Օրերս լեգենդար բրիտանական The Who խումբը հայտարարել է, որ 2012-ին մեկնարկած «Quadrophenia and More» շրջագայությունը, որի երկրորդ հյուսիսամերիկյան համերգաշարի առաջին համերգը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում հունվարի 28-ին, եւ ներկայումս անցնում է ԱՄՆ-ում ու Կանադայում, կշարունակվի Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում: Այս համերգաշարի ընթացքում խումբը ելույթ կունենա 10 քաղաքներում: Համերգաշարը կմեկնարկի հունիսի 8-ին Դուբլինում եւ կավարտվի Լիվերպուլում՝ հունիսի 30-ին:
The Who-ի 2012-2013 շրջագայությունը սկսվել է 2012թ. օգոստոսի 12-ին Լոնդոնյան Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ կայացած ելույթով, որի ժամանակ խումբը կատարեց Baba O’Riley, See Me, Feel Me եւ My Generation երգերից բաղկացած պոպուրին: Ինչպես հուշում է շրջագայության անվանումը, «Quadrophenia and More»-ի ընթացքում The Who-ն կատարում է 1973-ին լույս տեսած Quadrophenia ձայնասկավառակն ամբողջությամբ, ինչպես նաեւ խմբի՝ տարբեր տարիների հիթեր: Quadrophenia-ն The Who-ի վեցերորդ ալբոմն էր եւ երկրորդ «ռոք օպերան» 1969-ին թողարկված Tommy-ից հետո: 1979-ին Quadrophenia-ի հիման վրա նկարահանվեց տեսաֆիլմ, որում մասնակցեցին Սթինգը, Ֆիլ Դեվիսը (Phil Davis) եւ Թոյահ Ուիլկոքսը:
Ներկայիս շրջագայության սկիզբը, սակայն, այնքան էլ հարթ չէր: Հյուսիսամերիկյան առաջին համերգաշարի առաջին իսկ համերգի ժամանակ, որը տեղի ունեցավ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սանրայզ քաղաքում, կիթառահար Պիտ Թաունսենդը հեռացավ բեմից մինչեւ համերգի ավարտը՝ You Better You Bet երգի կատարման ժամանակ: Թաունսենդը, ով մինչ այդ լսողության կորստի հետ կապված խնդիրներ է ունեցել, կարծես թե դժգոհ էր բեմում ձայնի բարձրությունից: Նա հնչյունային օպերատորին բղավել է. «չափազանց բարձր է» եւ լքել է բեմը: Երբ խմբի մնացած անդամները շարունակեցին նվագել Baba O՚ Riley երգը, նա այդպես էլ չհայտնվեց: Նրա եղբայր Սայմոն Թաունսենդը, որը The Who-ի ներկայիս համերգային կազմում է, ելույթից հետո Twitter-ում գրել էր. «Պիտը հեռացավ այսօր, որովհետեւ ձայնը չափազանց բարձր էր: Լավ համերգ էր, բայց ուներ որոշակի տեխնիկական խնդիրներ»:
The Who-ի ներկայիս շրջագայության ընթացքում հիմնադիր անդամներ կիթառահար Պիտ Թաունսենդին եւ վոկալիստ Ռոջեր Դոլթրիին միացել են մի շարք երաժիշտներ. Զաք Սթարքի (հարվածային գործիքներ), Պինո Պալադինո (բաս կիթառ), Սայմոն Թաունսենդ (կիթառ, բեք-վոկալ), Ջոն Քորի (ստեղնաշարային գործիքներ), Լորեն Գոլդ (ստեղնաշարային գործիքներ, բեք-վոկալ) եւ Ֆրենկ Սայմզ (երաժշտական ղեկավար, ստեղնաշարային գործիքներ, բեք-վոկալ): Ի դեպ, Զաք Սթարքին լեգենդար բիթլ Ռինգո Սթարիորդին է:
2012թ. հոկտեմբերին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում Պիտ Թաունսենդը խոստովանել է, որ նա եւ Ռոջեր Դոլթրին ելույթ ունենալիս զգում են իրենց մահացած խմբակիցների՝ Քիթ Մունի եւ Ջոն Էնթուիսլի «հոգիների ներկայությունը» բեմում:
Խոսելով խմբի գործունեությունը շարունակելու դժվարությունների մասին՝ Ջոն Էնթուիսլի մահից հետո 2002-ին՝ Թաունսենդն ասաց. «Մենք զգում ենք Քիթի ու Ջոնի հոգիները: The Who-ի երկրորդ փուլը, որոշ չափով, այն ժամանակ էր, երբ մենք սկսեցինք կրկին շրջագայել 2000-2001-ին: Մենք դեռ կարողանում էինք արթնացնել այդ հնչողությունը, հատկապես Զաք Սթարքիի հետ: Հիմա շատ ավելի դժվար է, չնայած նրան, որ Զաքն այստեղ է: Ջոնի հնչողությունը շատ մեծ էր, հարուստ եւ բնական: Երբ Ջոնը մահացավ, հնչողության մեջ հսկայական բաց հայտնվեց բեմում եւ ես կարողացա աճել այդ բացի մեջ ու տարածություն գտնել: Եվ ես պետք է ասեմ, որ որպես կիթառահար գերադասում եմ աշխատել առանց Ջոնի: Բայց որպես The Who-ի անդամ՝ այդ անհավատալի, հզոր, շարժիչ, կոպիտ հնչողությունը ստեղծելը… նա այլեւս չկա: Ես դա իսկապես չեմ կարող կրկին անել»:
Հատկանշական է, որ ներկայիս շրջագայության ընքացքում Քիթ Մունն ու Ջոն Էնթուիսլն, այնուամենայնիվ, հայտնվում են բեմում: Դրա համար օգտագործվում են Quadrophenia-ի ձայնագրությունն ու The Who-ի արխիվային համերգային տեսագրություններ: Քիթ Մունի վոկալը կրկին լսվում է Bell Boy-ի կատարման ժամանակ, իսկ 5.15-ում նորից հնչում է Ջոն Էնթուիսլի բաս կիթառը:
«Quadrophenia and More» շրջագայության բեմադրության հեղինակը Ռոջեր Դոլթրին է: Նրա խոսքերով՝ Quadrophenia ալբոմի կատարումը «զուգակցվում է հզոր տեսաշարով մի շարք մեծ էկրանների վրա»: Ըստ խմբի պաշտոնական հաղորդագրության՝ այդ տեսաշարը ստեղծվել է՝ պահելու, լրացնելու եւ շարժելու աշխատանքի երաժշտական պարունակությունը, այն տեղադրելով խմբի պատմության համատեքստում:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ