Լրահոս
Օրվա լրահոսը

Ր. Հովհաննիսյանը զգալիորեն բարելավում է իր դիրքերը, սակայն Ս. Սարգսյանի՝ առաջին փուլում հաղթելու հավանականությունը դեռ ամենամեծն է

Փետրվար 09,2013 12:10

Նախագահական ընտրություններից 9 օր առաջ TNS opinionը ներկայացնում է «Հայաստանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները եւ մտադրությունները, ինչպես նաեւ թեկնածուների ընթացիկ քարոզարշավի վերաբերյալ մարդկանց տեսակետները: TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ համատեղ. 2013-ի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 1.609 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել ՀՀ բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում: Հարցումը պատվիրել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) հասարակական կազմակերպությունը:

«Մենք այս հարցումն իրականացրել ենք քարոզարշավի միջնամասում եւ ապահովելով որակի ստուգման համապատասխան մեթոդներ՝ ստացել ենք շատ վստահելի եւ հաստատուն տվյալներ», – մեկնաբանում է TNS opinionբրյուսելյան գրասենյակի՝ մեթոդների եւ վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը: «Այժմ մենք տեսնում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին ունի առավել վստահ ընտրողներ, որոնց թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է նրան հաջորդող Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին:  Այդուամենայնիվ, հարցվածները նշում են, որ առայժմ Ր. Հովհաննիսյանի քարոզարշավն ավելի համոզիչ է թվում՝ կենտրոնանալով հիմնականում տնտեսական խնդիրներին ուղղված քարոզչության վրա: Հետաքրքրական է, որ նա այժմ ԲՀԿ-ի համակիրների ավելի մեծ աջակցություն է ստանում, քան գործող նախագահը, ինչը հստակ տարբերվում է մեր նախորդ հարցման տվյալներից»:

Արդյունքում, եթե նախագահական ընտրությունները կայանային նախորդ շաբաթ, Սերժ Սարգսյանը կհավաքեր 58,0% [-10,6% 2013-ի հունվարի մեր հարցման տվյալների համեմատ] վավեր քվե (վավեր պատասխանները չեն ներառում «Դժվարանում եմ պատասխանել» եւ «Հրաժարվում եմ պատասխանել» տարբերակները, իսկ չմշակված տվյալները ներառում են դրանք՝ կազմելով 40,2% [-3,8%]): Հարցման համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստանում է 33,0% [+12,2%] վավեր քվե (չմշակված տվյալները՝ 22,9% [+9,6%]): Պարզելու համար ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը՝ TNS opinion‑ը գնահատել է նաեւ քվեարկելու հաստատակամությունը եւ վերլուծել այն հարցվածների բնութագրերը, ովքեր չեն բացահայտել ընտրելու իրենց մտադրությունները: Համաձայն այդ վերլուծության՝ Ր. Հովհաննիսյանն այժմ գտնվում է 26%-34% միջակայքում, իսկ Ս. Սարգսյանը՝ 58%-66%, եւ առաջին փուլում գործող նախագահի հաղթանակը շատ հավանական է՝ հիմնվելով ընտրություններից երկու շաբաթ առաջ տիրող իրավիճակի վրա:

Հունվարի 31-ին (այս հարցման դաշտային աշխատանքի առաջին օրվա ավարտին) դեռեւս չպարզված հանգամանքներում ուսին հրազենային վնասվածք ստացած թեկնածու Պարույր Հայրիկյանի ընտրողները հիմա շատ ավելի վստահ են, որ իրենց որոշումը վերջնական է, նաեւ աճել է հասարակության տեղեկացվածությունը Հայրիկյանի մասին: Այնուամենայնիվ, նրա ընտրողների թիվը մնում է կայուն՝ կազմելով 4,9% [+0,1%] վավեր քվե: Հրանտ Բագրատյանն այժմ հավաքում է 1,6% պակաս ձայն, քան հունվարին՝ ստանալով 2,8% վավեր քվե: Ինչպես եւ հունվարին, հարցվածները մեծամասամբ ծանոթ չեն մյուս չորս թեկնածուներին, ովքեր միասին հավաքում են 1,5%-ից պակաս վավեր քվե:

«Թեկնածուների վարկանիշներից բացի, մեզ համար ուրախալի անակնկալ էր այս ընտրությունների նկատմամբ հարցվածների վստահությունը, ինչը կարևոր հանգամանք է Հայաստանի ժողովրդավարության եւ քաղաքական կերպարի համար: Ընտրողների ավելի քան 2/3-ը հավատում է, որ առաջիկա նախագահական ընտրությունները նախորդներից ավելի կազմակերպված կլինեն, նրանք նաեւ կարծում են, որ ԶԼՄ-ների լուսաբանումը ավելի չեզոք եւ անաչառ է, քան նախկինում: Մարդկանց թիվը, ովքեր հաստատում են ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը, գրեթե նույնն է, ինչ 2012-ի մայիսի առավել մրցակցային ընտրությունների ժամանակ», – նշում է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:

Հարցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728