Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջ ռեժիմին»-ը կոչ է ուղղել դեսպաններին

Փետրվար 09,2013 10:54

Սույն թվականի փետրվարի 8-ին մի քանի տասնյակ քաղաքացի անցկացրին «Վերջ ռեժիմին» քաղաքացիական ակցիան, որի նպատակն էր հերթական անգամ բարձրաձայնել, որ քաղաքացիների ընտրական իրավունքն անհնար է իրացնել առկա ռեժիմի պայմաններում և կոչ անել ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը դադարեցնել Հայաստանի Հանրապետության կեղծվող ընտրությունների դիտարկումը և լեգիտիմացումը: Ակցիան մեկնարկեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, որտեղ քաղաքացիները «Վերջ ռեժիմին» կոչերով ուղղվեցին դեպի ԵԱՀԿ գրասենյակ Բաղրամյան 18:

Խաղաղ քաղաքացիների երթը Բաղրամյան 18-ից դեպի Բաղրամյան 26 խոչընդոտեցին թվով մի քանի անգամ գերազանցող ոստիկանական ուժերը, ովքեր արգելապատնեշ կազմեցին և թույլ չտվեցին քաղաքացիներին իրացնել ազատ տեղաշարժվելու և խաղաղ երթ կազմակերպելու իրավունքը:

Քաղաքացիները կարողացան վերականգնել իրենց իրավունքը և իրենց դիրքորոշումն արտահայտել նաև նախագահական նստավայրի դիմաց:

Օտարերկրյա դիտորդների աշխատանքը կասեցնելու կոչն` ուղղված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հունաստանի, Լեհաստանի, Ռումինիայի դեսպաններին, ստորագրեցին տասնյակ քաղաքացիներ և տարան համապատասխան հասցեներով:

Ստորև ներկայացնում ենք նամակի  բովանդակությանը.

«Հարգելի դեսպան …., Մեր երկրում ստեղծված ճգնաժամից ելքեր գտնելու ճանապարհը մեր հանրության ուսերին է ծանրացած: Ուստի մենք՝ ՀՀ քաղաքացիներս անմիջական մեր պարտքն ենք համարում գործել ի շահ մեր պետության եւ ժողովրդի:

Այսօր ստեղծվել է մի վիճակ, որ մեր հանրությունն ուզում է ազատվել պետության հետ սերտաճած, քաղաքացիների ընտրական իրավունքը ճնշող կուսակցության՝ ՀՀԿ-ի դիկտատից: Այս պայմաններում միջազգային դիտորդական առաքելություններն ակամայից դարձել են նման կուսակցության աջակիցը: Սա մեզ ստիպում է դիմել Ձեզ՝ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար միջազգային դիտորդական առաքելությունների փաստացի անտեղի ներկայությունը Հայաստանում: Ուստի պահանջում ենք հաղորդել Ձեր երկրի կառավարությանը, որ նրանց կողմից պատվիրակված դիտորդները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը, քանի որ Հայաստանի իշխանությունները իրականում չկատարելով իրենց վրա վերցված ազատ ու մրցակցային ընտրություններ ապահովելու միջազգային պարտավորությունները, Ձեր ներկայության փաստը եւ դիտարկումները օգտագործում են որպեսզի ապացուցեն, որ իրենք կատարում են վերոնշյալ միջազգային պարտավորությունները: Ձեր դիտորդների հեռանալը կբերի նրան, որ իշխող կուսակցությունն այլեւս չի կարողանա հանրությանը ճնշելու գործում վկայաբերել արտաքին հովանավորության կեղծ փաստը, ինչպես նաեւ կնպաստի Ձեր երկրի հասարակության ճիշտ կողմնորոշմանը: Անկախ Ձեր կառավարության կայացվելիք որոշումից մենք լի ենք վճռականությամբ հասնել Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը եւ սահմանադրական կարգի հաստատմանը:»

«Վերջ ռեժիմին»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728