Կոտայքի մարզում վախի մթնոլորտ է
Այսօր Հրազդանում մի դպրոցական երեխա «Ապահով Հայաստանի» շարֆը վզին դպրոցից գնում էր տուն: Նա ասաց, որ տատիկը Հանրապետական է, եւ իրենք ամբողջ ընտանիքով ընտրելու են Սերժ Սարգսյանին:
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, որն իր «բարեւարշավն» էր անում Հրազդանի փողոցներում, մոտեցավ երեխային ու ասաց՝ «Ես էլ կուզեմ, որ Հայաստանն ապահով լինի, բայց ոչ թե ուրիշների համար, այլ հենց քո համար»: Սա ասելուն պես՝ նախագահի թեկնածուն արագ մի ձնագնդիկ պատրաստեց ու հարվածեց երեխային: Երեխան ժպտաց, բայց պատասխան ձնագնդիկով պարոն Հովհաննիսյանին չհարվածեց՝ շարունակ կրկնելով, թե «ընտրելու ենք Սեռռռռժ Սարգսյանին»:
Նախագահի թեկնածուն քայլում էր փողոցներում բարեւում, աշխատող, փողոցը մաքրող մարդկանց մաղթում «չարչարանքիդ ապաշխարանք», մյուսներին՝ հաջող եւ բարի ընտրություն: Վարորդները, հեռվից հեռու տեսնելով նրան՝ ազդանշանով բարեւում էին:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ Հրազդանում շատ կաշկանդված մթնոլորտ էր: Րաֆֆի Հովհաննիսյանը մտնում էր սովորական մթերային խանութ, խանութպանը մտնում էր դռան հետեւն ու թաքնվում, որ չբարեւի ու իր համար ավելորդ խնդիրներ չստեղծի:
«Ինչ-որ մեկը վերջնախաղի մասին խոսեց վերջերս: Մեր ժողովրդի վերջնախաղը մեր ձեռքերում է: Հաջողություն եմ մաղթում: Բարի ընտրություն, ազատ ընտրեք ում ուզում եք, բայց ընտրեք»,- Նոր Երզնկայի ակումբում հավաքված պապիկներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա մտավ նաեւ Եղվարդի քաղաքապետարան, որտեղ աշխատակիցներին եւ քաղաքապետին հորդորեց. «ժողովրդին ազա՛տ թողեք մի քիչ: Այս անգամ գոնե ազատ թողեք»:
Եղվարդի պապիկների հավաքատեղիում՝ մի փոքրիկ ակումբում պապիկներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելուն պես՝ ասաց. «Եթե մի լավ բան անեք, էլի դուք եք անելու»: Մեր հարցին, թե որքա՞ն քվե ունի նա ձեր քաղաքում, պապը պատասխանեց. «Համարյա 70 տոկոսը դուրս կգա Րաֆֆի Հովհաննիսյանին: Ժողովրդի մասին իսկական մտածողը Րաֆֆի Հովհաննիսյանն է՝ մաքուր հայ: Սասունցի հայ»: Երբ խնդրեցինք ներկայանալ՝ պապիկը վատ զգաց՝ «Անուն-ազգանունս ինչի՞ համար եք ուզում, աղջիկ ջան, կարո՞ղ է տաս կալանքի: Մի անգամ ես հազիվ եմ պրծել: Առաջվա ընտրություներին՝ Քոչարյանի ժամանակ միամիտ խոսացի, եկան ասին՝ ինչի՞ ես խոսացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այսպես է տոտալիտարիզմ կոչվաղը և մենք երազում ենք