Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեւականն ու անկեղծը

Փետրվար 09,2013 13:32

Երբ հնչում է ԱՄՆ օրհներգը, այդ երկրի քաղաքացիները ձեռքը դնում են սրտի վրա: Մեզ դա կեղծավորություն եւ ձեւականություն է թվում: Մենք չենք հավատում, որ ամերիկացիներին իսկապես ոգեւորում է իրենց պետության օրհներգը եւ դրոշը: Ցանկացած հայրենասիրական պաթոս, որն առկա է, մասնավորապես, ամերիկյան ֆիլմերի մեծ մասում, մենք համարում ենք շինծու եւ անհամբեր սպասում ենք, թե երբ է այդ «պաթոսային» դրվագն անցնելու, գործողությունը վերսկսվելու, եւ նորից լավ ու վատ տղաները կսկսեն իրար վրա կրակել (սովորաբար, սակայն, «վերամբարձ մասը» կինոնկարի վերջում է լինում): Մի կողմից՝ այդ ամենը իսկապես մեխանիկորեն կատարվող ծիսակարգ է հիշեցնում, մյուս կողմից՝ եթե դա նույնիսկ ռիտուալ է, ապա այնքան է մտել այդ ժողովրդի արյան մեջ, որ դարձել է կենցաղի, մտածելակերպի անբաժանելի մասը:

Հայաստանում ոմանց նյարդերի վրա դա ազդում է, ասում են՝ «ահա տեսեք, պրիմիտիվ, բթամիտ ամերիկացիները»: Մենք, ուրեմն, ավելի բարդ ենք եւ, հետեւաբար, սեփական պետությամբ կամ ազգությամբ հպարտանալը մեզ ծիծաղելի է թվում: «Բա որ էս իշխանությունը էս ժողովրդին թալանում է, էլ ի՞նչ երկիր, ի՞նչ ազգ»: Սա է ցինիզմը հիմնավորող «ջախջախիչ» փաստարկը, որը խոսակցությունը շեղում է բոլորի համար «հաճելի» հունի մեջ: Եվ բնորոշ է, որ մարդիկ, որոնք մտավորական են համարվում, «տոն են տալիս» նման նիհիլիզմին՝ իրենց «ընդդիմադիր» հայացքներով ամբոխին հաճոյանալու համար: Այնինչ պետք է, կարծես թե, հակառակը քարոզել՝ քաղաքացու հպարտությունն ու արժանապատվությունը պայմանավորված չէ այս պահին երկրում առկա քաղաքական կամ տնտեսական խնդիրների քանակով:

Ամերիկյան ոգով դաստիարակված Րաֆֆի Հովհաննիսյանի վարքը, վերոհիշյալ պատճառներով, հաճախ ծաղրի առարկա է դառնում: (Հավանաբար, իր դերն է խաղում նաեւ նրա քաղաքական մրցակիցների խանդը): Ենթադրենք, Րաֆֆին խոնարհվում է ազատամարտիկի շիրմի առաջ: «Ըհը,- մեկնաբանում են տեղական քաղքենի մենթալիտետի ներկայացուցիչները,- ձեւեր է թափում, PR է անում, նկարահանվում է»: Մեր ցինիկ ուղեղներում չի տեղավորվում այն միտքը, որ դա մի ձեւ է՝ իսկական, անկեղծ զգացմունքներն արտահայտելու համար: Նույնը՝ քայլելը, բարեւելը, տատիկներին գրկելը, անծանոթ մարդկանց հոգեհանգստի գնալը եւ այլն: Ոմանց տեսանկյունից դա կեղծավորություն է, բայց ես դա ընկալում եմ որպես կենսակերպ, մտածելակերպ, որը մեզ գուցե եւ խորթ է թվում, բայց իր էությամբ՝ առողջ է, պոզիտիվ:

Քաղաքացու՝ իր երկրի նկատմամբ պոզիտիվ վերաբերմունքը, ինձ թվում է, սկսվում է մարդկանց՝ իրար հանդեպ նմանատիպ վերաբերմունքից: Մարդու վրա կրակել են: Գուցե նրա քաղաքական հայացքները մեզ դուր չեն գալիս, գուցե նա ծայրից ծայր սխալ բաներ է ասում: Բայց նա ցավ է ապրում՝ փորձենք կիսել այդ ցավը, չամաչենք ցուցաբերել նորմալ մարդկային կարեկցանք: Կարծում եմ՝ դա այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում են նորմալ հասարակական հարաբերությունները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ասված է ճշգրիտ և դիպուկ:

  2. Maxim says:

    Ես ականատես եմ եղել, երբ Կանադայում մեր նորագնաց հայրենակիցները ինչ անկեղծորեն են
    կատարում այդ երկրի հիմնը, երբ դեռ այդ երկրի քաղաքացի էլ չեն: Քանի որ այդ երկիրը բալորի
    համար է,՝ աշխարողի և չաշխատողի, հաշմանդամի և ակնհայտ կարողություն ունեցողների և այլնի: Երբ դպրոցներում,՝ ցածր դասարանից երեխաներին սովորեցմում են,՝ խուլ և համրերի հետ շփվելու ժեստիկուլյացիաները, անկախ նրանից, տվյալ դասարանում կան նման ֆիզիկական թերությունով երեխաներ, թե՛ ոչ: Ես, իմ մեկ տարվա տեսածս կարող եմ տարիներով պատմել: Նաև այն մասին, որ գործատուն պատրաստ է լուծել իր աշխատողի՝ նույնիսկ անձնական պրոբլեմները, հանուն կոլեկտիվի: Ընդունված է, որ աշխատանքային շաբաթվա վերջին, ողջ կոլեկտիվը հրավիրվում է ընթրիքի և շատ ջերմ թնոլորտում քննարկվում ամենատարբեր հարցեր, թեմաներ:
    Համոզված եմ, որ շատերը ավելին գիտեն, այդ իսկ պատճառով չեմ շարունակում, միայն կնշեմ, որ
    այնտեղի բնակիչները, ոչ միայն առաջին քրիստոմիաները չեն, այլև պատկանում են տարբեր
    կրոններին և ուղղություններին, բայց մնում են մարդ,՝ միմյանց հանդեպ հարգալից և հոգատար:
    Ես երախտապարտ եմ այն մարդկանց, որոնք նման թեմաներ են բարձրացնում, որը սրտի ցավով հարց է առաջացնում, իսկ դու ինչ կարող ես անել քո ազգի, քո ժողովրդի համար:
    Խոսքս իհարկե Հ1-ով, ժամը 21-ի նորություններից հետո,՝ Գևորգ Ալթունյանի ,,Տեսանկյուն,,
    հաղորդման մասին չէ, որը կարող է ջախջախել, ցանկացած բացասական երևույթ,՝ սրբությամբ
    պահելով, պաշտպանելով, գուրգուրելով, այդ երևույթների ստեղծող հանցավոր վարչախմբին:
    Նրա մոտ անկեղծ է ստացվում մեր թշնամիներին պախարակելը՝, գուցե միայն դրանով էլ զբաղվի:
    Այն,՝ այս օրերին անվտանգ է և պատվաբեր:
    Ցավալի է, որ մեր երկիրը գլորվում է դեպի հոգեբանական անդունդ, որի ականատեսը կլինենք
    փետրվարի 18-ի ընտրություններ կոչվող խայտառակությունից հետո, ևս 5 տարի: Տա աստված, որ
    ես սխալվեմ և տեղի ունենա հակառակը, բայց այսօրվա իրադրությունը տանում է կործանում: Իմ
    թեկնածուն,՝ ընդիմադիր երեք կուսակցությունների միացումն է, և միակ երկրի փրկությունը,՝ այդ
    գավառամիտ, խավարամիտ, ստրկաբարո, հետամնաց, կեղծիքի ու քծնանքի հիվանդությունից:

    • Մարգար Մախսուդյան says:

      Մեկնաբանությունը կբնութագրեմ երեք բառով. խորաթափանց, սրտացավ՝ բայց հզոր…
      Ցավոք շատերն այսօր չեն գիտակցում պահի լրջությունը:
      «Միայն կաղին ունենամ՝ ուտեմ, պառկեմ, գիրանամ…» կարգախոսը այնքան է թափանցել մարդկանց ուղեղները, որ պատրաստ են տրվել քծնախտի, բացահայտ ճամարտակություններով համեմված «սատարումների» և զանազան այլ ստորությունների, միայն թե հերթական անգամ պղծեն ընտրությունները:
      Վերաձևակերպելով Թոմաս Մորի հայտնի ասույթը. «Ոչխարները կերան մարդկանց», կարող ենք ցավով փաստել. Խոզերն արտաքսում են մարդկանց…

  3. Արթուր Ղազարեան says:

    Կը վստահեցնեմ, որ Րաֆֆու ըրածներում ոչ մէկ կեղծաւորութիւն կայ: Ասիկա դասական արեւմտեան մոդել է: Մարդ-մարդ անմիջական շփում, ձեռքսեղմում:

  4. harutyun V says:

    Հայրիկեանը անտարակոյս պատուական անձ է։ հայրենասէր է։տարակոյս չունիմ
    իմ սփիւռքահայի պարզունակ ուղեղը անմբռնելի կը գտնէ այս ճգնաժամային օրերուն
    օրերով եւ օրական քսանչորս ժամ համայն հայաստանն ու հայութիւնը զբաղեցնէ իր
    անձով։ Եթէ իրմով վերջ տրուէր մեր ազգային մտահոգութիւններուն անսահման շնորհակալ
    կ`ըլլայինք իրեն։։։։

  5. Անդրեասյան says:

    Բոլորդ այնքան ճիջդ եք ասոէմ: Բայց սա այլևս բավարար չէ

  6. harutyun V says:

    Չէք կարծեր որ Հայրիկեանի քմահաճոյ վերաբերմունքը քիչ մը մանկապարտէզի մանուկներու խաղի մակարդակի հասցուց ընտրութիւններու ընթացքը երկրի մը մէջ որ կը վայելէ տակաւին միջազգային հրապարակին վրայ քիչ մը յարգանք իր ընտիր զաւակներով զանազան մարզերու մէջ?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728