Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ամեն տարի Վարդանանց հրապարակում ` հենց Վարդանանց արձանախմբի տակ մեծ շուքով, բեմադրություններով, առանձնակի ճոխությամբ ու ոգևորությամբ նշում էր սուրբ Վարդանանց տոնը: Նախկին քաղաքապետը, որպես պատմաբան, ամեն անգամ բոցաշունչ ելույթ էր ունենում` մասնակիցներին անձամբ բացատրելով եկեղեցական այս տոնի նշանակությունը: Ու ամեն անգամ տոնակատարությունից հետո գյումրեցիները կատակում էին, թե Վարդանը իր տոնն է նշում, այդ տոնի մեջ իրեն է տեսնում:
Այս տարի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը չհիշեց անգամ, որ եկեղեցական նման տոն կա, մինչդեռ Գյումրիում այն տոնելը իսկապես ավանդույթ էր դարձել: Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չնշեցին այս տոնը Վարդանանց հրապարկում, մի՞թե Սամվել Բալասանյանն էլ շատ ու շատ գյումրեցիների պես այն կարծիքին է, որ Վարդան Ղուկասյանը հենց իր տոնն է նշել, և այդ պատճառով հարկ չհամարեց ավանդույթը շարունակել: «Սուրբ Վարդանանց տոնը զուտ եկեղեցական տոն է: Մեզանից շատ շատերը մասնակցել են պատարագների, որը արդեն իսկ ենթադրում է տոնել, յուրաքանչյուրս էլ գիտենք Ավարայրի ճակատամարտի նշանակությունը մեր պատմության մեջ, և այստեղ այլ ենթատեքս լինել չի կարող»,- պատասխանեց Զոհրապ Եգանյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շատ ամոթ կլիներ Վարդանանց հիշատակի առջև, եթե այդ տոնը նշեր Բալասանյանը: Դա կնշանակեր պղծել մեր արժանավոր, իսկական հայերի ու հանուն քրիստոնեության իրենց կյանքը դրած Վարդանի ու նրա հերոս ընկերների հիշատակը:Վարդանանք ուր, էդ քանդակած ճակատով չակերտավոր հայը ուր: