Փաստաբան Վարդան Սաֆարյանը դիմում է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հույս ունենալով, որ երկրի ղեկավարի միջամտությամբ պատկան մարմինները կկատարեն կառավարության որոշումները, ՀՀ վարչապետի հանձնարարականը և դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:
Կառավարության 2003թ. փետրվարի 16-ի թիվ 26-Ա «Բնակարանների սեփականաշնորհման մասին» որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող, «Գալակտիկա» ՓԲԸ-ին պատկանող ծառայողական բնակարանները հանձնվել էին Կոտայքի մարզպետարանի տնօրինմանը՝ դրանք զբաղեցնող անձանց սեփականաշնորհելու համար: Բնակարանների մի մասի սեփականաշնորհումը կատարվել էր, սակայն գործընթացը դադարեցվել էր, իսկ բնակիչների կողմից Կոտայքի մարզպետարանին ուղղված դիմումները՝ մնացել անպատասխան:
46 քաղաքացիներ դիմել էին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով Կոտայքի մարզպետարանի անգործությունը: Դատարանի 2005թ. հունիսի 17-ի վճռով քաղաքացիների դիմումները բավարարվել էին և Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավորեցվել լուծել «Գառնի» բանավանի բնակիչների, այդ թվում՝ փաստաբան Վ.Սաֆարյանի վստահորդ Լիովիկ Սարգսյանի (նա «Գալակտիկա» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներն է եղել) կողմից փաստացի զբաղեցրած բնակարանների սեփականաշնորհման հարցը՝ ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ և ՀՀ վարչապետի 2004թ. ապրիլի 7-ի հանձնարարականի 2-րդ կետով սահմանված կարգով:
Դատարանի վճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ, այդուհանդերձ, մարզպետարանը չի կատարել վճիռն առայսօր, այսինքն, փաստաբանի գնահատմամբ, պաշտոնատար անձինք կատարել են հանցագործություն՝ վճիռն ի կատար չածելով, և պաշտոնեական դիրքը չարաշահելով:
Չի կատարվել նաև կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 906-Ա որոշումը, որով Կոտայքի մարզի «Գառնի» բանավանի չսեփականաշնորհված բնակարանները հետ են վերցվել և նվիրաբերվել Գառնիի գյուղական համայնքին՝ դրանց բնակիչներին որպես բնակելի տարածք նվիրաբերելու պայմանով: Իսկ որոշման երկրորդ կետով հանձնարարվել է ՀՀ Կոտայքի մարզպետին երկամսյա ժամկետում՝ Գառնիի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ, սահմանված կարգով ապահովել որոշման առաջին կետում նշված աշխատանքների կատարումը, բնակելի տարածքների նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների գրանցումը՝ առաջարկելով նշված համայնքի ղեկավարին դրանք իրականացնել համայնքի միջոցների հաշվին: Կառավարության այս որոշումն էլ Կոտայքի մարզպետարանի կողմից չի կատարվել, իսկ Լ.Սարգսյանի դիմումների լուծումը Կոտայքի մարզպետարանը «գցել է» գյուղական համայնքի ղեկավարի, վերջինս էլ, բնականաբար, մարզպետարանի վրա, արդյունքում խնդիրը մնացել է չլուծված:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Վ.Սաֆարյանը նշեց, որ եթե երկրի ղեկավարին ուղղված դիմումն էլ ակնկալվող արդյունքը չունենա, ապա փաստաբանն ու իր վստահորդը նորից կդիմեն դատարան՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության օգնությամբ խնդրին լուծում տալու համար:
ցավոք հարգելի փաստաբան ԴԱՀԿ ծառայությունը չի տարբերվում գյուղապետարանից, կամայականություններ թույլ տվող,ՀՀ օրենքը և Սահամանադրությունը չհարգող մարմին է,հույսեր կապել նման ծառայության հետ անիմաստ ժամանակի կորուստ է,իսկ ինչ վերաբերվում է ՀՀ նախագահին դիմելու մասին,վստահ եմ Հայաստանում բոլորը տեղյակ են, որ նախագահականից դիմումները միմիայն վերահասցեագրվում են,ասես ինչ որ հատուկ փոստային ծառայություն լինի,այս ամենը անձնական փորձից եմ ասում,սկսված 2002թ.առ այսօր: