ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի ցանկանում խոսել իրեն մահափորձի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված երկու կասկածյալի մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ նրանց ձերբակալման մասին լուրն իմացել է գիշերը եւ ուրախացել, «որովհետեւ շատ մարդիկ ասում էին, թե ես եմ իմ վրա կրակել, կամ ներկայացում եմ կազմակերպել»:
Ձերբակալված անձանց անունները նրանց ծանոթ չեն. «Կյանքում որ տեսնեմ, կարող է ճանաչեմ, իսկ հիմա չեմ էլ ուզում այդ ուղղությամբ խորանամ: Կեսարինը` Կեսարին, Աստծունը` Աստծուն»,- ասաց նախագահի թեկնածուն: Նա նույնիսկ չցանկացավ նշել, թե երկու կալանավորներից որ մեկն է իր վրա կրակել:
«Ինձ պետք չէ իրեն ճանաչել, կարող է իրեն ճանաչել ուզենամ միայն այն բանի համար, որ ասեմ` ես քեզ ներում եմ տղա ջան, կարող ես այնպես արա, որ Աստված էլ ների քեզ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա մնում է իր նախկին տեսակետին եւ իր դեմ մահափորձի կազմակերպման մեջ փնտրում «ռուսական իմպերիալիզմի հետքեր»: Հայրիկյանը շեշտեց, թե 20 տարուց ավելի ինքն ականատես է, թե ինչպես է ԿԳԲ-ն փորձում իրեն, ընկերներին վերացնել, սպանել, նեղը գցել, եւ չի կարող մոռանալ այդ ամենը եւ վերջին միջադեպը հենց նրանց հետ չկապել:
Կարդացեք նաև
«Բացառված չէ կյանքում ոչինչ, բացառված չէ, որ իրական հանցագործներն այլոց ասպարեզ բերեն, որպեսզի թաքցնեն իրենց իսկական էությունը: Ես ընթացքում եզրակացություն կանեմ»,- ասաց նա: Պարույր Հայրիկյանը նշեց, որ իր համար կարեւոր է, որպեսզի քննության բոլոր հատվածները, որոնք հնարավոր է իրականացնել հրապարակայնորեն, այդպես էլ արվի, քանի որ այդ դեպքում դժվար կլինի կեղծել: Ի դեպ, եթե վաղը Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը լավ լինի, ձեռքի ցավը չանհանգստացնի եւ տեսնեն, որ կարող է ոչ ստացիոնար պայմաններում շարունակել բուժումը, ապա հնարավոր է գնա տուն:
Եթե Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը չփոխվի, ապա փետրվարի 10-ին նա դիմում կներակայացնի ՍԴ` ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու պահանջով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: Ա. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: