Այսուհետ Ստեփանավան քաղաքի թիվ 2 դպրոցում եւս սահմանափակ հնարավորություններով երեխաներ կսովորեն
2013 թվականի հունվարից արդեն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2 դպրոցը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից ընդգրկվել է մարզի այլ ներառական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկում:
Պաշտոնական տվյալներով` Լոռու մարզի Վանաձոր համայնքի թիվ 18, Ալավերդու թիվ 5 եւ թիվ 8, Ստեփանավանի թիվ 1, 2 եւ 6 դպրոցներում նաեւ սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներ են ուսում ստանում, ինչը, ըստ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի համոզման, եւս նպաստում է նրանց ինտեգրվել հասարակությանը:
«Ներառական դպրոցների ավելացումն առաջին հերթին ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների` հասարակության մեջ ինտեգրմանը»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը:
Կարդացեք նաև
Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ` մարզի մի շարք դպրոցներում եւս ներառական կրթության անցնելու աշխատանքներ են արվում. արդեն կատարվել է կարիքների գնահատում, տրվել են երեխաների վկայագրերը եւ այլն:
«Սակայն առայժմ սպասում ենք, դեռեւս այդ դպրոցները չեն ընդգրկվել ներառական հանրակրթական ուսումնական հաստատւթյունների ցանկում»,-եզրափակում է Նարեկ Սարգսյանը:
Մարզում ապրում է հաշմանդամություն ունեցող 727 երեխա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ