Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք. գնացող ու անստույգ

Փետրվար 09,2013 14:55

Լիլիթ Գալստյան

Միշտ սիրել եմ օդակայանում լինել։ Մանկությունից ինձ ուղեկցող հետաքրքրությունս չի մարել։ Նայում եմ հեւքոտ, սեւեռուն, շտապող մարդկանց կենտրոնացած դեմքերին ու փորձում հասկանալ՝ ո՞ւր են գնում, ինչո՞ւ, ի՞նչ են մտածում։

Երեւան-Մոսկվա թռիչքն, ինչպես միշտ, լեցուն է, դեմքերի խճանկարը բազմազան, մեր ազգային խառնվածքն անփոփոխ. օդանավի ճշգրիտ տարածության ու կանխորոշված տեղերի ու հարմարությունների պայմաններում հայրենակիցներիս մեծ մասը որոշում է ավելի ճարպիկ լինել ու «առաջ ընկնել»: Ու մինչ կհասնես նստարանիդ, հատուկ ջանք պիտի գործադրես, որ գլխիդ չընկնեն կամ ոտքիդ տակ չհայտնվեն վերջին վայրկյանին գնված ու տոպրակներից դուրս պրծնող կոնյակի շշերը, հայկական շոկոլադի տուփերն ու ճամպրուկներից դուրս մնացած փնթի փաթեթները։

Ուղեկցորդուհու համառ զգուշացումներից հետո էլ սրտացավ-ընտանեկանները կամ ընկերասերները չեն անջատում հեռախոսներն ու շարունակում են հարազատներին զեկուցել թռիչքի մանրամասներից, իսկ առավել լավ տղեքը «արհամարհում» են ամրագոտին կապելու «անիմաստությունն» ու համառորեն խուսափում կապելուց։ Սա չգրված կանոն է բոլոր ուղղությունների համար, ու ամեն անգամ աչքիցս չի վրիպում ոչ հայ ուղեկցորդուհու կամ ոչ հայ ուղեւորների անթաքույց հակակրանքը։

Օդանավում ակնհայտորեն երիտասարդները շատ են՝ այն էլ ոչ Երեւանից. մինչ խոսելը՝ մատնում է հագուկապն ու սանրվածքը: Աշխատելու են գնում՝ հստակ է. դեմքներին անորոշություն, տագնապ, անտերություն կա։ Ուզում եմ գրկեմ կողքիս նստած, ավելի շուտ կուչ եկած երկու եղբայրներից փոքրին ու ասել՝ ինչո՞ւ ես գնում, ո՞ւր ես գնում, բա սիրած չունե՞ս, իսկ մա՞յրդ։ Բայց լռում եմ ու շարունակում ուրիշներին նայել։ Տարեց մի զույգ է դժվարությամբ տեղավորվում նստարանին. հավանաբար առաջին անգամ են օդանավ նստում՝ հաստատ գնում են միանալու խոպաններում աշխատող որդու ընտանիքին, մտածում եմ ես։

Իսկ ուղեկցորդուհին արդեն խմիչք է սպասարկում ու հայրենակիցներիս մեծ մասը ռուսերենով հյութ կամ ջուր ասելու դժվարություն ունի, էլ չեմ ասում շնորհակալության մասին։

Բայց, այնուամենայնիվ, գտնվում են նաեւ իրենց չիմացած ռուսերենով սլացիկ ու թափանցիկ ուղեկցորդուհուն անհամ-անհամ «խոսացնողները»։ Մենք ենք՝ ճարպիկ, գնացող, անստույգ։

Օդանավը դեռ վերջնականապես չի կանգնել ու նորից սրտացավերի զանգերը, գլխիդ ընկնող կոնյակախառն տոպրակների հավանականությունն ու ոտքերիդ՝ շտապողների ճամպրուկների հարվածները։

Տարանցիկ ուղեւորների սպասասրահում երեք կին են նստում «պոչիս»։ Ոչ ռուսերեն գիտեն, ոչ անգլերեն եւ, բնականաբար, ոչ էլ տեղեկատու ցուցատախտակից օգտվելու կարողություն ունեն։ Երկուսը միջին տարիքի քույրեր են Արտաշատից՝ Նյու Յորք են գնում։ Ի՞նչ եք կորցրել Նյու Յորքում, չեմ զսպում հետաքրքրությունս ու հարցնում եմ Նյու Յորքի պատվին հատկապես անճաշակորեն հարդարված քույրերին։ Ի՞նչ մնալու տեղ է Հայաստանը որ, ինքնագոհ պատասխանում են քույրերն ու շարունակում գլուխ գովալ, որ Արտաշատում տուն-տեղ, ամուսին ունեն, Մոսկվայում աշխատող որդի, հողամաս ու բերք ու այդպիսի բաներ….բա ինչո՞ւ եք գնում, համառում եմ ես։ Երեք ամսով տուրիստ ենք գնում, խորամանկում են քույրերը (երեւի դեսպանատանը տված պատասխանն են հիշում) ու, երբ շարունակում եմ, որ նույնիսկ ինձ պես ապահով մեկը երեք ամսով Նյու Յորքում զբոսաշրջիկ լինելու հաճույքի հնարավորություն չունի, նորից վերադառնում են հին պատասխանին՝ մնանք ի՞նչ անենք։

Հետո կարծես ճանաչում են ինձ, արդարանալու պես հիշում են, որ ինչ-որ թվի ձայնը մեզ են տվել, հետո էլի արդարանալու պես շարունակում են՝ ինչ մնալու տեղ ա, մեր դպրոցի հավաքարարն էլ, եթե ձայնը հանրապետականին չտա, գործից կազատեն։

Հայրենիքի, հողի, պատկանելության կամ քաղաքացի լինելու մասին խոսքերն ավելորդ են, տխրորեն անիմաստ ու դատարկ։ Ու ես՝ Նյու Յորքում ինչ-որ հարուստ ու մեռնող ծերունու խնամելու գնացող քույրերին ուղեկցում եմ Նյու Յորքի դարպաս ու վերադառնում սպասասրահ։

Հարյուր տարի մնա՝ Հայաստան չեմ վերադառնա, շարունակում է ընդհատված զրույցը քսան տարի առաջ Հայաստանից մեկնած երրորդ կինը, որ Լոս Անջելես է վերադառնում։ Բա ինչո՞ւ էիք եկել, գրեթե չհարգելով համառությունս ու չթաքցնելով հակակրանքս, հարցնում եմ սրան, դարձյայ համոզված, որ հայրենիքի, հողի կամ պատկանելության մասին խոսքերն անիմաստ են։ Ինքն ինձնից համառ է՝ ուզում է, որ Լոս Անջելեսի օդանավում կողքը նստեմ, որ անգլերեն հարցաթերթիկը լրացնեմ, համ էլ ուղեկցորդուհու հետ հաղորդակցվելու դյուրություն ունենա։ Օդանավը վայրէջք կատարելուն պես թռնում է կողքիցս՝ էլ իմ պետքը չունի։

Գլենդելի փողոցներում արեւելահայերեն լսելը նույնքան սովորական է ու բնական, որքան Մաշտոց պողոտայում։ Գլենդելի ազգային վարժարաններում խոսում են հողի, պատկանելության ու քաղաքացի լինելու մասին, նրանք ապրում են հայրենիքի ցավով։

Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում ընտրություններ են, ու մենք շարունակում ենք լինել գնացող ու անստույգ, ու ՔՎԵ-ի կողքին անկարեւոր են հայրենիքի, հողի, պատկանելության ու քաղաքացի լինելու արժեքները:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Վերջապես մեկը անդրադարձավ այս խնդրին: Ամեն անգամ նողկանք եմ ապրում օդանավակայաններում մեր հայրենակիցների այս տեսակի համար, ում համար աշխարհի կենտրոնում կան միմիայն իրենք ու իրենք: Կարծում եմ` `սա սոցոլոգիական մեծ ու լուրջ ուսումնասիրության խնդիր ունի: Որն է պատճառը այս կարգի պահվածքի, ինչ է պակասում հայի այս տեսակին հետևելու իր իսկ անվտանգության համար հնչած հորդորին` անջատել բջջայինները, կապել ամրագոտիները ? Հուսամ այս հոդվածը կարդացող և նման պահվածք ունեցող մեր հայրենակիցները կտեսնեն իրենց կողքից ու պարզապես կամաչեն….

  2. Վազգեն Աբրահամյան says:

    Ինքս Իրանից եմ հայրենադարցվել 1967 թ. և մի իրանցու հետ զրույցը ինձ հասկանալի դարձրեց հայրենիք հասկացողությունը: Չնայած պապերի գենով փոխանցվել էր մեզ հայրենիքի և հայրենիք վերադառնալու մեր վաղեմի երազանքը, բայց դրանից հետո ավելի մեծացավ իմ սերը հայրենիքի հանդեպ: Մեկնողներին ես ոչ մեկին չեմ արդարացնում: Վատ է լավ է մերն է, մեր հայրենիքն է: Ավելի լավ է այստեղ սոված լնենք, քան թե դրսում կուշտ: Եկեք պայքարենք մեր ճշտի համար: Միք տրվի սադրանքներին, վերևից իջեցված իրեց ընտրված խաղերին: Չօգնենք նրանց վերարտադրվելուն:

  3. Խաչ says:

    Կարծես մեծն Ֆելլինիի կինոներիծ լիներ, երբ կարդացի Լիլիթի ակնարկը։ Հաճույքով եմ ընթերցում նրա բոլոր գրածները։ Ժամանակին միևնույն հաճույքով կարդում էի Վարդգես Պետրոսյանի Անի Դեղատունը, չգիտեմ եթե կհամաձայնվեք իմ համեմատությունների հետ։ Ո՞վ ենք մենք, ևրոպացինե՞ր, ասիացինե՞ր, թե ինչ որ միջանկյալ մի տեսակ, որ դարերի ընթացքում մոլորրեցրել են։ Նոր նախագահ ընտրելուց հետո ինքնաթիռ նստող զոռբաները պիտի հրաշքով բարեկրթվե՞ն, կարճ ճանապարհի փոխարեն համբերությամբ իրենց հերթի՞ն սպասեն, ինչպե՞ս կրթել բազմաթիվ այն քույր եղբայրներին, ովքեր կարծում են, թե իրենց իմացածը ամենճիշտն է, ու քշում են իրենց էշը։ Ինձ միշտ համարել եմ հակահամայնավար, բայց գուցե Խորհրդային Միությունը ի վերուստ նվե՞ր էր մեր ժողովրդին բարերկիրթ ճանապարհիի վրա կանգնեցնելու առումով։Պատասխան չունեմ որևէ հարցիս, ապրում եմ դրսում, Հայաստան վերադառնալու կարոտը սրտումս ավելի քան 20 տարի։ Ի տարբերություն շատերի, ինձ գտել եմ դրսում, բայց այստեղ էլ վայ աչքաբացները շատ են, ովքեր իրենց էշն են քշում, թքած ունեն Հայաստանի վրա (ես էլ իրենց վրա թքած ունեմ), ու շատ հաճախ քթի տակից կամ բացահայտ ծաղրում են պարկեշտության ամեն մի դրսևորում։ Որտե՞ղ է վերջը, մինչև ե՞րբ պիտի անզոր դիտորդի դերում լինենք։ Իսկ Լիլիթի հոդվածները գլուխգործոցներ են, երանի թե հնարավոր լիներ դրանցով ֆիլմեր նկարել…

  4. Շատ շնորհակալ եմ անդրադարձի համար։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728