Լրահոս
Օրվա լրահոսը

«Ր. Հովհաննիսյանը ԲՀԿ-ի համակիրներից ավելի մեծ աջակցություն է ստանում, քան գործող նախագահը». Սթիվ Շվարցեր

Փետրվար 09,2013 15:48

«Այժմ մենք տեսնում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին ունի առավել վստահ ընտրողներ, որոնց թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է նրան հաջորդող Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին: Այդուամենայնիվ, հարցվածները նշում են, որ առայժմ Ր. Հովհաննիսյանի քարոզարշավն ավելի համոզիչ է թվում՝ կենտրոնանալով հիմնականում տնտեսական խնդիրներին ուղղված քարոզչության վրա: Հետաքրքրական է, որ նա այժմ ԲՀԿ-ի համակիրների ավելի մեծ աջակցություն է ստանում, քան գործող նախագահը, ինչը հստակ տարբերվում է մեր նախորդ հարցման տվյալներից»,-այս մասին «Երևան» հյուրանոցում ասաց TNS opinion բրյուսելյան գրասենյակի՝ մեթոդների եւ վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը:

Այսօր՝ նախագահական ընտրություններից 9 օր առաջ,TNS opinion-ը ներկայացնում է

Է «Հայաստանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները եւ մտադրությունները, ինչպես նաեւ թեկնածուների ընթացիկ քարոզարշավի վերաբերյալ մարդկանց տեսակետները: 2013-ի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 1.609 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել ՀՀ բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում:

Ըստ ստացված արդյունքների, եթե նախագահական ընտրությունները կայանային նախորդ շաբաթ, Սերժ Սարգսյանը կհավաքեր 58,0% (-10,6% 2013-ի հունվարի մեր հարցման տվյալների համեմատ) վավեր քվե (վավեր պատասխանները չեն ներառում «Դժվարանում եմ պատասխանել» եւ «Հրաժարվում եմ պատասխանել» տարբերակները, իսկ չմշակված տվյալները ներառում են դրանք՝ կազմելով 40,2% (-3,8%): Հարցման համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստանում է 33,0% (+12,2%) վավեր քվե (չմշակված տվյալները՝ 22,9% (+9,6%):

Պարզելու համար ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը՝ TNS opinionը գնահատել է նաեւ քվեարկելու հաստատակամությունը եւ վերլուծել այն հարցվածների բնութագրերը, ովքեր չեն բացահայտել ընտրելու իրենց մտադրությունները: Համաձայն այդ վերլուծության՝ Ր. Հովհաննիսյանն այժմ գտնվում է 26%-34% միջակայքում, իսկ Ս. Սարգսյանը՝ 58%-66%, եւ առաջին փուլում գործող նախագահի հաղթանակը շատ հավանական է՝ հիմնվելով ընտրություններից երկու շաբաթ առաջ տիրող իրավիճակի վրա:

Շվարցերը նշում է, որ հունվարի 31-ին (այս հարցման դաշտային աշխատանքի առաջին օրվա ավարտին) դեռեւս չպարզված հանգամանքներում ուսին հրազենային վնասվածք ստացած թեկնածու Պարույր Հայրիկյանի ընտրողները հիմա շատ ավելի վստահ են, որ իրենց որոշումը վերջնական է, նաեւ աճել է հասարակության տեղեկացվածությունը Հայրիկյանի մասին: Այնուամենայնիվ, նրա ընտրողների թիվը մնում է կայուն՝ կազմելով 4,9% վավեր քվե: Հրանտ Բագրատյանն այժմ հավաքում է 1,6% պակաս ձայն, քան հունվարին՝ ստանալով 2,8% վավեր քվե: Ինչպես եւ հունվարին, հարցվածները մեծամասամբ ծանոթ չեն մյուս չորս թեկնածուներին, ովքեր միասին հավաքում են 1,5%-ից պակաս վավեր քվե:

ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքն ասաց, որ իրենց համար ուրախալի անակնկալ էր այս ընտրությունների նկատմամբ հարցվածների վստահությունը:

« Ընտրությունները նախորդներից ավելի կազմակերպված կլինեն, նրանք նաեւ կարծում են, որ ԶԼՄ-ների լուսաբանումը ավելի չեզոք եւ անաչառ է, քան նախկինում: Մարդկանց թիվը, ովքեր հաստատում են ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը, գրեթե նույնն է, ինչ 2012-ի մայիսի առավել մրցակցային ընտրությունների ժամանակ», ,-ասաց Մայքլ Քամբեքը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728