Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որոշ մարդիկ իրենց հաշվարկներում սխալվել են»

Փետրվար 09,2013 14:11

ՀԴԿ նախագահը՝ ներքաղաքական իրավիճակի մասին

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն օրերս հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարում է ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ պայմանով, եթե պաշտոնավարման հաջորդ տարում Սերժ Սարգսյանի իշխանությունը կազմաքանդի «ստվերային, օլիգարխիկ, մենաշնորհային, կոռումպացված համակարգը՝ նպաստելով հասարակական արդար հարաբերությունների ձեւավորմանը, պետական, հասարակական պաշտպանության տակ վերցնի աշխատավոր մարդու իրավունքներն ու շահերը՝ նրան արժանավայել վարձատրություն երաշխավորելու հարցում, հաշվետու լինի հասարակության առջեւ պետական պարտքի բովանդակային մասի վերաբերյալ, ներկայացնելով վարկերի ծախսման տնտեսական արդյունավետությունը, նոր վարկեր ստանալու դեպքում, դրանք ուղղի բացառապես տնտեսության ռեալ սեկտորը զարգացնելուն, բյուջե վերադարձնի «գողոնը» եւ այլն:

«Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով կուսակցության կեցվածքը՝ Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք գտնում են, որ միայն նման համալիր ծրագրերի իրականացման դեպքում է հնարավոր կասեցնել աղետալի արտագաղթը, պետությունն էլ ի վերջո «միս ու արյուն» կստանա: «Գլխավոր խնդիրը մեզ համար դա է, եւ մենք մի կողմ ենք թողնում ցանկացած քաղաքական կոնյունկտուրային նպատակները: Մենք հասկանում ենք, որ իրավիճակն այնպիսին է, որ գործող նախագահն անհամեմատ ավելի բարձր հնարավորություններ ունի ընտրվելու, այդ դեպքում ասում ենք՝ այո, կաջակցենք բոլոր հարցերում եւ բացի այն հարցերից, որոնց հետ համամիտ ենք՝ ազգային անվտանգության համակարգի ձեւավորման, պաշտպանական գործողությունների, Արցախի հիմնահարցի, արտաքին քաղաքական վեկտորի ընտրության, ասում ենք, որ դա բավարար չէ: Երկրի ու ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը շատ բարդ է, եւ արդար հարաբերությունների ձեւավորումը, ինչի մասին խոսում է գործող նախագահը, անհրաժեշտ է համալիր ծրագրով իրականացնել»,- ասաց Արամ Սարգսյանը: Մեր զրուցակիցը բացատրում է, որ եթե քաղաքական ուժերը չեն աջակցում որեւիցե մեկին եւ ոչինչ էլ չեն առաջարկում, հետեւաբար ընտրվող անձը հետագայում կարող է անտեսել ամեն ինչ ու ասել, որ միայն իր նախընտրական ծրագրում նախանշած քաղաքական գիծն է տանելու, քանի որ նախապես քաղաքական ուժերի կողմից «պատվեր» չի ստացել: «Հասարակությունն ու քաղաքական ուժերը պետք է պահանջատեր դառնան»,- գտնում է մեր զրուցակիցը՝ համոզված, որ պետության ապագայով մտահոգված քաղաքական ուժերն այդ կերպ պետք է վարվեն:

Նկատեցինք, որ օրերս ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը, խոսելով ընտրություններից հետո օլիգարխիկ համակարգի կազմաքանդման մասին, ասել էր, որ առայժմ նման միտումներ չի տեսնում, ու հետաքրքրվեցինք՝ ՀԴԿ-ում տեսնո՞ւմ են նման միտումներ: «Տեսնենք, թե ոչ՝ մենք մեր դիրքորոշումը պետք է ներկայացնենք: Իշխանություններին պետք է ասենք, որ սա անհրաժեշտ է կատարել: Ի վերջո, խոսքը մեր երկրի եւ մեր մասին է, մենք պետք է իշխանություններից պահանջատեր լինենք: Այս խնդիրները պետք է անպայման լուծվեն: Այն իրավիճակը չէ, որ պարզապես դիտորդի կարգավիճակով ֆիքսենք, որ էսպես է ու վերջ: Եթե ես տեսնեի, որ այլ քաղաքական ուժեր միավորվել են եւ հանրությանն այլընտրանք են ներկայացրել, կարելի էր լուրջ խոսել, բայց մի կողմ են քաշվել ու դիտորդի կարգավիճակով նայում են, թե ինչ է լինելու: Դա ոչ քաղաքական կեցվածք է, առավել եւս՝ ոչ էլ հայրենասիրական, թող ինձ ներեն այդ բարձր խոսքի համար»,- ասաց ՀԴԿ նախագահը: Եթե հետընտրական շրջանում իշխանություններն ընդառաջ չգնան ՀԴԿ-ի առաջարկներին, կուսակցությունը կրկին կվերադառնա կոշտ ընդդիմադիր դիրքի՝ պատրաստ ամեն գործողության՝ օր առաջ ապահովելով Հայաստանի հետագա գոյության խնդիրը: «Գլխավոր հարցը այն չէ՝ այս իշխանությունը կլինի, թե չի լինի, ուստի, սրանից ելնելով, այո, ես կարծում եմ, որ հետընտրական շրջանում հասարակությունը պետք է հանդես գա պահանջատիրական սկզբունքներից: Չի ստացվի, այդ դեպքում նոր օրակարգ է պետք ձեւավորել»:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին եւ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարվածին՝ Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց. «Ինչ-որ մի չար ուղեղի արտադրանք եմ համարում այն, որ այս պահին որոշ գործողություններ կան: Կարծես թե ինչ-որ մեկը նպատակ է դրել անպայման այս ընտրություններն այս պահին ձախողել, նոր ընտրություններ նշանակել, քանի որ երեւի իրենք իրենց հաշվարկներում սխալվել են: Ես հարգում եմ բոլորի իրավունքը՝ ինչ-որ գործողություններ անելու, բայց եթե հացադուլում գտնվող թեկնածուի դեպքը պատճառ դառնա նոր ընտրություններ նշանակելու առումով, դա կնշանակի, որ դա իսկապես ծրագիր էր, որն անպայմանորեն ցանկանում էին իրականացնել»: Որոշ թեկնածուների պարագայում Արամ Սարգսյանը «երեխայական մոտեցումներ» է տեսնում, քանի որ ոչ հստակ ծրագիր կա, ոչ էլ կազմ, որով պատրաստվում են գալ իշխանության: Հարցին՝ Ձեզ համար տեսանելի՞ է՝ ո՞ր ուժն է փորձում ինտրիգների ճանապարհով գնալ, մեր զրուցակիցը չցանկացավ ենթադրություններ անել. «Դա թող պատկան մարմինները պարզեն: Ինչ-որ մեկի հաշվարկները չստացվեցին… ասենք թե, երկու շաբաթով հետաձգվեցին ընտրությունները, կամ նոր ընտրություններ նշանակվեցին. ո՞րն է նպատակը: Եթե խոսքը նոր թեկնածուների առաջադրման մասին է՝ թող այն ժամանակ առաջադրվեին: Պարզ է, որ խառնաշփոթ ստեղծելու եւ եւս մեկ անգամ պետության հեղինակությունը ստվերելու խնդիր է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ Պարույր Հայրիկյանը կրկին երկմտանքների մեջ է՝ դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728