Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր չրերը, մեր ջրերը Դուբայ կհասնե՞ն

Փետրվար 09,2013 14:16

dubay2Հայ գործարար կանայք Դուբայ այցելության ժամանակ պարզել են, որ մեր ապրանքներով արաբներին չենք զարմացնի, բայց մեր չրերով ու ջրերով նրանք հետաքրքրված են:

Մի խումբ հայ գործարար կանայք որոշել են նվաճել Արաբական Միացյալ Էմիրությունների շուկան. 20 գործարար կին վերջերս մի քանի օրով մեկնել էին Դուբայ՝ նախ հանդիպելու արաբ գործարար կանանց հետ եւ հասկանալու, թե ինչով կարող են զարմացնել արաբական շուկային: Զարմացնել, իհարկե, չի հաջողվել, բայց որոշ հայկական ապրանքներ արաբ գործարար կանանց հետաքրքրել է: Դուբայը եւ Էմիրություններն առհասարակ համարվում է աշխարհի կենտրոնը, այս քաղաքում այսպես ասած՝ նույնիսկ օձի ձու կարելի է գտնել, եւ Էմիրությունները գոնե ապրանքների եւ բիզնեսի բազմազանությամբ առաջատար երկրներից է:

«Առավոտը» Դուբայ մեկնած գործարար կանանցից հետաքրքրվեց, թե արաբները հայկական արտադրության ի՞նչ ապրանքներով են հետաքրքրված, եւ արդյոք մեր ապրանքները կարո՞ղ են մրցունակ լինել այդ երկրում:

Գործարար կանանց աջակցման հիմնադրամի միջնորդությամբ Դուբայ էր մեկնել նաեւ «Միկա ցեմենտի» գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը,  (առաջին լուսակնարում՝ մեջտեղում) որը մեզ հետ զրույցում ասաց. «Բավականին դժվար է մտնել Էմիրաթների շուկա, աշխարհի բոլոր ապրանքներն այնտեղ են: Մենք փորձել ենք ներկայացնել այն ոլորտները, ինչ ունենք՝ մեր չրերը, մեր ջրերը բավականին պահանջարկ ունեն այնտեղ: Ընդհանրապես՝ այնտեղ հետաքրքրված են էկոլոգիապես մաքուր արտադրանքով: Իհարկե, ոչ մի բանով չենք կարող զարմացնել նրանց, բայց կան որոշ ապրանքներ, որով ուղղակի հիացած էին արաբ գործարար կանայք: Այդ հանդիպումով ու համագործակցության պայմանագրով առայժմ սկիզբն է դրված, եւ առաջիկայում մի քանի ցուցահանդեսներ կլինեն եւ համատեղ համագործակցություն»:

Արաբ գործարար կանայք պարզապես հմայվել էին հայկական մաքրամեով. տիկին Լարիսա Բաբաջանյանին, որը հայկական բնական քարերով մաքրամեի միջոցով զարդեր է պատրաստում, հանդիպումներից մեկի ժամանակ մի քանի արաբ գործարար մեծահարուստ կանայք են մոտեցել եւ հետաքրքրվել տիկին Լարիսայի ձեռքի աշխատանքով. «Այցեքարտերով փոխանակվեցինք, ես մի քանի միջազգային ցուցահանդեսների եմ մասնակցել, միշտ էլ իմ ձեռագործ աշխատանքներով դրսում հետաքրքրված են, իսկ հայերն այնքան էլ շատ չեն հետաքրքրվում, առայժմ Վերնիսաժում եմ վաճառում ապրանքս»: Մեր հարցին՝ արդյոք հնարավորություն կա՞ իր ձեռագործ աշխատանքով միջազգային շուկա դուրս գալ եւ ասենք՝ հենց Դուբայում շուկա գտնել, տիկին Լարիսան ասաց, որ վերջերս Դուբայ կատարած այցի շրջանակներում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել, եւ հետագա ցուցահանդեսներից հետո պարզ կլինի՝ կստացվի՞ դուրս գալ Դուբայի շուկա, թե՞ ոչ. «Քուվեյթի թագավորի աղջկան անմիջապես դուր եկան իմ աշխատանքներն ու ժողովրդական ձեռագործի ոլորտը, 3 հոգի մոտեցան եւ առաջարկեցին համագործակցել»:

Դուբայում օր օրի նոր շենքեր են կառուցվում, շինարարությունը կանգ չի առնում. «Միկա ցեմենտի» տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն էլ հույս ունի, որ հայկական ցեմենտը կհասնի Դուբայ. «Ես այնտեղ ասացի, որ կարող ենք ցանկացած մակնիշի ցեմենտ ներկայացնել, արաբ գործարար կանայք նույնիսկ ֆինանսով աջակցելու առաջարկ արեցին, ուղղակի արաբները դանդաղաշարժ են մտածելու առումով՝ պիտի գցեն-բռնեն»:

Ինչ վերաբերում է հայկական ապրանքների մրցունակությանը, տիկին Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ Էմիրաթներում ցանկացած գնի եւ ցանկացած ապրանք կարելի է գտնել, պարզապես պետք է ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչով կարելի է ներկայանալ: Արաբ եւ հայ գործարար կանանց հանդիպման ժամանակ պարզվել է, որ բացի էկոլոգիապես մաքուր սննդից՝ արաբները հետաքրքրված են նույնիսկ միջին եւ բարձրագույն մասնագիտական հաստատություններով, առաջարկել են Էմիրաթներում մեր կրթօջախների մասնաճյուղերը բացել:

«Առավոտի» հետ զրույցում «Գործարար կանանց աջակցման հիմնադրամի» նախագահ Լիլյա Գեւորգյանը վստահեցրեց, որ տուրիստական, դիզայներական եւ առողջապահական ոլորտներով էլ կարող ենք ներկայանալ Էմիրաթներում: Տիկին Գեւոգյանի ներկայացմամբ՝ ստոմատոլոգիական ծառայություններ էլ կարելի է հիմնել Դուբայում. հարկային դաշտն այնտեղ այնպիսին է, որ ճիշտ բիզնես դնելու դեպքում կարճ ժամանակահատվածում կարելի է հաջողություն ունենալ, իսկ մեր գործարար կանանց հիմնական հույսն առայժմ Էմիրաթների ազատ տնտեսական գոտին է. «Այնտեղ որեւէ բիզնես սկսելու դեպքում նախ 100%-անոց սեփականատեր ես, հարկերից էլ ազատված ես, այսինքն՝ եթե գործ սկսես, հաջողված կլինես»:

Տիկին Գեւորգյանի դիտարկմամբ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների օրենսդրական դաշտն այնպիսին է, որ գործարար կնոջը անգամ 6 երեխա ունենալը չի խանգարում գոնե որոշ ժամանակով գործդ թողնել ու զբաղվել երեխաներով. «Նախ այնտեղ պետությունը շատ է աջակցում կին գործարարներին, ամուսնանալու ու երեխա ունենալու դեպքում էլ այնպիսի ֆինանսավորում է լինում, որ նրանք մեր կանանց պես չեն մտահոգվում, թե՝ վայ, երեխայի համար պամպերսի փող է պետք: Մենք հանդիպեցինք մի կնոջ հետ, որը 6 երեխա ուներ, բայց անգամ մի օր բիզնեսից չի հեռացել»: Մեր այն դիտարկմանն էլ, որ գուցե որեւէ շեյխի կամ մեծահարուստի կին է եղել, տիկին Գեւորգյանն ասաց. «Ոչ, ուղղակի ինքնուրույն բիզնես է սկսել ու շարունակել, պետությունն ամեն ինչով նրան աջակցել է»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728