Արդյունաբերական ռազմավարության շրջանակներում ՀՀ կառավարությունը տնտեսության մի շարք ոլորտներ հայտարարել է գերակա, այդ թվում նաև` դեղագործությունն ու ճշգրիտ ճարտարագիտությունը:
Հիմք ընդունելով այս ոլորտներում կառավարության գործողությունները և ռազմավարական ծրագրերը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը կազմակերպում է մեծամասշտաբ ցուցահանդես, որտեղ կներկայացվի Հայաստանում գործող քիմիական ձեռնարկությունների արտադրական ողջ ներուժը։
Հայաստանյան քիմիական ընկերությունների արտադրատեսակների իր նախադեպը չունեցող մեծ ցուցահանդեսում կմասնակցեն ոլորտի ավելի քան 50 կազմակերպություններ, որոնց շարքում են «Նաիրիտ» ՓԲԸ-ն, մարտկոցներ արտադրող տարածաշրջանում հայտնի միակ ձեռնարկությունը՝ «Էլբատ» ՓԲԸ-ն, Կենցաղային քիմիայի գործարանը, Բյուրեղավանի «Սարանիստ» ապակիների գործարանը, ֆիլտրող նյութեր արտադրող «Դիատոմիտ» ՓԲԸ-ն, մի շարք դեղագործական ձեռնարկություններ («Վիտամաքս», «Լիզին» և այլն), կղմինդր և կերամիկա արտադրող «Մ և Մավռ» ԲԲԸ-ն, Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները և այլն։
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է հասարակությանը, մասնավորապես դպրոցականներին և նրանց ծնողներին իրազեկել Հայաստանի քիմիական արտադրության զարգացման տեմպերի մասին, ծանոթացնել գործող կազմակերպություններին և դրանց թողարկած արտադրատեսակներին։
Կարդացեք նաև
Բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 14.00-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 2-րդ մասնաշենքի մեծ ճեմասրահում:
Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև փետրվարի 15-ը:
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ
կապերի և տեղեկատվության բաժին