Վարդ Ղազարյանը` Տերյանի մասին
Այսօր Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրվա առթիվ տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` կազմակերպված Տերյան մշակութային կենտրոնի, Գրողների միության եւ Ջավախք հայրենակցական միության կողմից:
Aravot.am-ը զրուցեց բանաստեղծ Վարդ Ղազարյանի հետ, ում պապը եւ Տերյանը երկու եղբոր թոռներ են եղել:
«Ես մանկուց տարված եմ եղել Տերյանով, ով հազվագյուտ, հզոր երեւույթ է: Նրա յուրաքանչյուր բանաստեղծություն մի տաճար է, որն անգամ վերլուծության կարիք չունի: Տերյանը լեզվի շինարար է, որի բանաստեղծություններով երեխաները լեզուն են սովորում եւ դաստիարակվում հայրենասիրական ոգով: Մատաղ սերունդը պետք է կարդա Տերյանին, Չարենցին, Իսահակյանին, Շիրազին, որովհետեւ քերականությունը օրենքներ է սովորեցնում, իսկ պոեզիան` լեզու»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Ղազարյանի խոսքով` «Մինչ օրս հայ գրականությունը գնում է Տերյանի բացած ճանապարհով: Յուրաքանչյուր սկսնակ գրող «ազդվում» է նրանով: Ինչպես Թումանյանն է ասում, Տերյանի բացած ճանապարհն այն ոսկյա սանդուղքն է, որով սկսնակը վեր է բարձրանում: Իսկ Իսահակյանն ասել է, որ Տերյանի կորուստը չգոցված վերք է: Նրան շատ են սիրել մեր գրողները եւ թողել իրենց հուշերը մեծ բանաստեղծի մասին»:
Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ եթե Տերյանը բանաստեղծ չլիներ, ապա կլիներ մեծ գիտնական. «Նա մի շարք լեզուներ է ուսումնասիրել, իսկ կյանքի վերջին տարիներին` քրդերեն: Հավանաբար, ինչ-որ բան էր ցանկանում թարգմանել: Նա ասում էր` եթե ուզում ես որեւէ գրողի գործ թարգմանել, պետք է սովորես կարդալ նրան: Երբ Տերյանը թարգմանեց Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը», գնահատական տալու առումով չափազանց շռայլ Մառը այդ թարգմանությունը «արեւի կտոր» անվանեց եւ ասաց, որ կարծես Ռուսթավելին ինքն է հայերեն բանաստեղծություն գրել»:
Պարոն Ղազարյանի համոզմամբ. «Տերյանն իր կյանքը նվիրել է հայ ժոողովրդին: Եթե նա չմահանար, Չարենցի պես անհատի պաշտամունքի զոհ կդառնար»:
Բանաստեղծը նաեւ նշեց, որ թեեւ 85 տարեկան է, բայց Տերյանի գրեթե բոլոր բանաստեղծություններն անգիր գիտի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ