Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հացադուլի 20-րդ օրվանից սկսած մարդու օրգանիզմում կարող են առաջանալ և զարգանալ առողջությունը վնասող անդառնալի պրոցեսներ, որոնց հետագա բժշկումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անիրականալի լինել, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը փետրվարի 8-ին ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին կատարած այցի ժամանակ նրան առաջարկել էր շատ կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտար մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա առողջական վիճակի վերաբերյալ։ Նախարարի հորդորին ի պատասխան Անդրեաս Ղուկասյանը և նրա բժիշկները որոշել են հրաժարվել առաջարկից և ընտրել են այլ ճանապարհ` փետրվարի 11-ին, հացադուլի վայրը չլքելով, տեղում հանձնել արյան և այլ անալիզներ։ Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ այդքան սահմանափակ հետազոտություններով հնարավոր չի լինի նրա առողջական վիճակի մասին մասնագիտական գնահատական տալ։ Միաժամանակ հայտնում ենք, որ հացադուլը շարունակող Անդրեաս Ղուկասյանի օրգանիզմում այսուհետ յուրաքանչյուր օր կամ ժամ կարող են տեղի ունենալ այնպիսի անդառնալի փոփոխություններ, որոնք հնարավոր չէ բացահայտել (ամրագրել) հացադուլի վայրում կատարված քննություններով։
ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այդ է պատճառը, որ ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հացադուլի առաջին իսկ օրվանից նախարարությունը նրա առողջական վիճակի մշտադիտարկում է իրականացնում։
Կիսելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մտահոգությունը, ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին կոչ ենք անում դադարեցնել հացադուլը և շարունակում ենք պնդել, որ միայն լաբորատոր-գործիքային համալիր հետազոտությունների արդյունքում կարելի է նրա առողջական վիճակի մասին տրամադրել մասնագիտական եզրակացություն։
ՀՀ առողջապահության նախարարությունը կշարունակի 24-ժամյա մշտադիտարկումը Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի նկատմամբ։ Միաժամանակ կոչ ենք անում նրա բժիշկներին` առաջնորդվել մասնագիտական պատասխանատվությամբ և զերծ մնալ արկածախնդրությունից։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն