Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուի ՍԴ դիմելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է

Փետրվար 09,2013 15:37

ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է: Սա բխում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի` Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի կամ վերացած ճանաչելու վերաբերյալ գործերի քննությունը կանոնակարգող 75-րդ հոդվածի պահանջից:

Հիշյալ հոդվածի համաձայն՝ Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով Սահմանադրական դատարան կարելի է դիմել ոչ ուշ, քան Հանրապետության Նախագահի ընտրության օրվանից ութ օր առաջ։

Այս գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

ՍԴ-ն գործն ընդունում է քննության, այն քննում և գործով որոշում է ընդունում դիմումը ստանալուց հետո` չորսօրյա ժամկետում։

Օրենքն ամրագրում է նաև, որ ՍԴ-ն կարող է անհաղթահարելի ճանաչել այն խոչընդոտները, որոնք արդեն իսկ առաջացել են և տվյալ թեկնածուից անկախ պատճառներով անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացներին:

ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածով և ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված է, որ թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում քվեարկությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով:

Օրենսդրությունը, սակայն, չի հստակեցնում հետաձգման հետ կապված գործընթացները, և գործնականում էլ նման նախադեպ չի եղել: Ենթադրվում է, որ ՍԴ-ն քվեարկությունն երկշաբաթյա ժամկետով հետաձգելու մասին որոշում կայացնելու դեպքում, ըստ ամենայնի, նաև կհստակեցնի իրավակիրառության հետ կապված հարցերը:

Այս պահին կարող ենք միայն արձանագրել, որ նախօրեին լրացել է ՀՀ նախագահի թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեաթերթիկի նմուշը: Այն արդեն «Տիգրան Մեծ» տպագրատանն է, և փետրվարի 8-ի ժամը 20-ից սկսվել է քվեաթերթիկների տպագրությունը:

Ինչպես նախօրեի երեկոյան կայացած նիստում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, փետրվարի 15-ին և 16-ին քվեաթերթիկները տպագրատնից կտրամադրվեն բոլոր 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին: Քվեաթերթիկների տպագրության և բաշխման գործընթացներին կարող են հետևել ՀՀ նախագահի թեկնածուների լիազոր ներկայացուցիչները և վստահված անձինք, դիտորդները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Փետրվարի 9-ի ժամը 8-ից էլ մեկնարկել է էլեկտրոնային քվեարկությունը:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728