր շաբաթ. այս մեկն էլ բացառություն չէ:
«Մանկական Եվրատեսիլ 2013»-ի կազմակերպիչները որոշել են, թե որտեղ է անցկացվելու այն. եվրոպական երկրների մի քանի հեռարձակողներից վերջիններս նախապատվությունը տվել են ուկրաինական NTU հեռարձակողին: Այս մասին գրել է armstar.am -ը:
«Մենք զգացինք, որ եղած տարբերակներից ամենաուժեղը NTU-ի հայտն է: Շնորհակալ եմ համագործակցության մեր նախորդ փորձի համար: Մենք հրաշալի շոու ենք սպասում Կիևից»,- ասել Վլադիսլավ Յակովլևը` Մանկական Եվրատեսիլի գործադիր տնօրենը: NTU-ն կազմակերպել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2009»-ը:
Մանկական Եվրատեսիլից բացի նորություններ կան նաև մեծերի Եվրատեսիլի մասին: Արդեն գիտենք, որ Հայաստանն այս տարի ներկայացնելու է Գոռ Սուջյանը: Նրա համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն արդեն ստացել է մոտ 50 երգի հայտ, սակայն, ցավոք, քանակը որակ չի տալիս:
Ըստ «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի՝ հայտերի մեծամասնությունը «Հ1»-ը ստացել է արտերկրից: «Իհարկե, որակական իմաստով չէի ասի, որ հուսադրող են: Նրանք այն կոմպոզիտորներն են, որոնք երգեր ուղարկում են մի քանի տեղ, դեռ հետաքրքիր եւ ակնհայտ լիդեր երգ չկա»,- նշել է նա և հույս հայտնել, որ հայ կոմպոզիտորների ներկայացավելիք երգերից մեկը կընտրվի:
Հայ կոմպոզիտորներից երգի հայտ են պատրաստվում ներկայացնել Գոռ Սուջյանը, Արա Մարտիրոսյանը, Լազառոն, գրում է News.am-ը:
Մինչ Գոռ Սուջյանը կգնա Եվրատեսիլ ու կներկայացնի իր կատարումը, այստեղ՝ Երևանում, իր ռոքային կատարումներով մենահաներգ կունենա «The Beautified Project» խումբը: «Խմբի տղաները շուրջ վեց ամիս դադարից հետո մարտի 21-ին Տիկնիկային թատրոնում հայ երկրպագուների համար հնչեցնելու են իրենց հեղինակային անգլալեզու հայկական ռոքը, – հայտնել է Bravo.am-ը , – խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանն ասել է, որ համերգին նվագելու են ոչ միայն իրենց երգացանկի հայտնի երգերը, այլեւ` դեռ չթողարկված ալբոմից մի քանի նոր գործ»:
Երգչուհի Ռիփին էլ ոչ միայն չի պատրաստվում համերգներին ու այլ նախագծերին ելույթ ունենալ, այլև որոշել է հեռանալ Հայաստանից ընդմիշտ: Bravo.am-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ բացել է մի քանի գաղտնիքներ. «Բոլորը գիտեն, որ անձնականիցս չեմ սիրում խոսել, բայց ասեմ` մի քանի ամիս առաջ նշանվել եմ: Սիրելիս` Կարենը, շոու-բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունի: Իսկ ինչ վերաբերում է ամուսնանալուն, ապա մենք չենք շտապում, քանի որ այս շրջանը երկուսիս համար էլ գործնական է, – ասել է երգչուհին, – երկուսս էլ ստացել ենք գործնական հրավերներ ու պատրաստվում ենք ընդմիշտ հեռանալ Հայաստանից: Մեկնելու կոնկրետ ժամկետներ դեռ չեմ կարող ասել, բայց այսօր էլ զբաղված ենք դրա հետ կապված երկար ու բարդ գործընթացով»:
Տիգրանուհի Թասլակյան