Հովհաննես Չեքիջյանը՝ մշակութային քաղաքականության մասին
Հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի 52 տարվա գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի համար 2013 թվականը հոբելյանական է. մաեստրոն դառնում է 85 տարեկան: Աշխարհի հեղինակավոր համերգասրահներում ճանաչված նվագախմբերի ու մենակատարների, ինչպես նաեւ հարազատ երգչախմբի հետ ունեցած համերգների քանակը նա ստույգ հիշում է: Հիշում է նաեւ ծննդավայրում՝ Թուրքիայում ղեկավարած 17 կոլեկտիվները: Ավելին՝ օրերս «Առավոտի» հետ զրույցում մաեստրոն հիշեցնելով, որ հայրենիքում երգչախմբի հետ իր առաջին բեմելը կայացել է 1961թ., թվեց նաեւ այդ թվականից մինչ օրս Հայաստանը ղեկավարած առաջին դեմքերի անունները, որոնց հետ տարբեր առիթներով հանդիպել է:
«Աշխարհի 184 քաղաքներում ընդհանուր հաշվով ունեցել եմ 858 համերգ, որից 814-ը՝ երգչախմբիս հետ: Միայն հասկանալի պատճառով չեմ մտաբերում հայաստանյան համերգներիս թիվը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Ռեպլիկին, թե ինչպես է «լեզու գտել» տարբեր տարիների մեր երկրի ղեկավարների հետ, Չեքիջյանը նշեց, թե խորհրդային տարիներին «ծառայել» է Յակով Զուրաբյանի, Անտոն Քոչինյանի, Կարեն Դեմիրճյանի, Սուրեն Հարությունյանի, անկախությունից հետո՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ, վերջապես, Սերժ Սարգսյանի օրոք, հայտնելով. «Գուցե ժամանակակից երիտասարդության համար ոչ մոդայիկ բառերով ու արտահայտություններով միտքս շարադրեմ, այդուհանդերձ, պիտի ասեմ, որ հայրենասեր մարդը չպիտի թողնի, որ իր ղեկավարի վրա փոշի նստի: Ինչ վերաբերում է նրանց հետ լեզու գտնելուն, խոսել ու հաղորդակցվել եմ արվեստիս լեզվով»: Հետաքրքրությանը, մի՞թե «մշակութային» որեւէ կոնֆլիկտ չի եղել երկրի ղեկավարների հետ, մաեստրոն պատասխանեց. «Ոչ, բոլորն էլ ինձ գնահատել են ու համոզված եմ՝ նրանց պարծանքն եմ եղել, ոչ թե աչքի փուշը»:
Հայաստանի ապագա նախագահից ի՞նչ սպասելիքներ ունի՝ կապված մշակութային քաղաքականության հետ: Հովհաննես Չեքիջյանը հիշեց, որ 1961թ. հայրենադարձվելուց հետո, երեւանյան փողոցներով քայլելիս բաց պատուհաններից լսում էր ադրբեջանական, թուրքական երաժշտություն, հետո էլ ասաց. «Բարեբախտաբար, տարիներ անց դա մեր ժողովուրդը սրբագրեց: Հիմա էլ օտար երաժշտության, հատկապես երգարվեստի ազդեցության տակ է մեր երիտասարդությունը: Հասկանում եմ, որ դա նույնիսկ նախագահի հրամանով չի վերանա, հուսով եմ՝ կգա ժամանակը եւ ժողովուրդը կրկին խելամիտ կգտնվի: Ընտրված նախագահին կխնդրեի, որ ամենօրյա ուշադրության կենտրոնում պահի մշակութային կյանքին առնչվող, առաջին հայացքից մանրուք թվացող հարցերը»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը հաստատեց այն լուրը, որ Լոս Անջելեսում հիմնվել է 43 հոգանոց «Չեքիջյան» երգչախումբը՝ բաղկացած նաեւ ժամանակին Հայաստանից արտագաղթած երգիչներից, տեղեկացնելով, որ այդ կոլեկտիվի արտիստները մեկ պայման են դրել՝ բեմ դուրս գալ միայն իր ղեկավարությամբ:
Դիտարկմանը՝ մշտապես հնչում է այն կարծիքը, թե մենք մեր մեծերի «գինը» իմանում ենք նրանց կորցնելուց հետո. հնարավոր չէ՞, արդյոք, կյանքի օրոք մեծարելուց զատ, հիմնել, ասենք, Հովհաննես Չեքիջյանի անվան երգչախմբային արվեստի միջազգային փառատոն, կամ տուն-թանգարան (միայն Մարտիրոս Սարյանն է կենդանության օրոք ունեցել տուն-թանգարան), մեր զրուցակիցը պատասխանեց. «Կյանքը ցույց է տվել, որ նման հարցերով հիմնականում զբաղվում են ժառանգները: Օրինակ, Կոմիտասն էլ ժառանգ չուներ, որ դռներ ծեծեր ու ժամանակին հիմնվեր նրա տուն-թանգարանը…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ